Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն վերլուծություն չի արել

Հունիս 06,2007 00:00

Երեկ Սահմանադրական դատարանում շարունակվեց «Իմպիչմենտ» դաշինքի, «Օրինաց երկիր», «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը:

Սահմանադրական դատարանում վիճարկվում են համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքները: Դատարանի հարցերին պատասխանեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը, Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:

ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանի տեղեկացմամբ, չեն եղել այնպիսի ընտրատեղամասեր, որտեղ վերահաշվարկման պահանջ է դրվել ու չի բավարարվել: Պատասխանող կողմը նշեց նաեւ, որ իրենց ինտերնետային կայքում 3-4 օրվա ընթացքում տեղադրվել են նախընտրական հիմնադրամների գործունեության մասին ընտրական գրավների տվյալները, դրամական ելքումուտքերը. «60 մլն դրամից ավելի ոչինչ չի ծախսվել»:

Գ. Ազարյանը ներկայացրեց, թե ինչպես են իրենք Երեւանում «պաստառների հետ կապված, հատ-հատ» այցելել տարածքներ, գրել, դիտել ու հաշվարկել պաստառի վրա նշված հրատարակչության, դրա հնարավոր տպագրական արժեքը:

Իսկ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի հարցին, թե ինչո՞ւ են ընտրողների կողմից օգտագործվել տարբեր գույնի գրիչներ, արդյոք այն ուղղորդվածության ապացույց չէ, ԿԸՀ նախագահն ասաց. «Տարբեր գույնի գրիչների օգտագործումը չի նշանակում, թե մենք կարող ենք վերահսկողություն իրականացնել ընտրողի կամքի ազատ դրսեւորման վրա»: Հետեւեց մեկ այլ հարց. «Այդ դեպքում ինչո՞ւ ձեւի հարցում չեք թողնում, որ մարդն ազատ լինի. նշի իր ուզածով՝ «պտիչկայով», շրջանակով, խաչով»: Գ. Ազարյանի տրամաբանությամբ. «Որովհետեւ գույները քիչ են (հավանաբար՝ ի տարբերություն պտիչկայի ձեւերի)»:

Հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ Հայաստանից դուրս՝ արտերկրում գտնվում է 4931 ՀՀ քաղաքացի: Ըստ ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի՝ «Քաղաքացիության մասին» օրենքի համաձայն, ովքեր ապրել են արտերկրում եւ 7 տարուց ավելի հյուպատոսական հաշվառման չեն կանգնել, զրկվել են ՀՀ քաղաքացիությունից: Այդ դեպքում պետք է կրկնել «Առավոտի» այն հարցը, որ նախընտրական փուլում տրվում էր թե փոխոստիկանապետին, թե Ալվինա Զաքարյանին եւ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովին. «Ընտրացուցակներում կան մարդիկ, ովքեր 6,7,8,10 տարուց ավելի չեն բնակվում Հայաստանում: Ինչո՞ւ չեք հանում նրանց»: Հետեւում էր պատկան մարմինների այս պատասխանը. «Քանի որ այդ մարդիկ հաշվառումից դուրս չեն եկել, լիազորագիր չեն տվել որեւէ մեկին, նրանց իրավունք չունենք հանելու: Կարող է նրանցից մեկը վաղը գա Հայաստան ու մասնակցի քվեարկությանը»:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի ներկայացմամբ, 1018 ընտրատեղամասերում փոփոխություններ են եղել, ինչին պատասխանող կողմը ասում է՝ «Եղել են շտկումներ»:

ՕԵԿ-ի ներկայացուցիչը բերեց 23/39 տեղամասային հանձնաժողովի վերահաշվարկված թվերը: 910 է եղել ընտրողների թիվը, սակայն օգտագործվել է 1623 քվեաթերթիկ, ինչն ավելի է 752-ով: Պատասխանողն այս անճշտությունների համար ասաց. «Վերահաշվարկի պահանջի մասին դիմում չի ներկայացվել: ԿԸՀ արձանագրության 1-ին էջում փոփոխություն չեն կրել թվերը, 2-րդ էջում 1623 է գրված, ստորագրված՝ տեղամասային հանձնաժողովի կողմից»: ՕԵԿ-ի տվյալներով, 110 ընտրատեղամասերում նմանօրինակ իրավախախտումներ կան: ԿԸՀ-ին ուղղվեց հետեւյալ հարցը՝ արձանագրությունները, եթե ստորագրված չեն, վավե՞ր են համարվում, պարզվեց՝ «ԿԸՀ-ն ասեկոսեներով չի առաջնորդվում, չկան պատճառաբանություններ չստորագրելու մասին»: Իսկ գործավարության չլրացված մատյանների մասին պատասխանողը ասելիք չուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել