Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒԶԵՆ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ, ԿՈՒԶԵՆ ԿԻՋԵՑՆԵՆ

Օգոստոս 08,2007 00:00

Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կախված է օլիգարխների քմահաճույքից

Այսօր Հայաստանի օրենսդիր եւ գործադիր մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող օլիգարխների ներգրավվածությունը հանգեցնում է նրան, որ երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող ազգային ու պետական ծրագրերն ու օրենքները հեշտ ու հանգիստ փոփոխվում են՝ հարմարեցվելով նույն օլիգարխների բիզնեսի եւ ժամանցիպահանջներին:

Վերջերս քաղաքաշինության նախարարությունը մշակել է Սեւանա լճի մակարդակի բարձրացումը դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծ, համաձայն որի՝ նախկին 1908 մետրի փոխարեն, Սեւանա լճի մակարդակի բարձրացումը պետք է դադարեցնել ծովի մակերեւույթից 1905 մ բարձրության վրա: Նոր նախագիծը հարուցել է մի շարք բնապահպանների եւ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամների դժգոհությունը: Հանձնաժողովի փոխնախագահ, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ավելի քան ակնհայտ է այս նախագծի նպատակը: Եթե Սեւանա լճի մակարդակը բարձրացվի, ապա շատ ապօրինի շինությունների սեփականատերեր ստիպված կլինեն լճի ափին գտնվող իրենց կառույցները քանդել: Չի կարելի մի քանի հոգու քմահաճույքի համար հսկայական բնական գեղեցկությունը ոչնչացնել»: Ռ. Հովհաննիսյանի խոսքերով. «Սեւանի ջրերը հանդիսանում են մեր երկրի եւ տարածաշրջանի խմելու ջրի ռազմավարական կարեւոր պաշարներ, իսկ լճի հանդեպ նման անպատասխանատու մոտեցումը բացասական հետեւանքներ կթողնի Սեւանի էկոհամակարգի վրա: Լճի ճահճացումը կանխելու համար պետք է նրա մակարդակի բարձրացումը հասցնել գոնե մինչեւ 1908 մետրի, որից 4.5 մետրը ալեկոծման ենթակա տարածքների հորիզոնն է»: Այսինքն, ըստ փորձագետների, առավելագույն ալեկոծման դեպքում լճի ջրերը կարող են հասնել այնտեղ, որտեղ կհասնեին, եթե լճի մակարդակը հանգիստ պայմաններում ծովի մակերեւույթից լիներ 1908 մ բարձր: Այս ամենը նկատի ունենալով, հանձնաժողովի մասնագետները գտնում են, որ 1908 մ նիշից ներքեւ գտնվող տարածքներում կառուցապատումները պետք է արգելվեն, իսկ արդեն գործող շինություններն էլ՝ ապամոնտաժվեն եւ տեղափոխվեն ավելի վերեւ: Հանձնաժողովի անդամներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Առավոտին» պատմեց, որ իր հետ մասնավոր զրույցում ափամերձ օբյեկտներից մեկի տերը ընդհանրապես դեմ է արտահայտվել իր օբյեկտը անգամ մի քանի մետր վերեւ տեղափոխելուն՝ պատճառաբանելով. «Ես փոխհատուցման կարիք չունեմ, ինձ պետք ա, որ գարաժիս դռները բացեմ, ու «յախտաս» մտնի ջուրը»:

Հանձնաժողովի անդամները վրդովված են նաեւ, որ նախագծի մասին իրենց տեղյակ չի պահվել, մինչդեռ «Սեւանի մասին» օրենքում նշվում է, որ բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են լճի պահպանությանը, պետք է փորձագիտական հանձնաժողովի կողմից ունենան փորձագիտական եզրակացություն: Նրանց համոզմամբ. «Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի քաղաքաշինության նախարարությունը լճի ափին գտնվող շքեղ կառույցների տերերին՝ նրանց շինությունների ապամոնտաժման համար միլիոնավոր դոլարների փոխհատուցում չտա»:

Անհասկանալի է, թե նոր նախագիծն ինչու է մշակվել հատկապես քաղաքաշինության նախարարության կողմից: Այս առնչությամբ քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանն «Առավոտին» պարզաբանեց. «Մեր նախարարությունը ոչ մի նախագիծ էլ չի մշակել: Նախագծի մշակման նախաձեռնողը կառավարությունն է: Մենք պարզապես նրանց տրամադրած թվերը տեղավորել ենք օրենքի մեջ: Սեւանի մակարդակի բարձրացումը դադարեցնելու մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա, զարմանալի է, թե այդ գաղափարների հեղինակն ով է: Մեր պատկերացմամբ, տարաձայնությունն առաջացել է՝ կապված ալիքի ծավալի հետ: Մինչ այժմ նախատեսվում էր Սեւանի մակարդակը բարձրացնել մինչեւ 1908 մետր, որից 4.5 մետրը ալիքի ծավալն է: Սակայն ալիքը Սեւանում կարող է լինել առավելագույնը 1.5 մետր: Ինչ վերաբերում է սեփականատերերի փոխհատուցմանը, ապա ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացած վնասը փոխհատուցման ենթակա չէ, այն սեփականատիրոջ խնդիրն է»:

Հիշեցնենք, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2001 -ին: Օրենքի հեղինակներն են Վիկտոր Դալլաքյանը, Վաչագան Բոստանջյանը, Գագիկ Թադեւոսյանը եւ Արամայիս Բարսեղյանը: Ըստ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, նախքան օրենքի ընդունումը, նախագիծն ուղարկվել է 100-ից ավելի մասնագետների եւ 60 գիտական ու բնապահպանական կազմակերպությունների եւ ստացված 140 առաջարկներից 90-ը ընդգրկվել է նախագծում: ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Օրենքի վերջնական տեսքն արժանացել է բազմաթիվ մտավորականների, գիտնականների ու մասնագետների հավանությանը: Ցավալի է, որ այսօր ոմանք իրենց անձնական շահը գերադասում են պետական շահից»:

Պրն Դալլաքյանը մեզ ներկայացրեց մտավորականների տեսակետները՝ հիշյալ խնդրի հետ կապված: Սիլվա Կապուտիկյանը նշել էր. «Վստահ չեմ, որ սույն օրենքը, բոլոր մյուս օրենքների նման, չի մնա թղթի վրա եւ կկիրառվի ամբողջությամբ, այնուամենայնիվ, ողջունելի է, որ մեր անզուգական Սեւանն արժանանում է այսպիսի լուրջ ուշադրության: Կուզենայի առաջարկել, որ օրենքում շեշտվեր նաեւ լճի ափերի կառուցապատման ընթացքում հայկական ճարտարապետության մոտիվների օգտագործման անհրաժեշտությունը»:

Հրանտ Մաթեւոսյանն էլ խիստ կարեւորելով «Սեւանա լճի մասին» օրենքի անհրաժեշտությունը, առաջարկել էր ստեղծել առանձին նախարարություն, որն էլ կզբաղվի Սեւանի խնդրով ու միայն այս դեպքում էր նա օրինագիծը համարում իրագործելի: Զորի Բալայանն էլ համոզմունք էր հայտնել, որ «այս օրենքի ընդունումը կդառնա իսկական պատմական, եթե չասենք՝ փրկարար իրադարձություն: Հուրախություն ինձ, նախագծում գտա, իմ կարծիքով, ամենակարեւորը՝ հեռանկարին նպատակաուղղված ռազմավարական միտքը: Միայն օրենքը կփրկի մեր վերջին կենսատու աղբյուրն ու անհաղթահարելի պատնեշ կդառնա պետական այն չինովնիկների առաջ, որոնց քմահաճույքով փրկարար Սեւանը կթու կով է դարձել՝ ապագայի առաջ, սեփական զավակների առաջ, սեփական ժողովրդի առաջ պատասխանատվության զգացումից իսպառ զուրկ մի խումբ մարդկանց համար»:

Այժմ «Առավոտը» Զորի Բալայանից հետաքրքրվեց, թե վերոնշյալ նոր նախագծի մասին ի՞նչ կարծիքի է: Պրն Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սեւանա լճի նոր նախագծին դեռեւս ծանոթ չէ եւ պարզաբանումներ կտա միայն այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո:

Ներկայումս լճի մակարդակը 1898.7 մետր է: Փորձագետների հավաստմամբ, եթե առաջիկայում Սեւանի մակարդակը արհեստականորեն չբարձրացվի եւս մի քանի մետրով, ապա լճի դեգրադացումն անխուսափելի կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031