Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ լավ կռվող տղա ես…»

Հունվար 29,2007 00:00

Հասարակ զինվորի պատմությունը

«Բանակի մասի՞ն, լավ, բայց կարճ ու առանց գեներալիտետին, բոլոր ժամանակների նախարարներին գովելու, եղա՞վ»,- մեր բանակի 15-ամյակի առիթով երկտող գրելու հանկարծակի ցանկությանս ի պատասխան ասաց «Առավոտի» խմբագիրը: Օգտվելով առիթից, սակայն, շնորհավորում եմ մեր բանակի գեներալիտետին, բոլոր ժամանակների նախարարներին՝ լուսահոգի Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ:

Բայց նախեւառաջ շնորհավորում եմ մեր զինվորներին, ովքեր մեզ հետ են, եւ ովքեր հավերժ մնացին բարձունքներում: Մոնթեն իր հայտնի «Փորձերում» նկարագրելով ամրոցի պատերով ի վեր բարձրացող վառվռուն աչքերով զինվորին՝ նրան է վերագրել բոլոր ժամանակների ռազմական հաղթանակները: Պատմությունը պահում եւ դարերով փոխանցում է ընդամենը մի քանի «գեներալների» անուններ՝ միլիոնավոր վառվռուն աչքերով զինվորների հիշատակը սահմանափակելով հարազատների, ընկերների ու նրանց ժառանգների հիշողության մեջ: Այդ իրողության հետ կարծես հաշտվում ենք, բայց եւ այնպես, ուզում եմ մի քանի դրվագով հիշել տղաներին, որոնցն է այս տոնն ու հաղթանակը՝ առաջին հերթին: «Զարմանալի տղաներ են: Պարզ, անտրտունջ, քչախոս: Նայում եմ նրանց ու մտածում. սիրելիս, ախր որտեղից քեզ այսքան համբերություն… Նախանձում եմ նրանց: Բայց ահա հազիվ մեկը վեր բարձրացավ, ինչ-որ կոչում ստացավ ու սկսվում է…». այսպես էր նկարագրել հայ զինվորին հայ ազգի նվիրյալ գեներալ Զինեւիչը: Իսկապես, հազիվ մեկը բարձրանում է ու…

Բայց խոսքս զինվորի մասին է: 1993թ. Համբարձումյան Երվանդը ՆԳ ստորաբաժանումների հետ մեր սահմանի անդորրն էր պահպանում՝ Լաչինի միջանցքի հայտնի Ղոչազի բարձունքի եւ հետո Քելբաջարի կռիվներին է մասնակցել: Մի խոսքով, երեք տարի մարտի դաշտում էր, բայց արի ու տես, որ երկու տարի է՝ «պատերազմի մասնակցի» վկայական չի կարող ստանալ: Ինչպես ասաց ինձ ոստիկանության համակարգի բարձրաստիճան բարեկամ-պաշտոնյաներից մեկը, հանձնաժողովը նրան մերժել է: «Թող փաստաթղթերը նորից հավաքի, թեկուզ քո գրքից քսերոքս անի ու բերի»,- ասաց: Երվանդը հույս ուներ, որ մեր բանակի փառապանծ տոնի առիթով ինքը անպայման «թուղթը» կստանա, միգուցե եւ պարգեւատրվի… չորս զավակի հայր, կռված տղա Երվանդ Համբարձումյանը, որը «Ղարաբաղ. Դարավերջ» գրքիս հարյուրավոր հերոսներից մեկն է: Խաղաղ կյանքում նրանք տարբեր պաշտոնի են՝ շարքային միլիցիոներից մինչեւ վարչության պետ ու փոխնախարար: Այստեղ՝ սահմանագլխին պաշտոնյան ու շարքայինը գրեթե չէին տարբերվում իրարից: Նրանք բոլորը հավասար էին իրար, նաեւ՝ թշնամու գնդակի համար: «Էս ֆորման հիվանդության պես մի բան է՝ որ հագնում ես, էլ միջից չես կարող դուրս գալ՝ կպչում ա ջանիցդ»,- ասում է Երվանդ Համբարձումյանը… Արցախցի Վաչոյին հիշեցի, որ մի օր ասաց. «Էս ֆորման տեսնես ե՞րբ կհանենք»: Երվանդի պատմածը վերջին մարտից. «Էդ օրը շատ քիչ փամփուշտ ունեինք՝ մարդա 25-30: 2 սուտկից ավելի կանգնած ենք եղել դիրքերում: Գիշերվա 10-ին հակառակորդը դուրս եկավ մեր դեմ: 5.30-ին բարձունքը վերցրել էինք արդեն». սա Երվանդին վերաբերող իմ գրքից հատված է, միգուցե ինչ-որ կերպ օգտակար լինի նրան:

Պատերազմի վերջին գարնանը՝ 1994-ի ապրիլին «Էրեբունի» օդակայանում պատգարակներով վիրավորներին արագ տեղափոխում էին «շտապօգնության» մեքենաներ: Նրանցից մեկը՝ Արայիկը (ցավոք, ազգանունը չեմ հիշում), հազիվ աչքերը բացելով, ժպտաց: Քանիցս վիրավորվել էր, այս անգամ ծանր «կանտուզիա» էր ստացել: Ճանաչեց ինձ, ժպտալով ու կատակելով ինչ-որ դրվագներ պատմեց պատերազմից: Նրա խոսքերը երբեք չեմ մոռանա: «Գիտես հիմա մեզ ի՞նչ են ասում, ասում են, որ տի լավ կռվող տղա ես, խի զոհվա՞լ չըս»: Լռեց, շրջվեց պատգարակի մյուս կողմը: Նրանք հումորի զգացողությունը երբեք չեն կորցրել, հիմա էլ, ովքեր կան, ովքեր մեզ հետ են բոլոր դառնությունները լուռ են տանում ու շարունակում են կատակել: Դրանց կատակներին եւս մեկն է ավելացել: «Բա որ տենց լավ կռված տղա ես, ո՞նց ա, որ «պատերազմի մասնակցի թուղթ» ունես»:

Մեր բանակը մեր հպարտությունն է, անկասկած: Միակ ցանկությունս, որ բանակի տոնը մեր զինվորներինը, մեր «լավ կռված տղաներինը» նույնպես լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել