Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակին թաքցրել ե՞ն

Հուլիս 24,2007 00:00

\"\"Երգչուհի Սիլվա Հակոբյանի երգերի բառերի հեղինակը Գոհար Ադիլխանյանն է

Երբ երգչուհի Սիլվա Հակոբյանը ամիսներ առաջ BBC-ի «THE NEXT BEST THING» մրցույթի հաղթող ճանաչվեց, նրա հետ միասին փառքի արժանացավ նաեւ երգչուհու քույրը՝ Մանե Հակոբյանը, ով գրել է BBC-ում հաղթած «I LIKE» երգի երաժշտությունը: Թեեւ Մանեն միայն երգի երաժշտությունն է գրել, այնուամենայնիվ, սկզբում նա ներկայացվեց որպես երգի հեղինակ (ինչը նշանակում է, որ նա գրել է երգի եւ երաժշտությունը, եւ բառերը): Ավելի ուշ մամուլում հայտնվեց երգի բառերի իսկական հեղինակի անունը: Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց «I LIKE» երգի տեսահոլովակը, որտեղ նշված էր, որ երգի բառերի հեղինակը Գոհար Ադիլխանյանն է: Վերջինս «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց, որ դա առաջին երգը չէ, որ ինքը գրել է Սիլվա Հակոբյանի համար: «Անցած տարի մի երգ էի գրել եւ նվիրել Սիլվային, քանի որ ես եւ Մանեն մտերիմ էինք,- պատմում է Գոհարը,- հետո իրենք ասացին, որ այդ երգը ոչ թե Սիլվան, այլ Սյուզի Մելիքյանը պետք է երգի:

Մեր շոու-բիզնեսում այդպիսի բաներ հաճախ են լինում»: Տեղեկացնենք, որ նշված երգի («I’M BLESSED») հիման վրա Սյուզի Մելիքյանը հետագայում տեսահոլովակ նկարահանեց, որտեղ նշվում է, որ երգի հեղինակը Մանե Հակոբյանն է: «Երբ խոսեցի Մանեի հետ, նա ասաց, որ իբրեւ կամ տեսահոլովակի ռեժիսորն է անուն-ազգանվանս թերթիկը կորցրել, կամ Սյուզին,- ասում է Գոհարը,- ես անվճար էի երգի բառերը գրել՝ ակնկալելով, որ անունս կնշվի որպես հեղինակ եւ կամաց-կամաց հայտնի կդառնամ, սակայն այդպես չեղավ»:

Չնայած դրան, Գոհարը հետագայում եւս երկու երգի բառեր է անվճար գրել Սիլվա Հակոբյանի համար. «Անցած տարվա ամռանը երկու երգ գրեցի եւ տվեցի Մանեին, իսկ երբ արդեն Սիրիա էի մեկնել, Մանեն զանգահարեց եւ ասաց, որ երգերից մեկը Անգլիա են ուղարկում՝ մրցույթին ներկայացնելու: Ասացի, որ անունս անպայման նշվի որպես երգի հեղինակ եւ հատուկ անուն- ազգանունս գրեցի ուղարկեցի, որ նույն պատմությունը չկրկնվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031