Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ արվեստագետներին կրկին մերժեցին

Հուլիս 18,2007 00:00

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խոչընդոտում է մշակութային անցուդարձին՝ անտեսելով Գրիֆ Օ՛Նիլի միջնորդությունը՝ հայաստանցի արվեստագետներին մուտքի թույլտվություն տրամադրելու հարցում:

Հոլիվուդում անցկացվող Աշխարհի կատարողական արվեստների ամենամյա առաջնությանը Հայաստանը մասնակցում է 2000 թվականից: Հիշեցնենք, որ 2000թ. առաջին հայ մասնակից Արտակ Բաղդասարյանը (մոդել) շահեց առաջնության բոլոր մրցանակները՝ 2 ոսկի, 1 արծաթ եւ 1 բրոնզ, ուղի բացելով արվեստի այլ ոլորտներում ստեղծագործող երիտասարդ մյուս գործընկերների համար: Հետագայում երգիչ Անդրեն եւ Բակուր Քալանթարյանը (դասական վոկալ) դարձյալ արժանացան ոսկե մեդալների: Սակայն անցյալ տարի ԱՄՆ դեսպանատունը մերժեց հայ արվեստագետների ողջ խմբին: Այս առնչությամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական բաժնի աշխատակից Իրինա Ալավերդյանը «Առավոտին» հայտնեց հետեւյալը. «Հոլիվուդում անցկացվող Աշխարհի կատարողական արվեստների առաջնությանը մասնակցող հայաստանցի արվեստագետների խմբի անդամները վիզա ստանալու ԱՄՆ-ի օրենքների պահանջներին չեն համապատասխանել»: Սա այն դեպքում, երբ հայ արվեստագետներին վիզա տրամադրելու խնդրանքը եւ նրանց վերադարձը երաշխավորել էր ԱՄՆ քաղաքացի, Աշխարհի կատարողական արվեստների առաջնության պրեզիդենտ Գրիֆ Օ՛Նիլը: 2006թ. առաջնության ավարտին բարձրացվել էին Հայաստանի եւ Արցախի դրոշները՝ ի պատիվ սփյուռքահայ եւ այժմ Եվրոպայում ու Ամերիկայում բնակվող հայաստանցիների ու արցախցիների, որոնք հաղթել էին արվեստի տարբեր ոլորտներում:

Հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը Հոլիվուդում կանցկացվի Աշխարհի կատարողական արվեստների 11-րդ առաջնությունը: Բայց, ինչպես մեզ հայտնեց առաջնության հայկական բաժնի տնօրենի հայաստանյան հանձնակատար Վազգեն Բաղդասարյանը, այս տարի նույնպես ԱՄՆ դեսպանատունը մերժել է հայ արվեստագետների ողջ խմբին մուտքի թույլտվություն տրամադրել: «Ախր վաղօրոք, CD-ների եւ տեսանյութերի միջոցով կազմկոմիտեն ընտրել էր 6 մասնակիցների: Նրանք բոլորը պրոֆեսիոնալներ են. դուդուկահար Արտավազդ Թադեւոսյան, Արտակ Բադալյան (հարվածային գործիքներ), հայր եւ դուստր, դաշնակահար եւ ջութակահար Արմեն եւ Սոնա Աղաջանյաններ, Տաթեւիկ եւ Լիլիթ Ավետիսյաններ (փոփ արվեստ)»,- ասաց պարոն Բաղդասարյանը: Հետաքրքրությանը, թե ինչո՞վ են հիմնավորել մերժումը, մեր զրուցակիցն ասաց. «Օրինակ, Լիլիթին եւ Տաթեւիկին ասել են, որ ամուսնացած չեն, Արմենին ու Սոնային՝ ձեր հարազատներից բնակվում են ԱՄՆ-ում… Անգամ ճանաչված դուդուկահար Արտավազդ Թադեւոսյանի դեպքում դեր չի խաղացել ՀՀ մշակույթի նախարարության եւ պետկոնսերվատորիայի կողմից տրված երաշխավորագիրը: Այս տարի առաջնության պրեզիդենտն էլ է նամակ-երաշխավորագիր հղել ԱՄՆ դեսպանատուն, բայց՝ ապարդյուն»:

Վ. Բաղդասարյանը, որ հեռախոսազրույց էր ունեցել Գրիֆ Օ՛Նիլի հետ, մեզ հաղորդեց, որ վերջինս դեռ հույսը չի կորցրել ու պատրաստվում է երկրորդ խնդրանք-գրությունն ուղարկել դեսպանատուն: «Չեմ էլ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունը խոչընդոտում հայաստանցի արվեստագետներին համաշխարհային առաջնությունում ներկայանալ, չէ՞ որ դեսպանատան հիմնախնդիրներից է նաեւ երկու երկրների միջեւ մշակութային անցուդարձի խթանումը»,- նեղսրտեց պրն Բաղդասարյանը:

«Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը փոխանցեց հյուպատոսական բաժնի հետեւյալ պատճառաբանությունը. «Հաշվի առնելով անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, մենք չենք կարող երրորդ կողմի հետ քննարկել կոնկրետ գործեր (նկատի ունեն մամուլը- Ս. Դ.)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031