Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Ապրիլ 06,2007 00:00

Դրեզդենում (Գերմանիա) մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ութերորդ առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է 12 մասնակցով (3 կին եւ 9 տղամարդ):Առայժմ առաջնության պաշտոնական կայքը վատ է աշխատում, իսկ մրցումները լուսաբանող լրատվամիջոցները գլխավորապես անդրադառնում են իրենց երկրների ներկայացուցիչների մրցելույթներին, այդ պատճառով էլ հնարավոր չէ մեր գրոսմայստերների մասնակցության մասին օպերատիվ տեղեկատվություն քաղել: Այդուհանդերձ, շնորհիվ «armchess.am» հայաստանյան շախմատային կայքի, երեկ արդեն ունեինք մեկնարկային երկու տուրերում մեր հանրապետության շախմատիստների արդյունքները, որոնք առայժմ բավականին հուսադրող են:Կանանց մրցաշարում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը տարել է երկու հաղթանակ (նույնպիսի ցուցանիշ ունի ավելի քան 150 մասնակցից 21-ը), գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն իր անվան դիմաց գրանցել է 1,5 միավոր, իսկ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանն առաջին տուրում զիջելով վրաստանցի փորձառու գրոսմայստեր Քեթեւան Արախամիա-Գրանտին, երկրորդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ:Հաջող են մեկնարկել մեր գրոսմայստեր տղաների մեծ մասը: Ուրախացնում է, որ երկու տուրերում հարյուր տոկոսանոց արդյունք են արձանագրել հայկական շախմատի վետերան Ռաֆայել Վահանյանը եւ վերջերս շախմատի բարձրագույն տիտղոսի արժանացած երիտասարդներ Տիգրան Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը ու մտնում են երկու հաղթանակ տարած 34 գրոսմայստերների ցուցակի մեջ: Օրերս Իսպանիայում ավարտված Ռյուի Լոպեսի ավանդական միջազգային փառատոնի հաղթող Գաբրիել Սարգսյանը երկու ոչ-ոքի է արել: Մեկ հաղթանակ եւ մեկ ոչ-ոքի ունեն Արտաշես Մինասյանը եւ Զավեն Անդրիասյանը, իսկ Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանը եւ Արման Փաշիկյանը ճաշակել են թե՛ հաղթանակի բերկրանքը, թե՛ պարտության դառնությունը:Երեկ Եվրոպայի առաջնությունում երրորդ տուրի օրն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել