Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԹԵՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

Օգոստոս 08,2007 00:00

«Գիտությունից դեպի բիզնես, մտքից դեպի եկամուտներ»

Այս տարվա հուլիսի 4-7-ը Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ) անցկացված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական առաջին միջազգային «ԱրմԹեք» համաժողովի (ArmTech Congress) համաֆինանսավորող եւ մասնակից էր նաեւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ):

Տեխնոլոգիաների հայկական համաժողովը բարձր տեխնոլոգիաներին նվիրված առաջին միջազգային համաժողով-ցուցահանդեսն է Հայաստանի արագորեն զարգացող տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրվող մասնագետների համար: Համաժողովը նախատեսում էր նոր մեթոդներ առաջարկել ծրագրերի, հեռահաղորդակցության, թվային հաղորդիչ սարքավորումների, վերականգնվող եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների, հետազոտությունների եւ զարգացման, բիոտեք եւ մաքուր քիմիական տեխնոլոգիաների վերաբերյալ:

Համաժողովի խնդիրների, բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների եւ վերականգնվող էներգետիկայի արդի վիճակի մասին իր տպավորությունները մեզ հետ զրույցում հայտնեց ՀՎէԷՀ տնօրեն Թամարա Բաբայանը:

– Տիկին Բաբայան, եթե վաղ է ամփոփել համաժողովի արդյունքները, ապա ժամանակն է անդրադառնալ դրա կազմակերպման անհրաժեշտության գնահատմանը: Ինչո՞ւ եւ ի՞նչ սպասելիքներով Հիմնադրամը մեկնեց «ԱրմԹեք» համաժողովի:

– Նմանատիպ համաժողովներ մինչ այս էլ են կազմակերպվել, սակայն առավելապես ճյուղային, ասենք՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղվածություն են ունեցել: Այս համաժողովի նպատակն էր համակարգված ներկայացնել բարձր տեխնոլոգիաները Հայաստանում եւ ուներ բովանդակային բազմազանություն: Կար եւ կառուցվածքային ներկայացվածության բազմազանություն՝ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, գործարարներ, գիտնականներ, պրոֆեսորադասախոսական կազմ, ներդրողներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, հեղինակավոր արտադրողներ՝ բարձր տեխնոլոգիաների տարբեր ոլորտներից:

Մեր հիմնադրամի եւ այս համաժողովի նպատակները համահունչ են ու մեր մասնակցությունը կանխորոշված էր: «ԱրմԹեք» համաժողովը նպատակ ունի զարգացնել Հայաստանում բարձր տեխնոլոգիաները այնպես, որ ոլորտը զարգանա կայուն՝ ապագա ունենալով, համաժողովի կազմակերպիչները նաեւ ցանկանում են խթանել գործարարության, կադրային համալրման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական ընկերություններում ներդրումների կատարման հնարավորությունները: Իսկ մեր հիմնադրամն իր ծրագրերի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի Վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում կարեւոր առաքելություն ունի՝ կապ հանդիսանալ պետության, գիտնականների, ֆինանսավորողների, արտադրողների միջեւ: Ուստի «ԱրմԹեք» համաժողովը առիթ էր մեր այս առաքելությունն իրականացնելու համար: Այն հնարավորություն էր ընձեռում կապեր հաստատել բարձր տեխնոլոգիաների համաշխարհային համայնքի առանցքային ներկայացուցիչների հետ, հայկական ընկերություններին՝ ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները եւ լավ հնարավորություն էր պոտենցիալ ներդրողներին ու բիզնես գործընկերներին հանդիպելու համար:

Տեխնոլոգիաների հայկական համաժողովը ոլորտի մասնագետների միջեւ արդյունավետ գործարար կապեր հաստատելու հնարավորություն տվեց՝ կարիերայի, համագործակցության, ներդրումների, ռեսուրսների եւ այլ ասպեկտների առումով: Համոզված եմ, որ «ԱրմԹեք» համաժողովը նաեւ խթան կհանդիսանա Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա աճի համար:

Մենք կոնգրեսի հովանավոր դարձանք ինչպես կազմակերպչական առումով, այնպես էլ ֆինանսավորելով ոլորտի մասնագիտացված կազմակերպություններից մեկի մասնակցությունը:

– Ասել է թե՝ համաժողովը ինքնանպատակ կամ քիչ արդյունավետ չէր:

– Հաճախ է պատահում, երբ որեւէ գիտաժողով կամ համաժողով ավարտվում է, ու արդեն մինչեւ ավարտն է սպառված, վերջացած լինում: Այս դեպքն հակառակի օրինակ է. համաժողովն անցկացնում էր պլենար քննարկումներ, որին մասնակցում էին բոլոր մասնակիցները, եւ թեմատիկ (սեսիոն) քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները դիտարկում էին նշյալ ոլորտում առկա եւ հնարավոր բոլոր խնդիրները: Յուրաքանչյուր թեմատիկայի շուրջ ակտիվ, աշխույժ, ուշագրավ ու հետաքրքրված քննարկումներ էին եւ անգամ կարող եմ ասել՝ ժամանակը չբավականացրեց: Ասել է թե՝ ապագայի համար անելիքներ դեռ շատ կան:

Մի առանձնահատկություն եւս. համաժողովն անցկացվում էր հովանավորչական սկզբունքներով: Դա շահագրգիռ որոշ կառույցեր էին՝ Վիասֆեր Ինթըրնեյշընըլ ընկերությունը, որի գործադիր տնօրեն Թոնի Մորոյանը Տեխնոլոգիաների հայկական համաժողովի նախագահն էր, ՅուԲիԷս (UBS), Սինոփսիս, Վիրաժ Լոջիք, Սոնիքս եւ այլն, որոնք զգալի ներդրում ունեցան համաժողովի կազմակերպման գործում:

Սա առաջին համաժողովն էր՝ նախատեսված աշխարհասփյուռ հայկական համայնքի ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են մասնակից դառնալ ոլորտի զարգացմանը: Հրաշալի հնարավորություն էր՝ ներկայացնելու մեր ձեռքբերումներն ու նվաճումները, ինչպես նաեւ համեմատելու, հստակեցնելու՝ ինովացիոն կամ նորագույն տեխնոլոգիաները, որ մենք առաջարկում ենք կիրառման՝ որքանով են իրենց արդարացրել կամ թե որքանով են անարդյունավետ՝ արտասահմանյան փորձը նկատի ունենալով:

– Իսկ Ձեր հիմնադրամին որոշակի ի՞նչ տվեց համաժողովին մասնակցությունը…

– Պետք է ասել, որ վերականգնվող էներգետիկային նվիրված քննարկումը ինչ-որ չափով նորություն էր, որովհետեւ, եթե մինչ այս տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող բազմաթիվ քննարկումներ են եղել տարբեր միջազգային գիտաժողովներում, ապա ՎԷ-ի ոլորտում Հայաստանն առանձնապես ներկայացված չի եղել արտասահմանում: Հիմնական ելույթ-շնորհանդեսների ժամանակ մեր հիմնադրամը ներկայացրեց ՎԷ ոլորտը նախ տեխնիկական առումով՝ Հայաստանում առկա ներուժը ՎԷ տարբեր ուղղություններով (հիդրո, քամու էլեկտրակայաններ, մինչ օրս անցկացված մոնիթորինգները արեւային եւ քամու պաշարների վերաբերյալ), ռեսուրսային բոլոր հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ներդրողների, հետագայում արտադրություն կազմակերպողների համար: Դրան զուգահեռ, ես ներկայացրեցի հիմնադրամը նաեւ որպես գործիք՝ այդ ծրագրերն իրականացնելու համար: Մասնավորապես, հիմնադրամը ունակ է օժանդակելու բոլոր այն խնդիրներում, որոնք օտարերկրյա ներդրողները կարող են ունենալ մեր երկրում՝ ոլորտը կարգավորող օրենսդրությանը ծանոթ չլինելով, եւ հաղթահարելու խոչընդոտները կամ դժվարությունները: Հիմնադրամը ներկայանում է որպես այս խնդիրները լուծող հուսալի աջակից:

Միեւնույն ժամանակ, հիմնադրամը ներկայացրեց կառավարության կողմից տարվող քաղաքականությունը, որը այս ոլորտի զարգացումը իր գերակայություններից մեկն է համարում եւ բավականին բարենպաստ դաշտ է ստեղծել: Այս տեղեկությունները բավականին ոգեւորիչ էին եւ ելույթից հետո հետաքրքրությունը շատ ավելի մեծացավ: Համաժողովից հետո դեռ օրեր են անցել՝ ես արդեն արձագանքներ եմ ստացել տարբեր կազմակերպությունների կողմից, որոնք ոչ միայն ցանկություն ունեն օգտվել մեր ծառայություններից, այլեւ անշահախնդրորեն պատրաստ են մասնագիտական խորհրդատվություն տալ այս կամ այն խնդրի վերաբերյալ՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարների ուրվագծմանը:

Կարեւորագույն եզրահանգումը, որ մենք բերեցինք համաժողովից, դա «Գիտությունից դեպի բիզնես, մտքից դեպի եկամուտներ» բանաձեւն է, որի դեպքում բոլոր կողմերը հաղթող կողմեր պետք է լինեն: Մենք պետք է օժանդակենք կառավարությանը քաղաքականության մշակման եւ օրենսդրական դաշտի բարեփոխման առաջարկներով, որպեսզի պետության, գիտնականների եւ ներդրողների միջեւ ստեղծվի իրոք փոխշահավետ համագործակցություն, երբ բոլորի շահերն էլ պաշտպանված են, որեւէ մեկն այդ ծրագրերի իրականացման արդյունքում չի տուժի՝ լինի դա պետությունը, սպառողը, թե ներդրողը:

– Անշուշտ, պատահականորեն չէր ընտրվել համաժողովի անցկացման վայրը՝ Սիլիկոնյան հովիտը, որտեղ նոր տեխնոլոգիաներն են ձեւավորվում, զարգանում:

– Իրավացի եք, Սիլիկոնյան հովիտն ասես նոր տեխնոլոգիաների ջերմոցն է: Եվ աշխարհի առաջատար կազմակերպությունները ներկայացված էին ամենաբարձր մակարդակով՝ սեփականատերեր, նախագահներ, տնօրեններ: Ուրախ եմ, որ բոլոր այդ կազմակերպությունները գտան այն, ինչ որոնում էին: Իրենց համար փոքր-ինչ զարմանքով բացահայտեցին, որ աշխարհագրորեն ոչ մեծ երկիր Հայաստանը ներկայացնող փոքր պատվիրակության անդամների մոտ առաջատար տեխնոլոգիաների խորին իմացություն եւ նոր գաղափարներ կան: Հանդիպեցին եվրոպական համապատասխան կրթություն չունեցող այնպիսի գիտնականների, երիտասարդ գործարարների, որոնք ունեն շատ կարեւոր մի առավելություն՝ ստեղծելու, արարելու կարողություն:

Պետք է շեշտեմ հատկապես, որ արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչների համար քննարկումներից դուրս հիմնական թեման դա մեր կրթական համակարգն էր՝ համալսարաններից ընդհուպ մինչեւ ակադեմիա:

– Ուզում եք ասել՝ առաջատար ընկերությունների տնօրեններն իրազեկ էին մեր կրթական համակարգի խնդիրների՞ն:

– Վստահաբար: Առաջին հայացքից ինձ եւս խիստ զարմացրեցին կրթության եւ կրթական համակարգի վերաբերյալ կրքոտ քննարկումները: Դրսի աշխարհն առաջին հերթին կարեւորում է մեր կրթական հնարավորությունները՝ ինչպես ենք մեր հեռանկարը ներկա դարձնելու: Եվ ոչ մեր պաշարները, ոչ հումքը, ոչ տնտեսական որեւէ ցուցանիշ, ոչ շրջափակումը, ոչ որեւէ այլ իրողություն նրանց գործնական հետաքրքրության համար խթան կամ խոչընդոտ չէր հանդիսանում այնքանով, որքանով կրթական համակարգի արդի վիճակը Հայաստանում: Հաճախ էի լսում՝ ինչո՞ւ է մեր համալսարանը սոսկ կրթօջախ՝ լավագույն կադրերը հետո հեռանում են գիտությամբ զբաղվելու ակադեմիայում, համալսարանի լսարանները կտրված են բուն գիտությունից եւ նոր գաղափարներից, իսկ ակադեմիան էլ սոսկ հատվածային, մասնակի հետաքրքությամբ է ուսումնասիրություններ անցկացնում:

Մեր հիմնադրամը որոշել է մեր հետագա բոլոր միջոցառումներին՝ սեմինարներ լինեն դրանք, թե քննարկումներ, հրավիրել ոչ միայն գիտնականների (ինչն արել ենք մինչ օրս), այլեւ ուսանողների: Մենք հնարավորություն կունենանք Ամերիկյան համալսարանի եւ Ճարտարագիտական համալսարանի ուսանողներին ընդգրկել մեր կողմից իրականացվող աշխատանքներում՝ փորձելով զարգացնել նրանց կարողությունները եւ կիրառելով նրանց նոր գաղափարները: Հավանական է, որ դա մեզ եւ ոլորտի ներդրողներին հնարավորություն կտա ընտրել մեր ապագա աշխատակիցներին:

– Սակայն մասնագետների մի հատված պնդում է, թե Հայաստանում տեխնոլոգիական միտք, հիմնարար գիտելիքների խորին իմացություն, ճիշտ է, կան, սակայն կրթական համակարգի եւ արդյունաբերության զգալի հետընթացի պատճառով սասանվել է նախանձելի այդ համակարգը ու նահանջ ենք ապրել:

– Իսկապես, այդ ներուժը կա: Սակայն մենք դեռ զարգացած աշխարհի հետ նույն լեզվով չենք խոսում: Եթե որոշ գիտնականներ շատ բարձր են կանգնած, մեծ հեղինակություն են վայելում եւ իրենց մտքերի զարգացման կամ կիրառման համար նաեւ ֆինանսավորում են ստանում արտերկրից, սակայն շատ շատերը դեռեւս հնարավորություն չունեն ներկայանալու:

– Արդեն իրողություն դարձած համաժողովից ժամանակ անց, այնուամենայնիվ, գուցե գնահատե՞ք այն որպես հիմնադրամի տնօրեն ու որպես հովանավոր:

– Իսկապես, այն, ինչին մենք ձգտում ենք՝ հանդիպացնել միտքն ու հնարավորությունը դա իրագործելու՝ համաժողովում մենք գտանք:

Այսօր այնքան շատ են որոշակի հետաքրքվածությամբ գործնական դիմում-նամակները համաժողովի մասնակից ընկերություններից: Անգամ այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ արդյունք կա:

Մենք հնարավոր ներդրողներին ներկայացրեցինք առկա իրավիճակը՝ այսօրվա կառավարությունն իրոք աջակից է ներդրողներին, եւ իր սահմանած գերակայությունների, մոտեցումների հարցում փոփոխություն չկա. արդեն տարիներ շարունակ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտում կառավարության նշյալ հոգածությունը պահպանվում է եւ առաջ գնում, ոլորտը զարգանում եւ ավելի նպաստավոր է դառնում ներդրողի համար: Համաժողովում որոշակի գործնական հարաբերություններ հաստատեցինք: Արդեն թե համագործակցության նամակներ, թե որոշակի ծրագրի հայտեր ունենք: Սա անգամ գերազանցել է մեր սպասումները:

– Հիմնադրամը «ԱրմԹեքի» օրերին ստորագրել է համագործակցության հուշագիր աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ամերիկյան «Ամոնիքսի» հետ. դա ինքնաբո՞ւխ, թե՞ նախապատրաստված գործարք է:

– Ըստ էության հուշագիրն ավելի վաղ է ստորագրվել: Մենք որեւէ առիթ բաց չենք թողնում թե գիտնականների, թե ներդրողների հետ աշխատելու: Գիտեինք, որ ամերիկյան «Ամոնիքս» կազմակերպության սեփականատեր Վահե Գարբոշյանը մի քանի տարի սերտորեն համագործակցել է հայաստանյան գիտնականների հետ եւ դիմեցինք համատեղ գործողություններով Հայաստանում իրենց տեխնոլոգիան ներդնելու հարցով: Ընկերությունը լուրջ հաջողությունների է հասել, աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է, ունի ուրույն տեխնոլոգիա (պատկանում է միայն «Ամոնիքսին»), որը այսօր պատրաստ է ներկայացնել Հայաստանում եւ հայաստանյան ներդրողների հետ համագործակցությամբ արտադրություն սկսել: Իհարկե, շատ մեծ արդյունքներ ակնկալել դեռ չի կարելի, որովհետեւ թեպետ փորձնական ծրագրերի մակարդակով Հայաստանը մեծ հաջողություններ ունի՝ տեղակայված են տարբեր արեւային պանելներ, արեւային տեխնոլոգիաներով էլեկտրաէներգիա ստացվում է այս պահին, սակայն դրանք ներկրված կամ ուղղակի լաբորատոր տեխնոլոգիաներ են, ոչ թե արտադրություն: Այս պահից սկսած մենք կստեղծենք արտադրության հիմքերը. մասնավորապես, կփորձենք գտնել այն բոլոր հետաքրքրված ներդրողներին, ովքեր կցանկանան այդ արտադրությունը կազմակերպել: Այն կազմակերպությունները, ներդրողները, ովքեր տեսնում են իրենց այս շուկայում, կարող են դիմել մեզ, մենք կհամագործակցենք, կներկայացնենք «Ամոնիքսին» այն հնարավորությունները, որ ունեն կոնկրետ ներդրողները: Բացի այդ, «Ամոնիքսի» հետ համատեղ արդեն մշակվում է այն մասնագետների ցանկը, որոնք անհրաժեշտ են այսպիսի արտադրության համար. կուսումնասիրենք, թե կա՞ն, արդյոք, Հայաստանում նման մասնագետներ, ինչպիսի՞ն է պոտենցիալը: Այս համաձայնագրի շրջանակներում «Ամոնիքսը» կտրամադրի անվճար հումքը, արտադրության համար անհրաժեշտ նյութերը, կօժանդակի նաեւ արտադրության կազմակերպման ժամանակ համապատասխան նախագծերով, տեխնոլոգիաների, փորձի փոխանցումով եւ հայաստանյան ներդրողը ինքը մասնակից կլինի մնացածին: Այսինքն՝ եղած նախագծերով, գծագրերով ի վիճակի կլինի կառուցել այդ կայանը: Այս փոքր փորձնական կայանին հաջողության դեպքում կհաջորդի առավել մեծ ծավալների արտադրությունը: Հիմնադրամը կքննարկի նման տեխնոլոգիաների կիրառման ամբողջ ցիկլը Հայաստանում կազմակերպելու՝ հումքից մինչեւ վերջնական արտադրանքը այստեղ արտադրելու հարցը:

Թեպետ այս ամենը դեռ սաղմնային փուլում է, սակայն կա գործողությունների որոշակի ծրագիր թե մեր, թե «Ամոնիքսի» համար, ու սա փորձաքար կլինի հիմնադրամի կողմից նմանատիպ ծրագրերն իրականացնելու համար: Սա մի մոդել է, որն աշխատելու է եւ բոլոր ներդրողների համար օրինակ կլինի:

– Ձեր հիմնադրամի համար սա առաջին դեպքն է, երբ արտասահմանյան մասնագիտացված ընկերությունը բերում է որոշակի ծրագիր, որը հայաստանյան ներդրողի միջոցներով պետք է իրագործվի՞:

– Կարելի է ասել, որ սա առաջինն է, որ ինչ-որ ձեւավորված շրջանակի է հասել: Այս պահին ստացել ենք որոշակի առաջարկներ ներդրողներից:

Ուզում եմ նաեւ կարեւորել նման ծրագրերում մեր հիմնադրամի դերը որպես երաշխավորի: Մենք ունենք այդ վստահությունը, շատերն են մեզ տեսնում որպես միջնորդ, որն իրենց զերծ կպահի անցանկալի իրավիճակներում հայտնվելու վտանգից, խաբեություններից ու թյուրիմացություններից: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ներկայացված լինելով բարձր պետական ատյանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներով եւ մասնագետներով, կոնկրետ լուծումներ է տալիս առաջացած խնդիրներին եւ անմիջական մասնակցություն ունենում որոշումների կայացմանը: Մյուս նպաստող գործոնն է, որ մեր հիմնական դոնորները՝ ՀՀ կառավարությունը եւ Համաշխարհային բանկը, վստահում են այսպիսի կարեւոր ծրագրերի իրականացումը հիմնադրամին: Համաշխարհային բանկը ոչ միայն որպես ֆինանսավորող է այս դեպքում, այլեւ օժանդակում է բարձր մասնագիտական եւ խորհրդատվական աջակցությամբ:

P.S. Բարձր տեխնոլոգիաներին նվիրված Տեխնոլոգիաների հայկական երկրորդ համաժողովը կանցկացվի 2009 թվականին: Ու կրկին միտված կլինի՝ գրավելու օտարերկրյա ներդրողների եւ ձեւավորելու, ամրապնդելու Հայաստանի իմիջը որպես զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներով երկրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել