Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՐԵԱՅՈՒՄ ԳԻՏԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՈՒ
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ ՄԱՍԻՆ»

Հուլիս 04,2006 00:00

Ասում
է ՀՀ-ում եւ ՌԴ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիմ Ջե Սոբը
Նախորդ շաբաթ երկօրյա այցով Հայաստանում էր Կորեայի Հանրապետության արտակարգ
եւ լիազոր դեսպան Կիմ Ջե Սոբը (նստավայրը՝ Մոսկվա): «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում
նա ասաց, որ եկել է Հայաստան՝ «իշխանությանը տեխնիկական աջակցություն ցույց տալու
նպատակով»: Կարճ ժամանակահատվածում բուռն զարգացում ապրած Կորեան այսօր որոշել է
ձեռք մեկնել Հայաստանին՝ էլեկտրոնային կառավարման համակարգի գաղափարը ներդնելու եւ
կատարելագործելու համար: Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է նաեւ Վալերի Բրյուսովի
անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին եւ հայտնել, որ շուտով
Կորեայի կառավարությունը Հայաստան կգործուղի կորեերենի մեկ մասնագետ՝ համալսարանի
կորեերենի ամբիոնում դասավանդելու համար: Սա դեսպանի 3-րդ այցն էր մեր երկիր: Կիմ
Ջե Սոբի կարծիքով, «Հայաստանը եւ Կորեան մեծ պոտենցիալ ունեն հատկապես առեւտրի եւ
ներդրումների ոլորտում հարաբերությունները զարգացնելու առումով, սակայն դրա համար
անհրաժեշտ է փորձի փոխանակում ինչպես պետական մակարդակով, այնպես էլ մասնավոր հատվածում»:
Ի՞նչ տարբերություններ եւ նմանություններ կան Հայաստանի եւ Կորեայի միջեւ:
Դեսպանը դժվարացավ նշել տարբերությունները, բայց ասաց, որ ընդհանրությունները շատ
են. «Եվ Հայաստանը, եւ Կորեան ունեն հարուստ պատմություն եւ մշակույթ: Փոխարենը,
տարածաշրջանի հարեւան երկրների հետ համեմատած, աղքատ են օգտակար հանածոներով եւ երկու
երկրների համար էլ ամենակարեւորը մարդկային ռեսուրսն է: Շատ խելացի են հայերը, մեծ
պոտենցիալ ունեն, մնում է, որ այն ավելի արդյունավետ օգտագործվի: Կորեացիները որոշ
չափով ծանոթ են նաեւ Հայաստանի պատմությանը. գիտեն ներկայումս Թուրքիայի տարածքում
գտնվող Արարատ լեռան, համաշխարհային ջրհեղեղի ու Նոյյան տապանի մասին, նաեւ գիտեն,
որ քրիստոնյաները Արարատ լեռան փեշերից են սփռվել ողջ աշխարհով մեկ»: Վերջին այցի
ընթացքում դեսպան Կիմ Ջե Սոբը շրջել էր Հայաստանի տեսարժան վայրերում եւ զարմացել,
երբ պատմել էին Տիգրան Մեծի իշխանապետության օրոք ծովից ծով Հայաստանի մասին: Նրա
աչքից չեն վրիպել գյուղական վայրերի թշվառ վիճակը, ջրի պակասից ամայացած գյուղատնտեսական
հողերը: Մեր հարցին՝ Կորեայում այդպես չէ՞, պարոն դեսպանը պատասխանեց. «Կորեայի տարածքի
70%-ը լեռներ են, ինչի պատճառով գյուղատնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ»:
Այսօր Հայաստանում գործում է կորեական «Տոլ կի դո» մարտարվեստի դպրոցը, իսկ
անցյալ տարի «Մոսկվա» կինոթատրոնում անցկացված Կորեայի մշակույթի օրերի շրջանակներում
հայ հասարակությանը ներկայացվեց բարեկամ երկրի կինոարվեստն ու կորեական ազգային,
կրոնական ավանդույթների, արվեստի, խոհանոցի եւ տեսարժան վայրերի մասին ընդհանուր
պատկերացում ձեւավորող ցուցահանդեսը: Կորեան իսկապես հետաքրքիր երկիր է զբոսաշրջիկների
համար: Կորեական այբուբենը՝ խանգիլը, ստեղծվել է 15-րդ դարում եւ կազմված է 10 ձայնավորից
եւ 14 բաղաձայնից: Ասում են այն հեշտ է սովորել եւ գրեթե ամբողջ Կորեան նույն հասկանալի
կորեերենով է հաղորդակցվում: Կորեայի բազմաթիվ տեսարժան վայրեր՝ «Սոկկուրամ» քարանձավային
տաճարը, Գրատախտակե գրերի պահոցները, Պուլգուկսի մենաստանը եւ շատ այլ պատմական հուշարձաններ
այսօր գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո: Կորեայում կան նաեւ հետաքրքիր բնական
երեւույթներ, օրինակ, Չինդո կղզու մոտ ծովը տարին երկու անգամ նահանջում է մեկ ժամով,
հնարավորություն տալով հետաքրքրասերներին ցամաքային ճանապարհով հասնել կղզի: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել