Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կազմել եվրոպական ընտանիք

Օգոստոս 02,2006 00:00

Եվ խուսափել ամուսնու (սկեսրոջ) դեսպոտիզմից

Ընկերուհիս ամուսնանում էր: Եվ մինչ մտերիմներով անհամբեր սպասում էինք, թե հարսանիքի հաջորդ օրն ի՜նչ «թարմ» ինֆորմացիա ենք նրանից լսելու, ամուսնության երկրորդ օրը նա զանգ տվեց եւ ապշահար պատմեց, որ առավոտյան իր ննջարանի դուռը թակել եւ «կարմիր խնձորի» առկայությունը ստուգելու նպատակով ներս է մտել ոչ միայն սկեսուրը, այլեւ սկեսրայրը: Նման ոչ առողջ հետաքրքրության պատճառներն ավանդույթները պահպանելու կամ հարսի «բարոյական կերպարը» ստուգելու միտումով բացատրելը միամտություն կլինի: Իսկ պարբերաբար ինքնահիշեցումը, թե դրսում 21-րդ դարն է, եւս ոչինչ չի տա: «Այդ «կարմիր խնձոր» ասվածը միշտ էլ կլինի, քանի որ եթե մարդ քաղաքում է ապրում, դա չի նշանակում, թե նա արդեն եվրոպացի է եւ պետք է հետեւի, այսպես ասած, միջազգային չափանիշներին: Մի կով, երկու ոչխար վաճառել են, եկել են քաղաք՝ իրենց հետ բերելով իրենց բարքերը, սոցիալական մտածելակերպը»,- այսպես է բացատրում կատարվածը հոգեբան, հոգեթերապեւտ Գոգա Հարությունյանը:

Ի դեպ, իմ նորահարս ընկերուհու կոնֆլիկտն իր նոր ընտանիքում չավարտվեց չարաբաստիկ «կարմիր խնձորի» պատմությամբ: Նրա՝ մինչ ամուսնությունը ժամանակակից ու հոգատար ընկերը, ամուսնության հաջորդ օրվանից արդեն, մոր անմիջական խորհրդատվությունից հետո, երիտասարդ կնոջն արգելում է ոչ միայն շփվել իր հարազատների հետ, այլեւ առանց մի քանի «ինստանցիաների» համաձայնության՝ տնից դուրս գալ: Հոգեբանների հետ մեր զրույցից պարզվեց, որ սա շատ հին ու «բարի» սովորություն է: Տղաներն ընտանիքում՝ որպես կանոն, առաջնորդվում են իրենց սիրելի ծնողների, հատկապես՝ թանկագին մայրիկի խորհուրդներով: Գոգա Հարությունյանը սրան էլ ունի գիտական բացատրություն. «Հայ երիտասարդները, հասկանալի պատճառներով, կախման մեջ են իրենց ծնողներից: Ինչո՞ւ: Որովհետեւ ծնողները նրանց կերակրում են, հագցնում, հոգում ուսման ծախսերը եւ այլն: Այդ կախումը բերում է նրան, որ երիտասարդները հլու-հնազանդ կատարեն ծնողների «պատվիրանները» եւ նրանց թողնեն իրենց ապագայի մասին մտածելու հոգսը, նույնիսկ վստահեն իրենց երկրորդ կեսի ընտրությունը»:

Եվրոպական ընտանիքի մոդելը, ըստ մեր զրուցակցի, թեեւ միշտ չէ, որ կարելի է ընդօրինակել, սակայն երեխաների դաստիարակության հարցում եվրոպացի կանայք ավելի գիտակից վարք են դրսեւորում. «Ես քեզ լույս աշխարհ եմ բերել, կրթել եմ, դաստիարակել, հասցրել եմ այն կարգավիճակին, որ դու ինքդ արդեն պետք է քայլես, ինքդ պետք է ստեղծես: Ահա՛ քաղաքակիրթ եվրոպական ընտանիքը: Իսկ մե՞նք ինչ ենք անում: Լույս աշխար ենք բերում երեխային, պահում, մեծացնում, հետո ամուսնացնում մեր ճաշակով, ապա թոռնիկներին ենք սկսում պահել (քանի որ այդ գործը ոչ մի դեպքում չի կարելի վստահել անփորձ հարսին), կրթում, դաստիարակում եւ հետո, նայելով հայելու մեջ, տեսնում ենք, որ մեզանից արդեն, ավա՜ղ, ոչինչ չի մնացել»: Եվրոպական ընտանիքի վերոնշյալ մոդելը կոնկրետ ընկերուհուս դեպքում ֆանտաստիկ բան է (ի դեպ, նրա եւ, հատկապես, նրա սկեսրայրի մասին այսպես հանգիստ գրում ենք, քանի որ նրանց ընտանիքում թերթ կարդալը նույնքան մերժելի երեւույթ է, որքան, ասենք, հարսին՝ առանց ընտանիքի անդամներից որեւէ մեկի ուղեկցության, տնից դուրս թողնելը):

ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել