Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԸ

Մարտ 03,2006 00:00

ՂԱՐԱԲԱՂԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿՈՂՄ Է Բայց նա այդ մասին չգիտի Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ էր համարել հրավիրել Հայաստանի եւ Ղարաբաղի հանրային հեռուստատեսությունների, նաեւ հ2-ի մեկական ներկայացուցիչների, ինչպես ինքն ասաց՝ հասարակության շրջանում քննարկման առարկա դարձած հարցերի շուրջ իր տեսակետները հայտնելու համար: Հարցուպատասխանը վերաբերում էր ԼՂ հակամարտության կարգավորմանը, նաեւ Բաքու կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած՝ Ռոբերտ Քոչարյանին Մոսկվա խորհրդատվությունների հրավիրելու մասին արած հայտարարությանը: Պատասխանելով ԼՂ բանակցությունների ներկա ձեւաչափին ու դրանում ԼՂ-ին ներգրավելու մասին հարցին՝ Ռ. Քոչարյանն ընդունեց, որ գործող ձեւաչափը չի համապատասխանում հակամարտության իրական ձեւաչափին՝ Ղարաբաղ-Ադրբեջան՝ Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ, բայցեւ հավելեց. «Կարծում եմ, որոշակի թյուրըմբռնում կա այս հարցի վերաբերյալ: Ղարաբաղն իրականում մասնակցում է բանակցային գործընթացին, բայց դա ասիմետրիկ բնույթ է կրում եւ լիարժեք չէ: Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները երբ գալիս են տարածաշրջան, պարտադիր հանդիպում են ԼՂ իշխանությունների հետ, ԵԱՀԿ գործող նախագահը պարտադիր հանդիպում է: Չի եղել որեւէ հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, մինչեւ որը եւ որից հետո ես խորհրդակցություններ չունենամ Ղարաբաղի նախագահի հետ: Նույնը արվում է ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակ: Ղարաբաղն, անկասկած, ներգրավված է այս պրոցեսում, բայց չի մասնակցում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ձեւաչափին»: Ռ. Քոչարյանի մատուցմամբ, այն ձեւաչափը, որով հիմա բանակցություններ են վարվում, ունի ոչ միայն բացասական, այլեւ դրական կողմեր: Ըստ նրա, բացասական գործոնը միայն այն է, որ «Ադրբեջանը փորձում է օգտագործել այս ձեւաչափը՝ Հայաստանին մեղադրելով ագրեսիայի, տարածքների զավթման մեջ»: Բայց Ռ. Քոչարյանի ասելով, այդ փաստարկները ոչ մեկին չեն հետաքրքրում, որովհետեւ բոլորը գիտեն հակամարտության էությունը եւ հասկանում են, որ Ադրբեջանը մերժում է բանակցել Ղարաբաղի հետ ավելի շատ պարտված կողմ լինելու հոգեբանական բարդույթի պատճառով, ուստի՝ «այդ բացասական երանգը որոշակի չափով չեզոքացված է»: Փոխարենը, նրա համոզմամբ, այս ձեւաչափի պայմաններում «Հայաստանը շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը: Բանակցությունների ժամանակ կողմերի կարգավիճակը չափազանց կարեւոր է»: Ռ. Քոչարյանի ասելով, մի բան է բանակցել չճանաչված պետության, այլ բան՝ ճանաչված ու միջազգային կառույցներում ներկայացված պետության հետ, ինչպիսին Հայաստանն է: «Երկրորդ, ես՝ որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում իմ բոլոր այցերի, հանդիպումների ժամանակ ներկայացնել Ղարաբաղի հարցը, որպես այն սուբյեկտը, որն անմիջական պատասխանատվություն է կրում այս բանակցությունների համար»,- ասաց Ռ. Քոչարյանը՝ որպես դրա ապացույց բերելով իր եւ ՀՀ ԱԳ նախարարի շփումները բարձր մակարդակներում եւ հանդիպումների հաճախականությունը: Մատնանշված երրորդ առավելությունն այն է, որ երբ Հայաստանն է բանակցում, ՀՀ-ն իր ներուժը ամբողջովին՝ եւ դիվանագիտական, եւ տնտեսական, եւ պաշտպանական, ներդնում է այս հարցի կարգավորմանը: «Սա լո՞ւրջ արգումենտ է, թե՞ ոչ»,- հռետորական հարցադրում արեց ՀՀ նախագահը, ու ինքն էլ պատասխանեց՝ «Իհարկե, սա շատ լուրջ հանգամանք է»: Նա, իհարկե, դեմ չէ, որ Ղարաբաղն ավելի ակտիվորեն ներգրավված լինի բանակցություններում, բայց ոչ Հայաստանի հաշվին: Անդրադառնալով ՌԴ նախագահի հրավերին՝ ՀՀ նախագահն ասաց, թե Պուտինը Բաքվից վերադառնալուց անմիջապես հետո զանգել է իրեն: «Ես մեր խոսակցության ժամանակ չեմ զգացել որեւէ ճնշում, պարտադրանք կամ կայսերապետական որեւէ երանգ: Եղել է մտքերի շատ ընկերական փոխանակում»,- հայ հանրությանը հանգստացրեց Ռ. Քոչարյանը՝ ընդգծելով, թե՝ իր ու Պուտինի հարաբերությունները բացառում են նման կարգի դրսեւորումներ: ՀՀ նախագահի մատուցմամբ, Պուտինը Բաքվում Ալիեւի հետ ԼՂ վերաբերյալ զրույցից տպավորություն է ստացել, որ կարելի է հաղթահարել այն արգելքը, որը Ռամբույեում բերեց անհաջողության, ու այդ տպավորությունների տակ նա մամլո ասուլիսում նման հայտարարություն է արել, ինչը Ռ. Քոչարյանը համարեց «բարի մտադրություն» ու հավելեց. «Կարծում եմ, Ռուսաստանի նախագահը չի էլ մտածել, որ կարող է իր այդ հայտարարությունը Հայաստանում այսպիսի արձագանք ունենալ: Ես դրանում համոզված եմ»: Ռ. Քոչարյանն ասաց նաեւ, թե այդ հանդիպման ժամկետների մասին որեւէ կոնկրետ պայմանավորվածություն դեռեւս չկա: Անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ ԼՂ լուծման հարցը ձգձգելու եւ ժամանակն Ադրբեջանի օգտին աշխատելու հարցին եւ հայկական կողմի որդեգրելիք քաղաքականությանը՝ ՀՀ նախագահն ասաց, թե նույն բանն ինքը կարող է ասել, հիմնավորել, բայց դրանից հարցը չի լուծվում: «Նավթ ունենալը դեռ չի նշանակում արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ ունենալ: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ աշխարհի ամենազարգացած երկրները հեչ նավթ ունեցող երկրները չեն»,- ասաց Ռ. Քոչարյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել