Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ «ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ»

Օգոստոս 08,2007 00:00

Հոգլանդը Հայաստան չի գա

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի արդեն նախկին հավակնորդ Ռիչարդ Հոգլանդից հայ հասարակությանն «ազատելու» կարեւորագույն առիթով երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում բանախոսը՝ ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանը ,կարծիք հայտնեց, թե Հոգլանդի նշանակման հարցը մեջտեղից հանելը ԱՄՆ հայ համայնքի «հաղթանակն էր». «Ամերիկայի հայ համայնքը՝ տարբեր քաղաքական դեմքերի օգնությամբ, կարողացավ կասեցնել Բուշի ցանկությունը՝ ՀՀ ուղարկել ամերիկացի այնպիսի դիվանագետի, որը ցեղասպանության փաստը հարցականի տակ էր դնում՝ ի տարբերություն ԱՄՆ պետության պաշտոնական կեցվածքին, որը, «ցեղասպանություն» բառը չօգտագործելով հանդերձ, ցեղասպանության փաստը հարցականի տակ չի դնում»: Պարոն Մանոյանն այդ «հաղթանակից» մի փոքր բաժին հանեց նաեւ հայաստանյան դիվանագիտությանը. «Դա նաեւ ՀՀ դիվանագիտության հաջողությունը կարելի է համարել, թեեւ Հայաստանը ոչինչ չարեց այդ ուղղությամբ: Սպիտակ տունը ցանկանում էր, որ պաշտոնական Երեւանը ճնշի հայ համայնքին, որ նրանք վերացնեն Հոգլանդի հաստատման արգելքը, բայց, բարեբախտաբար, Երեւանն այդ չարեց»:

Իմիջիայլոց, ըստ ամերիկյան մամուլի, Հոգլանդն ինքն է դիմել, որ իր թեկնածությունը հանեն: Ըստ Կ. Մանոյանի վերաշարադրանքի, Հոգլանդն ասել է՝ «ինձ չի թվում, թե երբեւէ իմ թեկնածությունը կհաստատվի Սենատի կողմից»: ԱՄՆ սենատի ընթացակարգով նույնիսկ մեկ սենատորի ցանկությամբ դեսպանի թեկնածուի հաստատումը կարող է հետաձգվել, եւ դա կարող է անվերջ տեւել: Հենց այդպես էլ գործել են հայ համայնքի բարեկամ սենատորները:

Ամերիկահայերի կողմից այդպես էլ չսիրվելու պատճառը Հոգլանդի սեռական նախընտրությունները չեն: Համենայնդեպս, պարոն Մանոյանը վստահեցնում էր, որ Հոգլանդի միասեռական լինելը որեւէ ձեւով չէր կարող ազդել այն սենատորների վճռի վրա, որոնք հայ համայնքի ուղղորդությամբ արգելք էին հանդիսանում:

Թե ինչու ԱՄՆ-ը պաշտոնապես չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, որեւէ բացատրություն չի տրվում, բայց բոլորս էլ գիտենք, ասում է Կ. Մանոյանը, որ այդ բառը չօգտագործելու միակ պատճառը Թուրքիային չնեղացնելու ցանկությունն է. «Չի ասում, որ չնեղացնի Թուրքիային ու նաեւ լծակ ունենա Թուրքիայի դեմ՝ իմ ուզածով չշարժվես, հայոց ցեղասպանությունը կճանաչեմ»: Որպես լծակի օրինակ, նա հիշեց այն դեպքը, երբ երկու տարի առաջ Թուրքիան փորձեց ասել, թե ԱՄՆ-ն Իրաքում ցեղասպանություն է իրականացնում, Անկարայում ԱՄՆ դեսպանը հակադարձեց՝ Թուրքիան չէ, որ մեզ պիտի ցեղասպանության մասին դասեր տա: Ճիշտ է, այդ դեսպանին հետո հետ կանչեցին Անկարայից, բայց դա այնքան էլ կարեւոր չէ:

Դաշնակցական գործիչն առիթը բաց չթողեց՝ ՀՀՇ-ին քննադատելու: Առավել եւս՝ նախագահական ընտրությունների նախօրեին, հատկապես, երբ համառորեն շրջանառվում են ՀՀ առաջին նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու մասին ենթադրությունները: Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե որքանո՞վ էր ճիշտ մեր արտաքին քաղաքականության օրակարգում ցեղասպանության հարցն առաջնահերթություն դարձնելու պատճառով բլոկադայի մեջ հայտնվելը, նա ասաց. «Կարծում եմ, այստեղ պետք է մի քիչ արձագանքել թուրքական մամուլի հոդվածներին, որտեղ ափսոսանք կա, թե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Թուրքիան հնարավորություն ուներ Հայաստանի հետ ինչ-որ չափով նորմալ հարաբերություններ հաստատելու, բայց չարեց: Կարծում եմ, Թուրքիայի նկատմամբ ՀՀՇ-ի նման քաղաքականություն վարող ուժ Հայաստանում այլեւս չի գա իշխանության, բայց նույնիսկ ՀՀՇ-ի օրոք Թուրքիան մերժեց ՀՀ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը: Այնինչ այդ ժամանակ արտաքին հարաբերությունների օրակարգում ցեղասպանության հարց չկար, ընդհակառակը, Հայաստանն այդ ժամանակ փորձում էր ամեն ինչ անել, որ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ սկսի, սակայն Թուրքիան պահանջում էր ՀՀ իշխանություններից՝ դուք չեք հետապնդում այդ հարցը, ձեր սփյուռքին էլ ճնշեք, որ մեզ հանգիստ թողնեն: Այսինքն, ցեղասպանության հարցը չի Թուրքիային մղել այս կեցվածքին, Թուրքիան ինքն է դեռ 1991թ. սեպտեմբերի 22-ից որդեգրել թշնամական վերաբերմունք Հայաստանի հանդեպ»:

Իսկ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու օրը կգա միայն այն ժամանակ, երբ Թուրքիայում կարգավորվի ներքին համակարգը: «Մինչեւ ներքին հակամարտությունները չկարգավորվեն, մինչեւ զինվորական հեղաշրջման ամենօրյա վտանգը չվերանա, այդ օրը չի գա»,- կանխատեսեց ընկեր Կիրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել