Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՆԻՍ-ԽԱՉԵՆՈՒՄ «ԲՈԼ-ԲՈԼ» ԿԱՐՈՏ ԿԱ

Ապրիլ 27,2006 00:00

Նաեւ՝
այդքան խնդիրներ Եթե չլինեն հայ գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանին նվիրված
աղայանական օրերը, հավանաբար հայաստանաբնակներս կմոռանանք գրողի ծննդավայրի՝ Վրաստանում
գտնվող հայկական Բոլնիս-Խաչեն գյուղի մասին: Տրանսպորտային եւ հաղորդակցության հնարավորությունից
գրեթե զրկված խաչենցիները հայրենիքի կարոտն առնում են «Բոլնիս-Խաչեն» հայրենակցական
միության ջանքերով գյուղ այցելող հայրենակիցներից: Կազմակերպության նախագահ Արմեն
Մանուչարյանի նախաձեռնությամբ մոտ 50 հոգանոց պատվիրակությունը ապրիլի 21-ին Երեւանից
կրկին ուղեւորվեց հայկական հեռավոր բնակավայր՝ նշելու գրողի ծննդյան 166 եւ մահվան
85-ամյակները: Գյուղ էին եկել նաեւ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամները:
Դա մեծ իրադարձություն էր խաչենցիների համար, ու չնայած տեղացող անձրեւին, նրանք
հավաքվել էին Ղ. Աղայանի տուն-թանգարանի բակում՝ տեսնելու ու լսելու հայ ազգի մտավորականներին:
Հայաստանից Բոլնիս-Խաչեն տանող ճանապարհն անցնում է ադրբեջանցիներով բնակեցված
Զեմո-Բոլնիս գյուղի միջով, որտեղ չնկատեցինք ոչ մի աղոթատեղի, բայց փոխարենը բարգավաճ
տներից ու նորատունկ այգիներից դժվար չէր նկատել, որ գյուղը ծաղկում է: Լավատեղյակներն
ասացին, որ շաբաթվա բոլոր օրերին բնակիչները Բաքու գնալու հնարավորություն ունեն:
Իսկ երբ հասանք Բոլնիս-Խաչեն, դժվար էր թաքցնել դատարկ, կիսադատարկ ու փլվող տների
ճնշող տպավորությունը: Շատերը փայտերով փակել էին պատուհանները ու կարծես մեկնել
ճակատ: Մի մասն էլ պարզապես դուռն ու լուսամուտը բաց էր թողել ու գնացել: Եվ քանի
որ գյուղում հայրական տունը վաճառելու ավանդույթ չկա, լքված տները մեռնում էին կանգնած:
Թերեւս այդ տպավորություններից հետո հասկանալի էր 70-ամյա Մարտինա տատիկի հուզմունքը,
որով դիմավորեց Երեւանից ժամանած իր հարազատներին ու հյուրերին եւ առանց տրտնջալու
հյուրընկալեց երեք օր: Թեեւ շրջակայքում հայկական եկեղեցիներ կան, տեղացիները
շատ հազվադեպ են այցելում հայկական աղոթատեղի: Փոխարենը՝ մասնակցում են վրացական
տոմարով անցկացվող սուրբ Զատկին եւ այցելում Խաչենում գործող վրացական Սիոնի եկեղեցին:
Տրանսպորտային կապ (ոչ մասնավոր) Երեւանի հետ գրեթե չկա, հայկական հեռուստաալիքները
դիտելու հնարավորություն՝ նույնպես: Եվ այդ ամենին գումարվում է անորոշությունը,
հավանաբար նպաստելով հայաթափմանը: Բոլնիս-Խաչենի գյուղապետ Մարինա Անանյանի փոխանցմամբ,
1990 թ. գյուղն ունեցել է 2485 բնակիչ, 2004-ին՝ 1690: Նախկինում հարեւան գյուղի
ադրբեջանցիները հայերի մոտ նախրապան են աշխատել, այժմ հայերն են նրանց մոտ նույն
գործը կատարում: Եթե ադրբեջանական գյուղում տարվա ընթացքում 15 հարսանիք է լինում,
ապա Խաչենում լինում է մեկը: Չնայած մտահոգիչ հանգամանքներին, գյուղապետը հուսադրում
է, որ գյուղից արտահոսքը կանխվում է: Վերանորոգվել են գյուղի դպրոցը, ակումբը, մարզադաշտը,
Ղ. Աղայանի տուն-թանգարանը, գյուղապետարանը, իսկ ծնելիությունը մի փոքր աճել է: Խաչենցիները
նաեւ հավաստում են, որ Մ. Անանյանը կարողանում է կնոջ դիվանագիտությամբ լուծել հարեւան
գյուղերի հետ առաջացող խնդիրները: Նա տիրապետում է անդրկովկասյան 4 լեզվի: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել