Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնիկումի դիպլոմը աշխատանքով չի ապահովում

Փետրվար 18,2006 00:00

Տեխնիկումի դիպլոմը աշխատանքով չի ապահովում Մատուցող կամ խանութի վաճառող աշխատելու համար կարող ես ունենալ բարձրագույն կրթություն կամ չունենալ որեւէ կրթություն: Նախկինում կրթական համակարգում գործում էր մասնագետին աշխատանքով ապահովելու պետական ծրագիր: Այժմ միջնակարգ մասնագիտական կրթություն ստացածների կարիքը շուկայում չի զգացվում, սակայն ծնողները երեխաներին զուտ դիպլոմով ապահովելու համար ուղարկում են ուսումնարաններ՝ սովորելու: Աննա Դանիելյանը մատուցող է եւ աշխատում է մայրաքաղաքի սրճարաններից մեկում: «Ես գերազանց ավարտել եմ սննդի արդյունաբերության տեխնիկումը, սակայն այսօր դրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Նույնիսկ արհամարհանքով վերաբերվեցին աշխատանքի տեղավորման գործակալությունում: Ավելի լավ է՝ ընդհանրապես չասել, որ տեխնիկում ես ավարտել: Այնտեղ ամենահետին մասնավոր բուհի դիպլոմն ավելի հարգի է: Անուն ունեցող որեւէ օբյեկտում աշխատելու համար բարձրագույնի դիպլոմ են ուզում, մեր կրթությունը ոչ մի բանի պետք չի գալիս»,- պատմեց Ա. Դանիելյանը: Երեւանի կենտրոնում նորաբաց սուպերմարքեթը, մեր տեղեկություններով, աշխատանքի է ընդունել արեւելագետների, իրավաբանների ու բժիշկների: Սուպերմարքեթի բաժնետերերից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, «Առավոտի» հետ զրույցում մեր տեղեկությունները չհերքեց. «Ռադիոյով հայտարարություն էինք տվել, հնարավոր է, որ ընդունվել են նաեւ ձեր ասած մարդիկ: Սակայն թե տղամարդկանց, թե կանանց դեպքում մենք հաշվի ենք առել նախեւառաջ արտաքինը, մոտեցումը, տարիքը՝ մինչեւ 25 եւ նման չափանիշներ»: Իսկ այն հարցին, թե բարձրագույն կրթությունը իրենց համար նշանակություն ունի՞, բաժնետերը պատասխանեց. «Ես 12 տարի սովորել եմ, սակայն ոչ մի գիտելիք չունեմ: Տասը տարի է՝ զբաղվում եմ սպեկուլյացիայով, որը հիմա բիզնես են կոչում: Այնպես որ, կապ չունի, կարեւորը՝ որ գող չլինի: Մեր ազգի 70%-ը տառապում է դրանով»: Ամեն դեպքում, բարձրագույն կրթությունը, ըստ մասնագետների, չի կարող փոխարինել մասնագիտական կրթությանը: Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի մեկնաբանությամբ՝ երբ հետխորհրդային տարիներին դպրոցից հետո ամբողջ համակարգը խառնվեց, բարձրագույն կրթությամբ մարդիկ հայտնվեցին անգործության մեջ եւ կարծես ի վիճակի էին անելու այն գործերը, ինչը հատուկ է միջին մասնագիտական կրթություն ունեցողներին: Սակայն, ըստ նրա, այսօր պատկերը կարծես փոխվում է. «Մասնավոր սեկտորը մասնագետների ընտրության առումով ավելի բծախնդիր է դառնում: Գնալով քչանում է ծանոթ-բարեկամ հարաբերությունը: Խնդիրն այն է, որ մեր ծնողները, դիպլոմի խնդիր դնելով, անտեսում են, թե հետո ինչ պիտի անի երեխան: Նայեք մեր շուրջը. շինարարության բնագավառը թե՛ անհատական, թե՛ պետական ոլորտում ովքե՞ր են վերակառուցում, դրանք հիմնականում անգործներն են, մեկը դարձել է պատշար, մեկը՝ ծեփագործ, որակն էլ՝ մենք շատ լավ տեսնում ենք»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել