Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսյան տոնը՝ «Շարմի» պրիզմայով

Մայիս 12,2007 00:00

Հայոց հաղթանակները՝ ռուսական սիմվոլներով

Մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի առիթով, Հանրապետության հրապարակում կայացավ տոնական համերգ, որն իրենց տիկնանց հետ ունկնդրելու էին եկել նաեւ կառավարության որոշ անդամներ: Շքեղ լուսային ու լազերային շոուում, սակայն, ոչինչ չէր հիշեցնում մայիսյան հաղթանակները՝ ո՛չ հսկայական ռուսերեն տառերով գրված «Երեւան-Մոսկվա տրանզիտ» արտահայտությունը, ո՛չ ռուսական էստրադայի կիսամերկ աստղերը, որոնց, այսպես թե այնպես, կարելի է տեսնել ու լսել ցանկացած հեռուստաալիքով, չհաշված՝ հայաստանյան քարոզարշավները: Համերգը ուղիղ հեռարձակվում էր Հ1-ի, հ2-ի եւ «Արմենիայի» եթերներով: Այսինքն՝ ռուսական էստրադայի աստղերի՝ ֆոնոգրամայով հրամցվող երգերը լրիվ հասանելի էին մայիսյան հաղթանակների համնուհոտը ակնկալող սփյուռքահայերին(՞):

Ըստ մեր տեղեկությունների, համերգի վրա ծախսվել էր շուրջ $1մլն, որից $300000-ը` միայն բեմի ձեւավորման ու լուսային էֆեկտների համար: Այս գումարի շրջանակներում մի՞թե հնարավոր չէր Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված համերգի «դեկորներից» մեկը դարձնել, ասենք՝ Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցու պատկերը: Փաստորեն, տոնի ոչ մի խորհուրդ չկար: Հավանաբար, համերգի բեմադրիչ Դավիթ Բաբայանի ու գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի կարծիքով, հաղթանակի խորհրդանիշը համերգավար Հրանտ Թոխատյանի վզի կարմիր «բաբոչկան» էր՝ հարմարեցված ռուս գործընկերուհու կարմիր գոտու ու համերգն ունկնդրողների կարմիր անձրեւանոցների հետ: Չմոռանանք նշել, որ ամբիոնին ընդամենը շաաաա՜տ փոքր տառերով հայերեն գրված էր՝ «Մայիսի 9»: Լավ էր գոնե միջոցառման վերջում հայոց բանակին նվիրված մեկ երգ հնչեց ու հրավառություն եղավ:

Ցանկացած միջոցառում պիտի նաեւ ուսուցողական նշանակություն ունենա: Այսօրվա երիտասարդը, որ ծնվել է Շուշիի ազատագրումից հետո կամ թեկուզ դրանից մի քանի տարի առաջ, ի՞նչ սովորեց «Շարմի» պրիզմայով ներկայացված Շուշիին «նվիրված» ռուսական համերգից, ի՞նչ դաս ստացավ Ավարայրից մինչեւ Շուշի մեր ունեցած հաղթանակների մասին, ինչո՞վ ոգեւորվեց ու հասկացավ, որ հարկ եղած դեպքում պետք է ինքն էլ զինվորագրվի հայրենյաց կռվին:

Մայիսի 9-ի համերգին արժեր թեկուզ «Մարտիկի երգով» «շոյել» նաեւ Հայրենական պատերազմի վետերաններին, ովքեր նույն պատերազմը վերապրել են Հայաստանին ու Արցախին սպառնացող ամեն վտանգի հետ ու մնացել չգնահատված, անտարբերության մատնված՝ գրոշաչափ թոշակների հույսին: Բայց դա էլ չկար: Փոխարենը՝ Հրանտ Թոխատյանն ամեն երգից առաջ անհաջող կատակներ էր անում ռուս գործընկերուհու հետ՝ իբր հայկական ավանդույթներն ու Հայաստանը ներկայացնելով: Օրինակ, «Ով սիրուն, սիրուն» երգը հայտարարելու համար նա անհամ մի պատմություն պատմեց, թե ինչպես պետք է փոքրիկ երեխային համոզելով՝ հանուն մայրիկի ու հայրիկի «մանի կաշա» ուտեցնել: «Կատակի» վերջում՝ «Ով սիրուն, սիրունից» առաջ ասաց՝ «Հանուն սիրուն կանանց՝ արժե միշտ մանի կաշա ուտել»:

Այն, որ «Շարմի» «Երեւան-Մոսկվա տրանզիտ» նախագիծը հոգեհարազատ է կառավարության անդամներին, զարմանալի չէ՝ նրանցից մեկի փեսան՝ Միքայել Մինասյանը, «Շարմից է»: Զարմանալին այն է, որ համերգն ունկնդրողների մեջ կային մարդիկ, ովքեր մասնակցել են արցախյան պատերազմին ու այդ հաղթանակի կրողը լինելով, պետք է որ ուրիշ սցենար պահանջեին միջոցառման կազմակերպիչներից, այլ ոչ թե այնպիսին, որ էժանացնում ու «էստրադայացնում» է հաղթանակի վեհ գաղափարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել