Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԱՂՄՈՒԿԸ ՇՈՒՏՈՎ ՁԱՅՆ ԿԴԱՌՆԱ»

Օգոստոս 13,2006 00:00

Ասում է «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը

– Ինչպե՞ս կբնութագրեք այսօր Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը:

– Հայաստանում հասարակական գիտակցության նույնականությունը հասունացրել է հանրության հավատը՝ մնում է ստույգ ձեւակերպել այդ վիճակն ու համարժեք քայլեր կատարել: Հրանտ Մաթեւոսյանի ձեւակերպմամբ՝ պետք է արվի այն, ինչը արեց Մովսեսը. Մովսեսը աղմուկը տարավ Սինա լեռ եւ այնտեղից ՁԱՅՆ բերեց:

– Այդ դեպքում ո՞րն է ամենաարմատական եւ ունակ ընդդիմադիր կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում՝ այդ անելու համար:

– Եթե ես ասեմ «Հանրապետությունը», դա կդիտվի որպես անհամեստություն, եթե տամ այլ կուսակցության անուն, արդյո՞ք անհեթեթ չի հնչի:

– Չե՞ք վախենում պարտվել, որից հետո հասարակությունը Ձեզ կմոռանա:

– Հասարակությունը կերուխումի չի գնում, որ ինձ մոռանա հրավիրել: Հասարակությունը պայքարի է դուրս գալիս, որտեղ ցանկացած մարդու մասնակցությունը շատ կարեւոր է: Մեր դավանած գաղափարները համամարդկային են, աշխարհի շատ երկրներում դրանք հաղթել են, հաղթելու են եւ Հայաստանում:

– Ե՞րբ եւ ինչպե՞ս եք տեսնում Ձեր մասնակցությունը:

– Հիմա տեղի ունեցող գործընթացը, ի տարբերություն նախկինի, բացի ներքաղաքականից, ունի նաեւ արտաքին քաղաքական բաղադրիչ, որի ենթատեքստում գործողությունները արագ եւ անսպասելի են լինելու, որին մասնակցելու է ոչ միայն «Հանրապետությունը», այլեւ ամբողջ հանրապետությունը:

– Ի՞նչն է նման պնդման հիմք տալիս:

– Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն այլեւս նախագահ չի լինելու: Այսինքն՝ նա պիտի հեռանա: Եվ բնական ու տրամաբանական է, որ նրա հետ հեռանա նաեւ այն քաղաքական թիմը, որը նույնչափ պատասխանատվություն է կրում այսօրվա իրավիճակի համար: Այս տեսլականը սարսափեցնում է իշխանական կուսակցություններին, եւ սրանից փրկվելու իրենց միակ հնարավորությունը անսպասելի եւ արտահերթ գործընթացն է, որովհետեւ իրենք գիտեն, որ արտահերթը ձեռնտու է նաեւ Հայաստանով հետաքրքրված գերտերություններին: Իսկ նրանց դա անհրաժեշտ է, որպեսզի երկրում դեմոկրատական կայունություն հաստատվի, որը ԼՂՀ հակամարտության լուծման երաշխիք է ինքնին: Ընդդիմությունը ընդհանրապես օր առաջի կողմնակիցն է: Այդ գործընթացը ձեռնտու չէ միայն Ռոբերտ Քոչարյանին: Այն էլ՝ միայն որոշակի առումով: Հուլիսի 22-ին ՀՀԿ արտահերթ եւ վաղաժամ համագումարից հետո երկրի իրական իշխանության տերը Սերժ Սարգսյանն է, նրան արտահերթ գործընթացները նույնպես շատ ավելի ձեռնտու են, քան հերթականը, որը կարող է դառնալ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա քաղաքական թիմի համար հզորանալու եւ գործելու ժամանակ:

– Դուք կարծում եք, որ անցյալ դարի 90-ականներին ձեւավորված եւ դարավերջին վերջապես իշխանությունը իր ձեռքում կուտակած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը իրեն սպառել է եւ կարող է փլուզվե՞լ: Քաղաքական դաշտում գերիշխում է այն տեսակետը, որ նրանց ակնկալվող հակասությունները արհեստական են եւ ՀՀԿ-ԲՀ դաշինքը անխուսափելի է՝ ընտրություններից առաջ կամ հետո: Դա է իշխանության պահպանման տրամաբանությունը:

– Դա էր իշխանության պահպանման տրամաբանությունը: Նույնիսկ երկվորյակներ Ռեմուլոսն ու Ռոմուլոսն իշխանության համար պայքարում իրար դեմ դուրս եկան, եւ Ռոմուլոսը սպանեց Ռեմուլոսին: Հայաստանում արդեն հասունացել է այն պահը, որ տանդեմը չի կարող 90-ականի տեսքով պահպանվել: Հենց իշխանության պահպանման տրամաբանությունից ելնելով: Իհարկե՝ փորձ կարվի Սերժ Սարգսյանին իրավահաջորդ դարձնելու, բայց դա հենց Ռոբերտ Քոչարյանի պարտությունն է դառնալու: Պատկերացնո՞ւմ եք՝ «վոին նախագահը», երկրի «միակ տղամարդը», «պարի ուսուցիչը» պիտի պարի ուրիշի թելադրած պարը: Սակավ հավանական է:

Եվ հետո՝ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ներկա ու հետագա իշխանավարությունը ընդունելի է միայն այն սակավաթիվ մարդկանց համար, ովքեր նրանց կապված են կլանային շահերով եւ խնդիր ունեն իրենց ստվերային եկամուտների պաշտպանությունը: Նրանցից ոչ մեկը ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս ընդունված չի եղել ու չի կարող լինել իբրեւ ժողովրդավարական Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա, առավել եւս՝ նախագահ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետին, որ աշխարհաքաղաքական տարաձայնությունները մի կողմ թողած՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ՀՀ հարցում փաստորեն նույն դիրքորոշումն ունեն:

– ՌԴ-ն իր երկրի համար էլ է ասում ժողովրդավարություն, բայց իր ազգային մոդելով, Հայաստանի պարագայում էլ ասում է՝ ձեր ազգային մոդելով: ԱՄՆ-ն ասում է՝ ժողովրդավարություն բուն ժողովրդավարական մոդելով, որը քրիստոնեական է նախ եւ առաջ, իսկ մենք 301 թվականին աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած երկիրն ենք. ո՞րն է մեզ ավելի հարազատ: Հետո՝ մի խնդիր է, թե ինչ են ասում, մի խնդիր է, թե ինչ են անում: Ես չեմ համարում, որ երկու երկրների քաղաքականությունը մեր հարցում նույնն է, իրենց աշխարհաքաղաքական շահերը նույնը չեն եւ տարբեր լուծումներ են ենթադրում: Երկուսի համար էլ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը հուսալի քաղաքական գործընկեր չէ եւ շարունակելու ռեսուրս չունի: Հետեւաբար՝ փոփոխություններն անխուսափելի են: Այդ ենթատեքստում երկու երկրներն էլ փորձում են շահած դուրս գալ՝ իրենց սեփական-պետական խնդիրների լուծման համար, թերեւս միայն այդ առումով է նրանց քաղաքականությունը նման:

– Մեր պրոբլեմները որո՞նք են՝ չկայացած քաղաքացիական հասարակությո՞ւն, կուսակցական շուրջպարե՞ր՝ ընտրությունների միջակայքում, տնտեսական աճի կենսամակարդակում չարտահայտվող ցուցանիշնե՞ր, արտագա՞ղթ, կոռուպցիա՞…

– Իրավ՝ դա համակարգ է, որ պահանջում է փոփոխություն: Ձեր թվարկած եւ չթվարկած բոլոր բաղադրիչներն առանձին-առանձին եւ համախումբ պահանջում են իրական իշխանափոխություն, որն էլ անխուսափելի է: Բոլոր այդ երեւույթները կան, իշխանությունները դրանց դեմ իրենց հայտարարություններով ու հանձնաժողովներով ակտիվորեն պայքարում են, բայց ինչ է կատարվում իրականում՝ գտնում են «սլաքավարներին» ու պատժում, որովհետեւ ավելին արդեն իրենք են ու իրենց իշխանությունը հսկող-պահպանող համակարգը: Ես համաձայն չեմ, որ չկայացածության, կաշառակերության, կոռուպցիայի, մնացած մարդկային ու անմարդկային արատների, սպանությունների ու թալանի համար մեղադրում են չինովնիկներին կամ կատարողներին միայն: Չմոռանանք՝ նրանք ընդամենը կատարողներ են, խնդիրը նույնիսկ պատվիրատուին պատժելը չէ, խնդիրը պատվերի պահանջը վերացնելն է: Իսկ պատվիրատուն միայն իշխանությունն է՝ իր ստեղծած արատավոր համակարգով: Կոռուպցիան վաղուց արդեն քաղաքական երեւույթ է, իսկ քաղաքական կոռուպցիան ծագում է որոշակի իրավիճակներում: Հին, իրեն սպառած պետական համակարգն այլեւս չի համապատասխանում կյանքի պահանջներին (հիշեք ԽՍՀՄ-ի վերջին տասնամյակը), եւ նման մասշտաբային փոփոխության միակ ճանապարհը հեղափոխությունն է:

– Չե՞ք վախենում հեղափոխությունից՝ իմանալով, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Ոչ միայն ֆրանսիականը, ռուսականը, այլեւ՝ հայկականը:

– Ոչ, չեմ վախենում: Իր զավակներին խժռողը հեղափոխությունը չէ, այլ ճահիճը, որում խեղդվում է հասարակության 99 տոկոսը:

– Աշխարհաքաղաքական բաղադրիչը ԼՂ հանրապետությո՞ւնն եք համարում:

– Այո, եւ ոչ միայն: ԼՂՀ-ն հանգուցում է համարյա բոլոր հարցերը՝ քաղաքական, տնտեսական, անցյալ, ներկա, ապագա: Տեղապտույտի թե զարգացման: Հաղթելու, թե պարտվելու: Բոլոր առումներով: Հենց այդ պատճառով էլ հարցը փորձաքար էր Հայաստանի թե առաջին, թե երկրորդ նախագահի համար, Ադրբեջանի բոլոր նախագահների համար: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չօգտվեցին 2006-ին «բացված պատուհանից», իսկ դա նշանակում է, որ դուռ է բացվելու եւ արդեն բացվել է (նայեք Freedom House օգոստոսի 3-ի զեկույցը) ժողովրդավարության համար:

– Դուռ դեպի ո՞ւր:

– Դուռ դեպի լույսը: Դուռ դեպի ապագան: Համոզված եղեք, որ աղմուկը շուտով ձայն է դառնալու:

ԱՆԱՀԻՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել