Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ

Փետրվար 02,2007 00:00

\"\"Արդեն մեկ ամիս է՝ բնակիչներն ապրում են սարսափելի հակահիգիենիկ պայմաններում: \"\"

Ամանորից սկսած՝ մայրաքաղաքի ամենաէլիտար թաղամասերից մեկում՝ Կիեւյան 8 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչներն իրենց բնական կարիքները հոգում են տոպրակների մեջ ու տոպրակն էլ պատշգամբից նետում դուրս: Այլ՝ ավելի քաղաքակիրթ տարբերակ չկա. հանրակացարանի ջրի եւ կոյուղու խողովակները խցանվել են ու թե հիմա ինչ է կատարվում շենքի ընդհանուր լոգարանում եւ զուգարանում՝ անհնար է նկարագրել:

Հանրակացարանում նման վիճակ ստեղծվել է այն ժամանակ, երբ «Երեւանջուրը» երկար ժամանակով դադարեցրել է շենքի ջրամատակարարումը, որի արդյունքում բոլոր խողովակները սառչել են ու խցանվել: Մասնավոր սանտեխնիկները բնակիչներից բավականին մեծ գումար են պահանջում՝ վթարը վերացնելու համար, իսկ հանրակացարանի բնակիչները հիմնականում Բաքվից գաղթած փախստական թոշակառուներ են, որոնք չեն կարող միանգամից այդքան գումար վճարել: Պատկան մարմինները, բնակիչների հավաստմամբ, տեղներից չեն շարժվում՝ խնդիրը լուծելու համար: «Մենք ամեն ամիս ջրի վարձը պարտադիր մուծում ենք, թեեւ սենյակներում ջրաչափ չունենք, բայց շենքի ընդհանուր խողովակի վրա ջրաչափ տեղադրված է, մենք գումարը հաշվարկում ենք, բաժանում բնակիչների թվի վրա եւ ամսական մոտ 400-550 դրամ պարտաճանաչորեն վճարում։ Իսկ դա մեզ համար բավականին մեծ գումար է»,- բողոքեցին բնակիչները:

Ինչպես «Առավոտին» պարզաբանեցին «Երեւանջուր» ընկերությունից՝ «մենք շենքի ներքին ցանցի խնդիրներով չենք զբաղվում, դա տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է»: Հանրակացարանը ֆիզիկապես գտնվում է Արաբկիր համայնքում, բայց ոչ թաղապետարանը, ոչ էլ համատիրությունը հանրակացարանի խնդիրները հանձն չեն առնում: Արաբկիրի թաղապետարանից մեզ ասացին, որ շենքն իրենց չի պատկանում, եւ թաղապետարանը չի կարող նման խնդիրներով զբաղվել: Այդ հասցեի բնակշահագործման տեղամասից էլ հայտնեցին, որ իրենք էլ չեն սպասարկում այդ շենքը, ուստի ոչինչ անել չեն կարող: Հանրակացարանի հոգսն իր վրա չվերցրեց նաեւ «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն:

Արդյունքում, մեկ ամիս է՝ հանրակացարանի բնակիչներն ապրում են անմարդկային եւ հակահիգիենիկ պայմաններում: Նրանք Ամանորից չեն լողացել, իսկ վճարովի բաղնիքներ թոշակի հաշվին չեն կարող գնալ: Նրանք ամեն օր հարեւան շենքի բնակիչներից ջուր են խնդրում ու ձմռան այս ցրտին դույլերով կրում, որպեսզի գոնե լվացվեն ու ճաշ եփեն:

Հանրակացարանից նույնիսկ տասնյակ մետր հեռավորության վրա գարշահոտություն է փչում: «Եթե նախկինում հարեւանները սուրճ խմելու էին հրավիրում, հիմա կանչում են՝ զուգարանից օգտվելու: Դրանից լավ հյուրասիրություն մեզ համար չկա: Սպասում ենք, թե ով բարի կգտնվի ու մեզ կթողնի իր զուգարանը մտնել»:

Հանրակացարան մեր այցելության օրը փախստական բնակիչներից մեկը փորձել էր մտնել զուգարան, ջուր լցնել, որ խողովակները բացվեին եւ զուգարանի սառցակալած հատակին ընկել էր: Նա ներկայումս անկողնային է, բժշկի էլ չի կարողանում գնալ. «Ոչ փող ունեմ, ոչ էլ ի վիճակի եմ բժշկի գնալ»,- ասում էր նա:

Տարածքային կառավարման նախարարության փախստականների եւ միգրացիայի վարչությունից «Առավոտին» խոստացան, որ իրենք անպայման միջոցներ կձեռնարկեն ու խնդիրը կվերացնեն: Երեկվա դրությամբ՝ փախստականների կենցաղային պայմանները չէին փոխվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել