Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԷՐ»

Օգոստոս 02,2006 00:00

Ասում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը

– Մարդու իրավունքների պաշտպանը արդեն մոտ չորս ամիս պաշտոնավարում է, նույնիսկ հասցրել է մի քանի կարեւոր հարցերով դիմել Սահմանադրական դատարան: Դուք, անշուշտ, հետեւում եք գրասենյակի աշխատանքին. ձեր կարծիքով, պահպանվա՞ծ է աշխատանքների շարունակականությունը, թե՞ ամեն ինչ սկսվել է սպիտակ թղթից:

– Աշխատանքները սպիտակ թղթից չեն սկսվել: Ինչքան ես գիտեմ՝ իրավաբանական կազմը գրեթե նույնությամբ մնացել է, թեկուզ կան փոփոխություններ եւ բավականին երեւացող, օրինակ՝ փոխվել է խմբի ղեկավարը: Ես գիտեմ եւս մեկ փոփոխության մասին, որը խոսում է իմ եւ այսօրվա օմբուդսմենի մոտեցումների տարբերության մասին. դա արագ արձագանքման խմբի վերացումն է: Հաջորդ տարբերությունն այն է, որ լրագրողներն այժմ գրեթե չեն հետաքրքրվում մարդու իրավունքների գրասենյակով: Դա ինքնին եւս ինչ-որ բանի մասին է խոսում, որը հետագայում ավելի պարզ կդառնա: Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն՝ ես գտնում եմ, որ խիստ պասիվ են ընթանում այդ գործընթացները, կարծես ՍԴ-ի որոշումը ձեւի համար է եղել, իսկ մարդկանց տեղահանության գործընթացները շարունակվում են ոչ միայն նույն թափով, այլ կարծես թե մի բան էլ ավելի ուժգնությամբ, քանի որ եթե մի ժամանակ բնակիչները հույս ունեին, թե հարցը կլուծվի, հիմա հուսախաբ եղան, քանի որ մարդկանց տեղահանության գործընթացը շարունակվում է: Այդ առումով կարելի է ասել, որ ապրիլ ամսից այս կողմ ընթանում են հակասահմանադրական գործընթացներ, որոնք վերաբերում են շատ կարեւոր հարցի, այն է՝ բնակարանային հարցին: Միջազգային իրավունքում սահմանված են բավականին կոշտ պահանջներ այս հարցի վերաբերյալ, եւ եթե հանկարծ պետական շահը պահանջում է ինչ-որ տեղահանություններ իրականացնել, ապա դա ՄԱԿ-ի կողմից հանդիպում է հզոր ընդդիմության, քանի որ մարդու իրավունքների տեսանկյունից նման բաները ընդունելի չեն: Թերեւս միայն մեկ դեպքում, երբ այդ տեղահանությունները համաձայնեցված են բնակչի հետ, առաջարկվում են համապատասխան պայմաններ՝ բնակարանով ապահովել եւ այլն: Ընդ որում, նոր բնակարանը երբեք ավելի վատը չպետք է լինի, քան այն, ինչ ուներ բնակիչը:

– Դուք խոսում եք միջազգային ընդունված չափանիշների, դրանց համապատասխան մարդկանց բնակարաններից տեղահանելու մասին, մինչդեռ բառացիորեն երկու ամիս առաջ ԱԺ-ն ընդունեց օրենք «հասարակական գերակա շահի» մասին, ըստ որի՝ դարձյալ կարծես անտեսվեց բնակչի շահը:

– Դա ոչ միայն տարօրինակ է, այլեւ հակասահմանադրական գործընթաց է, որովհետեւ կարելի է տարբեր ձեւերով քողարկել այս կամ այն անօրինականությունը, բայց Սահմանադրական դատարանի որոշումը պարզապես անհասկանալի էր: Այն, ինչ հիմա կատարվում է, այդ թվում նաեւ ձեր նշած օրենքը, հակասահմանադրական գործընթացներ են:

– Սակայն տարօրինակ վիճակ է. ՍԴ-ն համարում է, որ ինքը համապատասխան որոշում է կայացրել հենց մարդու իրավունքներից ելնելով, Մարդու իրավունքների պաշտպանը տպավորություն է ստեղծում, թե զբաղված է մարդու բնակարանային իրավունքի շահերի պահպանման հարցերով, մինչդեռ նույն այդ մարդիկ բացարձակապես ոչ մի օգուտ չստացան, նրանց հուզող հարցը չլուծվեց, եւ արդյունքում մնաց նույն կոտրած տաշտակը: Այդ դեպքում ելքերը որտե՞ղ են:

– Ես գտնում եմ, որ պետությունը այդպիսով ուղղակի բացահայտում է պետական խնդիրները լուծելու իր ապաշնորհությունը: Պետական մեքենան չի կատարում իր միակ խնդիրը, այն է՝ շատ պարզ իրավիճակում լուծել մարդու իրավունքները հարգող խնդիրները, այս դեպքում՝ բնակարանային խնդիրը: Դա վատ վարչարարություն է, ոչ արդյունավետ կառավարում եւ, ի վերջո, մարդու իրավունքների քաղաքական ոտնահարում:

– Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ նման իրավիճակը չի առաջացնում սոցիալական, հասարակական «բում», ի՞նչն է պատճառը, որ, ասենք, երբ ցույց են անում Կենտրոնի մի խումբ բնակիչներ, հասարակության լայն շերտերը նրանց չեն միանում:

– Այդ գործընթացները, որ մեր մեջ զարգանում են արդեն տարիներ շարունակ, հասարակությանը բերել են այն համոզման, որ օրենքով եւ օրինական ճանապարհով այս երկրում չի կարելի հասնել սեփական խնդրի լուծմանը: Եվ ստացվել է այնպես, որ հասարակությունը կարծես ավելի ատոմիզացված է, եւ յուրաքանչյուրն ուզում է իր խնդիրն առանձին լուծել: Այս ամենը թուլացնում է հասարակությանը, եւ քաղաքացիական հասարակությունն ավելի ու ավելի նահանջ է ապրում: Սա շատ ցավագին է անդրադառնալու Հայաստանի զարգացման թե ուղիների, թե տեմպերի վրա:

– Սակայն նման իրավիճակը իշխանության ներկայացուցիչներն այլ կերպ են բացատրում, ասում են՝ հիմա տնտեսական աճ կա, մարդիկ լավ են ապրում եւ այդ պատճառով էլ չեն ընդվզում:

– Այդպես մտածողները պետք է գնան շրջաններ, որտեղ մարդիկ ուղղակի հուսահատ են, եւ այդ ժամանակ կարելի է խոսել, թե ինչ է տալիս այդ տնտեսական աճը: Եվ սա միայն իմ կարծիքը չէ, ՄԱԿ-ի շրջանակներում վերջերս նման քննարկում եղավ եւ նույնը հնչեց միջազգային փորձագետի կողմից: Եվ եթե այսօր մենք չունենք հասարակական լարում, դա խիստ խաբուսիկ է, այդ ամենը ընթանում է շատ ընդհատակյա, եւ իմ ցանկությունը միակն է, որ համակարգը հստակեցվի, քանի որ իրավունք չունի բավականին բարեկեցիկ եւ բարգավաճ (կներեք այդ բառի համար) մարդկանց մի խումբ գնահատի իրավիճակն այնպես, ինչպես իրեն է ձեռնտու:

– Եթե դուք լինեիք Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ այսօր, ապրիլից այս կողմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից քննարկված եւ ՍԴ ներկայացված հարցերի, մասնավորապես՝ Կենտրոնի բնակիչների բողոքների ճակատագիրը ինչպե՞ս կդասավորվեր:

– Եթե ես լինեի Մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի կողմից այդպիսի որոշում չէր ընդունվի, այն կլիներ ավելի արդյունավետ:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031