Լրահոս
Օրվա լրահոսը

Ծերերը շատանում են, նրանց թոշակ տալը՝ դժվարանում

Սեպտեմբեր 20,2007 00:00

Որպեսզի կենսաթոշակային ֆոնդը լցվի, Վազգեն Խաչիկյանը հարկահավաքներին հորդորում է ծրարով աշխատավարձ տվող բոլոր գործարարներին ստվերից հանել:

«Այսօր Հայաստանում կա 527 հազար թոշակառու եւ ընդամենը 460 հազար գրանցված աշխատող: Այսինքն՝ 1 աշխատողի հաշվով ունենք 1.2 կենսաթոշակառու»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսից հետո պատասխանելով «Առավոտի» հարցերին՝ այսպիսի մտահոգիչ տվյալներ ներկայացրեց Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը: Այդ տվյալները մտահոգիչ են հատկապես, երբ ուսումնասիրում ես գործարարների՝ սոցիալական ապահովագրության ֆոնդին վճարած գումարների ծիծաղելի չափը: Այսօր Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն խոշոր բիզնեսմեններին, որոնք ցույց են տալիս իրենց իրական աշխատողների թիվը, աշխատավարձի չափը եւ բարեխղճորեն կատարում սոցվճարումները: Մինչդեռ, ինչպես նկատեց պարոն Խաչիկյանը, մեր երկրում ծնելիությունը գնալով նվազել է, հասարակությունը գնում է ծերացման, իսկ դա նշանակում է, որ ծերերի թիվն էլ է ավելացել, եւ նրանց բոլորին կենսաթոշակով ապահովելը պետբյուջեի վրա պարզապես ծանրագույն խնդիր է դառնում: Վազգեն Խաչիկյանը մեզ հետ զրույցում մեջբերեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց՝ 2006-ին աշխատավարձերի ֆոնդը կազմել է 500 միլիարդ դրամ: Այդ գումարից, ըստ պարոն Խաչիկյանի, գոնե 106 միլիարդ դրամը պետք է գնար սոցիալական ապահովագրության ֆոնդին: Այսինքն, եթե գործարարները նորմալ սոցվճարները մուծեին, ստվերում չաշխատեին՝ նվազագույնը 100 մլրդ դրամ կենսաթոշակային ֆոնդին անցյալ տարի կփոխանցվեր: Մինչդեռ, ինչպես պարզվել է, այդ ֆոնդին բիզնեսմենները վճարել են ընդամենը 77 միլիարդ դրամ: Վ. Խաչիկյանը հակված է կարծելու, որ դա թաքնված կամ, ինչպես ինքը նշեց՝ ծրարներով տրվող աշխատավարձի հետեւանք է: Նրա մեկնաբանմամբ՝ որպես կանոն, հիմնականում իրենց եկամուտները թաքցնում են նրանք, ում բիզնեսը շատ հաջող է ընթանում եւ հսկայական շահույթ է ստանում:

Նկատենք, որ մեր երկրում մարդիկ եթե իրենց «շեֆի» դեմ դուրս գան ու պահանջեն, որ անպայման իրենց գրանցեն որպես օրինական աշխատող՝ հետագայում կենսաթոշակ ստանալու համար, պարզապես կզրկվեն աշխատանքից: Ուստի շատ դեպքերում աշխատողն ինքն իր կամքով համագործակցում է գործարարի հետ ու սիրով իր աշխատավարձը ստանում ծրարով: «Այնպիսի աշխատաշուկայի եւ գործազրկության մակարդակի պայմաններում, որպիսին ունենք մենք, գործատուն աշխատողի հանդեպ ունի ակնհայտ առավելություն, քանի որ ունենք բավականին «լավ աշխատող» աշխատանքի պետական տեսչություն եւ նույնքան «լավ աշխատող» Աշխատանքային օրենսգիրք»,- դժգոհեց պարոն Խաչիկյանը:

Վ. Խաչիկյանը գոհ է, որ 2008-ին կկատարվի ՀՀԿ կուսակցության նախընտրական խոստումներից մեկը՝ կենսաթոշակների բարձրացումը: Նրա խոսքերով՝ «2008-ին 60%-ով կբարձրանան կենսաթոշակները՝ հաղթահարելով աղքատության նվազագույն սահմանը, եւ միջին կենսաթոշակը կկազմի 21.800 դրամ»: Պարոն Խաչիկյանի տեղեկացմամբ՝ բազային կենսաթոշակը կդառնա 6800, իսկ ապահովագրական ստաժի մեկ տարվա վճարը կկազմի 395 դրամ:

Կենսաթոշակների բարձրացումը չի նշանակում, թե 2008-ից գործարարները պետք է սկսեն ավելի բարձր սոցվճարումներ մուծել, քան նախկինում. նրանք առաջվա պես կենսաթոշակային ֆոնդին կվճարեն աշխատավարձի 22-23%-ի չափով: Իսկ կենսաթոշակների բարձրացման մասին ՀՀԿ-ի խոստումը, ըստ Խաչիկյանի, կլինի բյուջեի ավելորդ գումարների հաշվին. «Դա ենթադրում է, որ հարկահավաք մարմինները պետք է ավելի լարված աշխատեն, քանի որ նրանք են զբաղվում սոցիալական ապահովագրության վճարների գանձմամբ»:

Սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահն իր կարծիքը հայտնեց նաեւ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Նրա խոսքերով՝ «Նույնիսկ խորհրդային Հայաստանում մեր իշխանության համար ավելի երանավետ վիճակ չի եղել, երբեք ընդդիմությունն այսքան թույլ չի եղել: Վստահ եմ, որ եթե Հայաստանում ֆորս-մաժորային իրավիճակներ տեղի չունենան, ապա որոշ քաղաքական գործիչների ու մեկնաբանների կանխատեսումները՝ կապված երկրորդ փուլի հետ, հօդս կցնդեն, եւ մեր թեկնածուն մեկ փուլով կհաղթի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել