Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մարդ պիտի կարողանա իր մեջ հաղթահարել աթոռի եւ մանդատի հետ կապված հոգեկան ակտը»

Մարտ 06,2007 00:00

\"\"Վերջին օրերին հաճախ էին պնդումներ հնչում այն մասին, թե ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Գեւորգյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 5 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արաբկիր համայնքի մի մասը եւ Դավիթաշեն համայնքն ամբողջությամբ: Սակայն առաջադրումների համար սահմանված ժամկետն ավարտվեց, իսկ ԵԿՄ վարչության անդամ Ռուբեն Գեւորգյանն այդպես էլ չառաջադրեց իր թեկնածությունը:

Այդ ընտրատարածքում առաջադրվեցին միայն Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) եւ մի քանի այլ թեկնածուներ:

– Ինչո՞ւ չառաջադրեցիք Ձեր թեկնածությունը, չէ՞ որ Դուք հաղթելու մեծ հնարավորություն ունեիք: Արդյոք իշխանության «մատը» ինչ-որ ձեւով «խա՞ռն» էր,- հարցրեցինք պրն Գեւորգյանին:

– Այո, նման ընտրատարածքում, որտեղ ընդգրկվում էր Դավիթաշեն համայնքն ամբողջապես, ինչ խոսք, որ հաղթելու էի: Բայց այս պարագայում հաղթելու խնդիրը չէ կարեւորը, այլ մարդու տեսակի պահպանման խնդիրը: Ամեն մարդ պիտի կարողանա իր մեջ հաղթահարել աթոռի եւ մանդատի հետ կապված հոգեկան ակտը ու կարողանա պահպանել ժամանակին իր համար կերտած մարդու տեսակը:

Դավիթաշեն համայնքի թաղապետի ընտրությունների ժամանակ Սարգսյան Լյովան իմ կողքին էր՝ այն պարագայում, երբ կողքիս չէին իմ շատ մտերիմներից ու հարազատներից որոշները: Մարդ կյանքում արժեւորվում է իր կողմից կատարված քայլերով, որին հաճախ պատասխանում են համահունչ քայլով: Սարգսյան Լյովային իր արածի համար ես պատասխանել եմ առավել մի քայլով՝ չառաջադրելով իմ թեկնածությունը:

– Իսկ Լեւոն Սարգսյանը գնահատո՞ւմ է Ձեր այդ քայլը: Այդ շրջանում Ձեր կողքին շատերն են եղել, Ձեր նման մարդու կողմից նման քայլը առավել շռայլ պատասխան չէ՞:

– Որեւէ մեկի կողմից գնահատանք չեմ փնտրում իմ քայլի համար: Միշտ էլ ինձ չոփ տված մարդկանց գերան եմ նվիրում: Սա եմ ես:

– Դուք Ձեր հարցազրույցներից մեկում շեշտել էիք, որ եթե կուսակցությունը որոշի առաջադրել Ձեր թեկնածությունը, միանշանակ կառաջադրվեք: Ի՞նչ է, կուսակցությունը անտարբե՞ր եղավ այդ հարցի նկատմամբ:

– Ես ոչ թե անհամբեր սպասել եմ կուսակցության որոշմանը, այլ ընդհակառակը՝ մտածում էի, որ երբեք չեմ կարողանա խուսափել կուսակցության որոշումից: Բայց շնորհակալ եմ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նա նույն տեսակի մեջ ապրող, բարոյական դաշտի մեջ մարդկային հարաբերությունները արժեւորելով եւ հարգելով ինձ բարոյապես կաշկանդող այդ փաստը՝ կուսակցական որոշում չկայացրեց: Իշխանական ճնշումներ ու տարակարծություններ չեն եղել այս հարցում: Հարցը ինձ համար եղել է բարոյական դաշտի խնդիր: Գուցե Սարգսյան Լյովայի մտքով էլ անգամ չէր անցնի, որ ես կարող էի այսպիսի պատասխան տալ, քանի որ արդեն մեկ տարուց ավելի է՝ չեմ հանդիպել իրեն:

– Պրն Գեւորգյան, Դուք նշանակված եք ղեկավարելու ԲՀԿ-ի Դավիթաշենի նախընտրական շտաբը: Եվ քանի որ մեծամասնական ընտրակարգով չեք առաջադրվել, կօգնե՞ք Լեւոն Սարգսյանին:

– Իմ չառաջադրվելու քայլով արդեն իսկ հաղթանակի ջահը լիարժեք փոխանցել եմ իրեն: Իմ ընտանիքի եւ իմ ընկերների ձայնը միանշանակ կլինի իրենը, բայց Դավիթաշենում ունեցած իմ էլեկտորատի ուղղորդման քաղաքական գիծը կորոշի կուսակցության լիդերը՝ Գագիկ Ծառուկյանը: Քանի որ ես ԲՀԿ անդամ եմ, քաղաքական դաշտում ունեցած իմ էլեկտորատը, բնականաբար, պատկանում է նաեւ ԲՀԿ-ին:

– Դավիթաշենի բնակիչների քաղաքական զանգվածի տրամադրվածությանը քաջատեղյակ լինելով՝ ի՞նչ եք կարծում, համամասնական ընտրակարգով ձայների ինչպիսի՞ բաշխում կլինի՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀԿ տարածքային նախագահն ու պատասխանատուն այս գործում Ձեր եղբոր որդին է:

– Նախ ասեմ, որ իմ եղբոր որդին ՀՀԿ-ի կազմակերպչական գործը ստանձնել է վերջերս: Վերջին 7 տարվա ընթացքում Դավիթաշենի ՀՀԿ-ն՝ ներկայիս թաղապետի դեմքով, լիարժեք անկում ապրած քաղաքական միավոր է եղել: Դավիթաշենի ՀՀԿ-ի հիմնադիրը ես եմ եղել եւ քաջ գիտեմ, թե ինչ էր սկզբից եւ ինչ է հիմա: Իմ եղբոր որդուն վատ ժառանգություն է հասել: Նման կարճ ժամանակում, երբ ընտրություններն առջեւում են, ոչ մեկին հնարավոր չի լինի Դավիթաշենի ՀՀԿ-ին հասցնել լուրջ հզորության՝ այլ խնդիր է, որ իմ եղբոր որդու գործոնով կուսակցությունն առավել բարձր տոկոս կհավաքի, քան ներկայիս թաղապետի բացասական գործոնի պարագայում: Դրանում չեմ էլ կասկածում, քանի որ նա իմ եղբոր որդին է, իմ արյունն է եւ շատ հարցերում անցել է իմ դպրոցը: Ինչ վերաբերում է համամասնությանը, ապա ասեմ, որ ձայների ազնիվ բաշխման դեպքում Դավիթաշենի ընտրողների կեսից ավելին ձայները տալու է ԲՀԿ-ին: ՀՀԿ-ն կգրավի 2-րդ տեղը բավականին ազդեցիկ ձայներով՝ իմ եղբոր որդու գործոնի ազդեցության պարագայում, 3-րդ տեղում կլինի ՀՅԴ-ն, իսկ 4-րդը՝ «Ազգային միաբանությունը»:

– Ձեր պես պատրաստված քաղաքական գործչի համար ԲՀԿ-ի ընտրացուցակի 36-րդ համարը լինելը նորմա՞լ եք համարում: Արդյոք դա անցողի՞կ տեղ է:

– 36-ն իմ համարը չէ, դա կուսակցության որոշումն է եղել: Ես խորհրդարան մտնելու հիվանդությամբ չեմ տառապում: Հերթ կանգնելն ու դրան բնորոշ հրմշտոցները իմ տեսակի մարդկանց համար չեն: Ես համար ունեցել եմ իմ կյանքում մեկ անգամ. Արցախյան պատերազմի ժամանակ ազդականչս (պազիվնոյ) եղել է 07-ը: Բայց շնորհակալ եմ իմ կուսակցությունից ինձ համար խորհրդանշական 36 թվի համար (ընթերցողներս հանդիպած կլինեն 36 թվին իմ հեղինակած «Դատապարտված դափնիներ» գրքում):

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ ՀՀԿ-ի ազգային գաղափարախոսությունը փոխեցիք ԲՀԿ-ի հետ՝ նախընտրելով Ձեր քաղաքական հետագա քայլերը կատարել ԲՀԿ-ի հետ:

– Ես իմ գաղափարախոսությունը երբեք չեմ փոխել, ես ցեղակրոն եմ եւ ազգային գաղափարախոսությունը համարում եմ ամենամեծ արժեքը հատկապես մեզ նման փոքր ազգի համար, բայց կավելացնեմ նաեւ, որ բոլոր տիպի գաղափարախոսությունները առանց բարգավաճ Հայաստան ունենալու, արժեզրկվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել