Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»՝ ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հոկտեմբեր 10,2007 00:00

\"\"Ճանաչված դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Եվգենի Գրիշկովեցը ներկայացավ հայաստանցի հանդիսատեսին:

«Հայֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է ռուսաստանցի հանրահայտ դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Եվգենի Գրիշկովեցը: Հոկտեմբերի 8-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նա հանդես եկավ «Թե ինչպես ես շուն կերա» մոնոներկայացմամբ, որն աշխարհի տարբեր բեմերում խաղացել է 500 անգամ: 1999-ին «Թե ինչպես ես շուն կերա» մոնոներկայացման պրեմիերայի հաջորդ օրն իսկ նա արթնացել է որպես հանրահայտ մարդ, իսկ 3-4 տարվա ընթացքում արժանացել ամենածանրակշիռ մրցանակների ու տիտղոսների:

Օրինակ, 2000-ին «Ոսկե դիմակ» փառատոնից միանգամից 2 մրցանակ է ստացել՝ իբրեւ նորարար եւ հաղթել քննադատների սահմանած հատուկ անվանակարգում:

Հայաստանյան բեմում, մինչ ներկայացումը սկսելը, դերասանն անկեղծացավ հանդիսատեսի հետ: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում ու իմ կյանքի 2 ժամն անցկացնելու եմ այս բեմի վրա: Այնպե՜ս կուզենայի չափսոսալ գալուս համար»: Հետո էլ հավելեց. «Ի դեպ, ձեր հայրենակից Գարիկ Մարտիրոսյանը Comedy club-ում իմ մասին հումոր է արել, որն ինձ դուր է եկել. «Եվգենի Գրիշկովեցը զանգահարում է պիցցա պատվիրելու եւ ձեռքի հետ նոր պիես է խաղում»: Խոսելով ներկայացման մասին, նա ասաց, որ «Ինչպես ես շուն կերա»-ում, որն ինքնակենսագրական փաստերի հիման վրա է կառուցված, իր համար էլ պարզ չէ, թե որտեղ է վերջանում Գրիշկովեցը, եւ որտեղ սկսվում հերոսը: «Ամեն դեպքում հերոսն ինձնից հետաքրքիր է,- ժպտալով ասաց արտիստը ու խնդրեց անջատել անվերջ աղմկող բջջային հեռախոսները,- դրանց աղմուկից ներկայացումը խաթարվում է, միեւնույն է, չեք կարողանալու խոսել, ավելի լավ չի՞ անջատեք, ու համապատասխան կինը ձեր մայրենի լեզվով ձեզ զանգողին ասի, որ ժամանակավորապես անհասանելի եք»:

Այնուհետեւ Գրիշկովեցը հեռացավ ու կուլիսներից վերադարձավ Հերոսը: Նա՝ այժմ արդեն 40-ամյա նախկին զինվորական նավաստին, ներկայացնում է իր հիշողությունները: Դրանք համեմված են նուրբ հումորով, երբեմն հեգնանքով, բայց այնքան իրական ու մարդկային են, որ Գրիշկովեցին հաջողվեց 2 ժամ հանդիսատես «պահել»: Չկային դեկորներ, լուսաձայնային բացառիկ էֆեկտներ, կիսամերկ մարմիններ, ոչ ոք բեմի վրա իրեն չէր «ճղում», բայց հանդիսատեսը ոգեւորվում էր, հուզվում, քահ-քահ ծիծաղում, թախծում նավաստու շորերով ոտաբոբիկ դերասանի փայլուն խաղով… Գրիշկովեցը հենց սկզբից բոլորին «իրենով էր արել»՝ սովորական տղայի մասին անկեղծ պատմությամբ: Ասես բեմի վրա ոչ թե մեկ հոգի, այլ մի ամբողջ թատերախումբ էր՝ ե՛ւ ցուրտ ձմռանը մի կերպ դասի գնացող ու հերոսի խոսքով՝ մաթեմատիկայի կաբինետի «թունավոր» լույսից խրտնող երեխա, ե՛ւ աշակերտներին ատող ուսուցչուհի, ե՛ւ ճաքճքած ձեռքերով տատիկ, ե՛ւ սիրասուն մայրիկ… Մեկ էլ երեխան, բոլորիս աչքի առաջ, դառնում է զինակոչիկ ու մեկնում խաղաղօվկիանոսային նավատորմում ծառայելու, ուր ոչ մի աղերս չկա անցյալի հետ: Վերջին «կամուրջը» թոշնած խնձորն էր՝ պոչին չորացած տերեւ, որ նախկին կյանքին վերադառնալու ակնկալիքով բանակ մեկնելիս գնացքում ուտում է հերոսը, բայց ապարդյուն: Բանակը «նյարդայնացնելու» աստիճան իրական է, անցյալն՝ անդառնալի: Այստեղ պետք է ամեն օր շարվել, անգամ շարային քայլվածքով բոլորը միասին գնալ միզելու օվկիանոսի մեջ, քիչ քնել, քիչ ուտել, պաշտպանել հայրենիքը՝ եւ այդ ամենը սպայի խուզարկու հայացքի ներքո: Մեկ էլ փոխվում են Գրիշկովեցի դիմախաղն ու «խոսող» ձեռքերը, որովհետեւ նրա հերոսը, կամ հենց ինքը Գրիշկովեցը, կրկին պիտի սահուն անցումով վերադառնա մանկություն՝ ֆրթացնելով թեյ խմող տատիկ, մայրիկ, ծննդյան տոն, սպասված նվեր, որն ասես դիտմամբ գրքի տեսքով է «ներկայանում»՝ փշրելով մի ողջ տարվա սպասումն ու երազը: Բայց ներկան ու զինծառայությունն ավելի համառ են ու հերոսի բառով՝ կոնկրետ, որովհետեւ ցուրտ է, մութ է, իրենց հսկող ու տախտակամածը օրը 4 անգամ լվանալ տվող հայհոյաբերան սպաները հույս չունեն, թե տեսանելի ապագայում իրենց կոչումները կբարձրացվեն, ու այդ ամենի մեղավորը, բնականաբար, նորակոչիկներն են: Իսկ վերջիններս ումի՞ց պետք է վրեժ լուծեն մշտական նվաստացումների համար՝ միաժամանակ շարունակելով պաշտպանել հայրենիքը, իհարկե՝ ծառայության վայրում թեւածող ու Կարմիր գրքում գրանցված բացառիկ թիթեռներից…Եվ այսպես շուրջ 2 ժամ հայաստանցի հանդիսատեսը «մագնիսացած» էր Գրիշկովեցի խաղից, խոսքից, արտիստիզմից, նրա հանդեպ ունեցած անսահման հարազատության զգացումից: Պատահական չէր, որ դահլիճի կիսադատարկությունը փոխհատուցեցին երկարատեւ բրավոները՝ մոնոներկայացման ավարտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել