Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԳՄ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼ»

Մարտ 12,2007 00:00

Ըստ Վահրամ Մարտիրոսյանի, դրանից գրողն ավելի տաղանդավոր չի դառնում

Արդեն տեղեկացրել ենք, որ Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպը ֆրասերեն միաժամանակ լույս է տեսել Ֆրանսիայում եւ Կանադայում:

Այժմ գրողը ձեռնամուխ է եղել «Գրողներն ընդդեմ բախումների» կայքի ստեղծմանը, որտեղ հնարավոր կլինի այցելել մեկ-երկու ամսից: Առայժմ Վ. Մարտիրոսյանը ձեռնպահ մնաց կայքի հասցեն հրապարակելուց: Ընդամենն ասաց, որ այնտեղ կտեղադրվեն հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն եւ անգլերեն նյութեր: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սկզբունքով են դրանք ընտրվելու: «Ընտրվելու է կոնֆլիկտ ունեցող երկրների գրականություն: Առաջին զույգը հայերն ու ադրբեջանցիներն են: Նախընտրել ենք արձակի ժանրը, որովհետեւ իրականության արտացոլման իմաստով արձակի հնարավորություններն ավելի լայն են: Շուրջ 15 հայ ժամանակակից արձակագիր կներկայացվի կայքում: Ցանկը կգլխավորի Հրանտ Մաթեւոսյանը՝ որպես նոր արձակի նախակարապետ: Մյուս անուններն առայժմ չեմ հրապարակի, երբ կայքը պատրաստ կլինի՝ կայցելեք-կիմանաք»,- հայտնեց Վ. Մարտիրոսյանը:

Ըստ նրա, կոնֆլիկտ ունեցող երկրների հաջորդ զույգը, ըստ ամենայնի, կլինի Սերբիան ու Կոսովոն կամ Հնդկաստանն ու Պակիստանը: «Կայքում տեղադրված պատմվածքներում գրողները ոչ թե կդատապարտեն պատերազմը կամ բախումները, այլ իրականությունը օբյեկտիվ կներկայացնեն: Ինձ համար կարեւոր է, որ ադրբեջանցին կարդա հայ գրողի գործը եւ այն իրեն դուր գա: Այդպիսով՝ նա հարգանքով կլցվի ոչ միայն այդ գրողի, այլեւ նրա երկրի հանդեպ: Կարծում եմ՝ ազգամիջյան կոնֆլիկտի լուծմանը խանգարում են փոխադարձ ատելությունն ու արհամարհանքը: Իսկ գրականությունը միմյանց հանդեպ ունեցած քամահրանքից ձերբազատվելու միջոց է: Կայքում կլինեն ֆորումներ, որտեղ կքննարկվեն հետաքրքիր թեմաներ»,- նշեց արձակագիրը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չի ցանկանում Հայաստանի գրողների միության անդամ դառնալ, մանավանդ ՀԳՄ վերջին համագումարում նման հարց բարձրացվել է իր գրչակիցների կողմից:

«Գրողների միության անդամ դառնալու ոչ մի ցանկություն չունեմ: Ինձ նման առաջարկ արվել է դեռ 15-20 տարի առաջ, երբ իմ այն տարիների ընկեր Աղվան Վարդանյանը Գրողների միության քարտուղարն էր: Նա զանգահարեց մեր տուն ու ասաց, որ դիմում գրելու հարկ չկա, ընդամենը պիտի ասեմ՝ այո: Նման առաջարկներ էլի են եղել, բայց միշտ մերժել եմ: Չեմ գտնում, թե Գրողների միության անդամ չլինելը անհարմար է: Մեկ է՝ դա չի նպաստում լավ գիրք գրելուն: Այսօր ՀԳՄ անդամ գրողները կարծես միմյանց համար են գրում: Օրինակ՝ Ադրբեջանում այդ իմաստով մի քայլ առաջ են մերոնցից, որովհետեւ Գրողների միությունը նրանց համար վաղուց անաքրոնիկ կառույց է: Ցավալի է, որ երիտասարդ հայ գրողները գլխապատառ վազում են ՀԳՄ անդամ դառնալ, որպեսզի մի քանի օրով Ծաղկաձոր գնան, փոխանակ մի ճամփի ծախսի փող ճարեն, գնան ուրիշ գրողների հետ շփվեն»,- ավելացրեց Վ. Մարտիրոսյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու է վերջին շրջանում հնդկական տարազ կրում: «Ինձ դուր է գալիս այդ հագուստը: Գունային տոնախմբություն, կյանքի հավես է լցնում այն կրողի եւ տեսնողի մեջ: Իսկ մեր երկրում գորշ գույներն են տիրապետող, ինչն էլ մի մասն է ընդհանուր մռայլության եւ ապատիայի, որի մեջ ապրում ենք»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել