Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշկանդող միջոց՝ հանձնաժողովների համար

Օգոստոս 03,2006 00:00

Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի նախագահ Ռուբեն Թոփչյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացահայտեց, որ հայոց լեզվի եւ անգլերենի գրավոր քննությունների թեստերը, մեղմ ասած, լավը չեն:

«Անգլերենն ու հայերենը բավական բարձր են ստանում, դա չի նշանակում, որ հանձնաժողովը վատ է աշխատում, խնդիրն այն է, որ թեստերն են շատ թույլ տվյալ կոնտինգենտի համար, մի քիչ դժվարանում են գյուղերի դիմորդները, իսկ քաղաքի ռեպետիտորների մոտ պարապածների համար դա շատ հեշտ է»,- ասաց պրն Թոփչյանը: Մի քանի օր առաջ անգլերենի գրավոր քննության առարկայական հանձնաժողովի նախագահ Նվարդ Երնջակյանը չհամաձայնեց մեր այս նույն կարծիքի հետ. «Գնահատականները կատեգորիկ են՝ երեխան լեզու է սովորում տարբեր նպատակով, կարելի է սովորել բանավոր խոսքի մակարդակով, պրոֆեսիոնալ ոլորտներում, եւ դիմորդ երեխան պիտի տեղյակ լինի դպրոցական ծրագրով նախատեսված բառապաշարաքերականական նյութին: Եթե շատ վատ գրեին, սա էլ մեկ ուրիշ գնահատանքի կարժանանար ժողովրդի կողմից…»:

Մաթեմատիկական հաշվարկներով, եթե թեստը ճիշտ է կազմված եւ կարող է ռեալ ստուգել մարդու գիտելիքները եւ մարդկանց տարբերակել իրարից, ապա անբավարարների եւ բարձր գնահատականների թիվը, ըստ համապատասխան մաթեմատիկական սխեմայի, պետք է իրար մոտ լինի. «Եթե թեստը մարդկանց իրարից չի տարբերակում, նշանակում է՝ լավ թեստ չէ»: Ըստ պրն Թոփչյանի, վատ թեստեր են նաեւ հայոց պատմություն առարկայինը: Պրն Թոփչյանն էլ է լսել, որ հայոց պատմության գրավորները հանձնաժողովականներն ստուգում են՝ գրքի հետ բառ առ բառ համեմատելով, իսկ դա նշանակում է, որ թեստը տարբերակիչ հատկություն չունի: Ըստ նրա, դրանք թեստեր էլ չեն եւ միջազգային ընդունված նորմերին չեն համապատասխանում՝ դիմորդի գիտելիքները ճիշտ ստուգելու առումով: Դա է պատճառը, որ գնահատման հարցում սուբյեկտիվիզմի դրսեւորումները կարող են մեծ լինել:

Ըստ հաշվիչ կենտրոնի տվյալների, մինչ այսօր «մաղվել» են իրավագիտություն մասնագիտությունն ընտրածներից 26 հոգի, միջազգային հարաբերությունից՝ 47, տնտեսագիտականից՝ 33, լրագրությունից՝ 21, բուժականից՝ 31, ստոմատոլոգիականից՝ 8, ԵՊՀ հայոց լեզու եւ գրականությունից՝ 44, իսկ մանկավարժականի նույն մասնագիտությունից՝ 63 հոգի: Վերջին թիվը պրն Թոփչյանը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Մանկավարժականում են շատ կտրվում, որովհետեւ շատ են գյուղից եկածները, որոնք մեծ մասամբ ուսուցիչ են ուզում դառնալ»: Ռ. Թոփչյանն ասում է, որ այս տարի ԿԳ նախարարն ամեն օր աշխատում է հանձնաժողովների հետ, անալիզներ է անում, որպեսզի գնահատականների հարցում կտրուկ տատանումներ չլինեն: Բացի այդ, նա հանձնաժողովների համար կաշկանդիչ միջոց է գտել. կարող է հրահանգել լավագույն՝ 20 միավորի գրավորները տեղադրել կայքում (դա նշանակում է, որ հենց այնպես 20 միավոր չի կարող դրվել): Ըստ պրն Թոփչյանի, նախորդ տարիներին նման հարցերի ավելի քիչ էր ուշադրություն դարձվում:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել