Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ տեսնում են, ոչ լսում

Ապրիլ 27,2007 00:00

71-ամյա Սիրուն Թումասյանը ինչ իմանար, որ օրիորդ մնալը մոլագարություն է

Օրերս խմբագրություն էր եկել Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակչուհի Սիրուն Թումասյանը: 71-ամյա միայնակ կինը մոր՝ Գոհար Ղուկասյանի մահից հետո, արդեն տասը տարուց ավելի է՝ ինչ փողոցում է հայտնվել: Եղբոր կինը՝ Ռիտա Թումասյանը, Սիրուն Թումասյանին սեփական ձեռքերով կառուցած տնից դուրս է շպրտել ու վերջինս ապրում է փայտե անծածկ քոլիկում: «Հայրական տունս երկրաշարժից հետո, ինչպես շատերինը, հիմնահատակ քանդվեց: Ես, մայրս, եղբայրներս 1972-ին երկհարկանի տուն էինք կառուցել ու ապրում էինք այնտեղ: 1985-ին եղբորս՝ Սուրիկ Թումասյանի մահից հետո, որը ընտանիքով ապրում էր հարեւան Ժդանով գյուղում, մայրս նրա ընտանիքին մեր տուն բերեց ու տարիներ շարունակ ապրում էինք միասին: Սակայն 1994-ին՝ մորս մահից հետո, հարսս՝ Ռիտան, գլխիս սկսեց օյիններ խաղալ: Էնպիսի բաներ էր անում, որ հնարավոր չէր մի տան մեջ յոլա գնալ: Վերջում էլ երեխաների հետ ինձ դուրս շպրտեցին իմ տնից: Հիմա ես ապրում եմ մի տեղ, որտեղ ձմռանը կարտոֆիլը մեկ օրում սառցակալել է»:

Սիրուն տատիկը երեք տարի է՝ դիմում է գյուղապետին, կադաստրի պետին, մարզպետին, որպեսզի համապատասխան փաստաթղթերի հիման վրա տան իր հասանելիքը ձեւակերպեն իր անունով ու ինքը կյանքի վերջին օրերն ապրի ու մահանա մարդավայել: Ս. Թումասյանի ձեռքին միայն գյուղապետից տրված 9 տեղեկանք կար, որը՝ կնիքով, որը՝ միայն ստորագրությամբ: Մեկում ասվում էր, որ տան միակ ժառանգորդը Սիրուն Թումասյանն է, մյուսներում էլ՝ ճիշտ հակառակը:

Մարզպետարանից Ս. Թումասյանին խորհուրդ են տվել որպես անապահով ընդգրկվել գյուղում ընթացող նոր բնակարանների շինարարության հերթացուցակում: «Այնինչ մայրս իր կենդանության օրոք է դեռ այդ ցուցակում ընդգրկված եղել ու մինչ օրս գյուղից դուրս գտնվող հողակտորի վրա այդ տան միայն հիմքն է գցված: Ես որքանո՞վ համոզված լինեմ, որ նույնը ինձ հետ չի լինի»:

Հետաքրքիրն այն է, որ Ս. Թումասյանին մարզպետարանից հավաստիացրել են, որ իրենց տունն այլեւս չկա եւ ըստ այդմ էլ՝ այն որեւէ մեկին պատկանել չի կարող: Մինչդեռ, Սիրուն տատիկին տրված գյուղապետի տեղեկանքներից մեկում հստակ ասվում է, որ այդ տանը այժմ բնակվում է Ռիտա Թումասյանը՝ իր երեխաներով: «Ինձ ինչի՞ տեղ են դրել, աչքիս առաջ ապրում են իմ ձեռքերով կառուցած տան մեջ, ասում են տունդ չկա՞»,- նեղսրտած բողոքում էր կինը: Սիրուն տատիկի համար է՛լ ավելի վիրավորական է եղել, երբ 2007թ. հունվարի 30-ի «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթում (թիվ 2) գյուղապետը՝ Վանո Եղիազարյանը, իրեն «խելքը գցած» է անվանել, ինչն էլ համարել է «տանը մնալու, չամուսնանալու» հետեւանք: «Սովորության համաձայն, մեծ կին է, միշտ բողոքում է ու կռիվ-դավիներով փորձում հետաքրքիր դարձնել իր կյանքը»,- գրում է գյուղապետը ծեր կնոջ պրոբլեմին անդրադարձած թերթի հրապարակման մեջ:

Փողոցում հայտնված կնոջ ձայնը ոչ ոք չի լսում, իսկ տունը ոչ ոք չի տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել