Լրահոս
Օրվա լրահոսը

Յուշչենկոն ողջունում է ԱՄՆ ՀՀՊ Եվրոպական ծրագիրը

Մարտ 26,2007 00:00

\"\"Իսկ Մոսկվան հակամիջոցներ է մտմտում

Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչ տարրերի տեղակայում: Ահա այն հարցը, որը կարճ ժամանակում դարձավ ԱՄՆ-Ռուսաստան նոր քաղաքական դիմակայության սկզբնակետն ու կատալիզատորը: Ռուսաստանում արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ տարրերի տեղակայման ծրագիրն ուղղված է միայն ու միայն Ռուսաստանի դեմ, քանզի Լեհաստանում ու Չեխիայում տեղադրվելիք ռադիոտեղորոշիչների հավանական դիտարկման դաշտում գտնվող ոչ մի այլ երկիր, այսօրվա դրությամբ, ի վճակի չէ հազարավոր կիլոմետրեր թռչելու ունակ բալիստիկ հրթիռներ արձակել: «Ուրեմն ումի՞ց եք պաշտպանվում, ձեր գործընկեր Ռուսաստանի՞ց», զայրալից հարցադրումներ են անում Կրեմլի չինովնիկները: Ամերիկյան կողմը, իր հերթին, փորձում է ապացուցել, որ այս ձեռնարկը եվրոպական գլոբալ անվտանգության համակարգ ստեղծելու ճանապարհին կատարվող հերթական քայլն է ընդամենը, եւ բնավ ուղղված չէ որեւէ կոնկրետ երկրի, առավել եւս՝ Ռուսաստանի դեմ:

Ու մինչ այս բանավեճը, առայժմ քարոզչական փոխհրաձգության տեսքով, շարունակվում է, ԱՄՆ ՀՀՊ ծրագրի եվրոպական աշխարհագրությունն ավելի է ընդլայնվում, մասնավորապես՝ ընդգրկելով Մոսկվայի արտաքին քաղաքականության համար այնպիսի զգայուն մի երկրի, որպիսին Ուկրաինան է: Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններն առաջին անգամ լուրջ ճգնաժամ ապրեցին նարնջագույն հեղափոխությունից հետո: Բայց այն, ինչ կարող է հաջորդել Կիեւի՝ ամերիկյան ՀՀՊ ծրագրին որեւէ կերպ միանալուն՝ չափազանց դժվար է կանխատեսել:

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն բավական բարյացակամ է տրամադրված Վաշինգթոնի վերոհիշյալ ձեռնարկի նկատմամբ: Ահա թե այս կապակցությամբ ինչ է ասել նա մի քանի օր առաջ Euronews համաեվրոպական հեռուստաալիքին տված հարցազրույցում: «ԱՄՆ ՀՀՊ որոշ տարրերի տեղակայումը Լեհաստանում եւ Չեխիայում համապատասխանում է ողջ Եվրոպայի եւ ոչ թե տվյալ երկու երկրների շահերին: Հատուկ ընդգծեմ, որ մենք խոսում ենք պաշտպանական, այլ ոչ թե հարձակողական բնույթի կայանքների մասին: Իսկ պաշտպանության կոլեկտիվ մոդելի զարգացումը միշտ էլ գերադասելի է այլ մոդելներից»: Հատկանշական է, որ Յուշչենկոն խուսափել է հարցը մեկնաբանել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում: Ըստ նրա, ռուս-ամերիկյան հարաբերությունները մի բան են, Եվրոպայի անվտանգության ապահովումը՝ այլ բան: «Իսկ այն, ինչ լավ է Եվրոպայի համար, միանշանակ լավ է նաեւ Ուկրաինայի համար, քանի որ մենք Եվրոպայի անքակտելի մասն ենք բոլոր առումներով»,- ասել է Յուշչենկոն:

Ինչո՞վ կպատասխանի Մոսկվան Յուշչենկոյի այս հայտարարությանը՝ դարձյալ կվերանայի այդ երկիր առաքվող գազի սակագնե՞րը, թե՞ Ուկրաինայի արեւելյան ռուսաբնակ շրջաններում սադրանքների նոր շարք կսկսի՝ առայժմ դժվար է ասել: Կարելի է ենթադրել միայն, որ այն, ինչ կձեռնարկի Ռուսաստանը (իսկ այդ բանն անպայման տեղի կունենա), չի սահմանափակվի միայն Կիեւին միտված հակամիջոցներով: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մտադիր է ՀՀՊ համակարգի որոշ բաղադրիչներ տեղակայել նաեւ կովկասյան տարածաշրջանում, ինչի մասին պաշտոնապես հայտարարել է այդ երկրի հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն գեներալ Հենրի Օբերինգը: Ու թեեւ վերջինս չի ճշտել կովկասյան կոնկրետ երկրի անունը, ռուսական եւ արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ վաղուց արդեն կարծիքներ են շրջանառում, թե ԱՄՆ ՀՀՊ կովկասյան հենակետ կարող են ծառայել Վրաստանը կամ Ադրբեջանը:

Հ. Գ. Երեք օր առաջ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները հռչակագիր ընդունեցին, որում նրանք մտահոգություն են հայտնում Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու՝ ԱՄՆ-ի ծրագրերի առնչությամբ: Համաձայն փաստաթղթի, Միացյալ Նահանգների ծրագիրը սպառնում է Լեհաստանին սահմանակից Ուկրաինայի ազգային անվտանգությանը: Մոսկվայի հակազդեցությունն, ինչ խոսք, արդեն իրեն զգացնել է տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել