Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԻՈՆԵՐ Է ԳԵՂԱՄԻ ԿՈՂՔԻՆ»

Նոյեմբեր 06,2007 00:00

\"\"Մոսկվաբնակ բալետմայստեր Մարկ Մնացականյանի մասին հայտարարում է օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

Վերջին շրջանում մամուլում հաճախ են հրապարակումներ հանդիպում օպերային թատրոնի մասին: Օրինակ, ՌԴ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Մարկ Մնացականյանը նաեւ իր ասուլիսում էր դժգոհել, թե օպերային թատրոնի խաղացանկն աղքատ է, չի իրականացվել Ա. Տերտերյանի երաժշտությամբ՝ «Մատյան ողբերգության» բալետի իր բեմադրությունը, այն դեպքում, երբ մշակույթի նախարարությունը 1,5 մլն դրամ էր փոխանցել: Մ. Մնացականյանը նաեւ վիրավորված էր, որ ազգային օպերային թատրոնը իր հոբելյանը հավուր պատշաճի չի նշել:

Այս առիթով օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն «Առավոտին» ասաց. «Բալետմայստեր Մարկ Մնացականյանն ավելի քան 30 տարի ապրում է Ռուսաստանում եւ մեր օպերային թատրոնում՝ հայ բալետի համար ընդամենը 2 ներկայացում («Ժիզել» եւ «Լորկիանա») է բեմադրել, որից մեկը վերաբեմադրություն է: Մոսկվայից նա ինձ էր դիմել, որ ծննդյան 75-ամյակը նշենք: Ես պատասխանել էի, որ թատրոնը միջոցներ չունի: Փոխնախարարի հետ խորհրդակցեցինք ու որոշեցինք բալետային երեկո անել Մարկ Մնացականյանի պատվին, որի ժամանակ էլ նա պարգեւատրվեց մշակույթի նախարարության ոսկե մեդալով… Ցավում եմ, որ վատ տարիներին արտերկիր փախած ու հեշտ կյանք գտածները հիմա գալիս են Հայաստան ու ուզում հերոս ձեւանալ, դեռ մի բան էլ փնովում նրանց, ովքեր իրենց ուսերին են կրել թատրոնի դժվարությունները: Մեր մշակույթի նախարարը կամ շատ բարի է, կամ երեւի չի ուսումնասիրել, թե Մարկ Մնացականյանից առաջ ինչքան արվեստագետներ կան, որոնք իսկապես արժանի են մեդալի: Ես չգիտեմ, օրինակ, Մաքսիմ Մարտիրոսյանը, Հովհաննես Դիվանյանը կամ Վիլեն Գալստյանը ունե՞ն այդ մեդալից… Փոխանակ ձայնը կտրի (Մարկ Մնացականյանը- Գ. Հ.), ուրախանա, որ իր մոտ ստացվեց, մեդալը վերցնի-գնա, աշխարհով մեկ էլ հայտարարի, որ Հայաստանում իրեն մեծարել են, դեռ մի բան էլ պիտակնե՞ր է կպցնում օպերային ու Գեղամ Գրիգորյանին: Ի դեպ, ինքը Գեղամ Գրիգորյանից մի 30 տարով մեծ է, բայց իր անցած կյանքով պիոներ է Գեղամի մոտ: Ինչ վերաբերում է «Մատյան ողբերգության» բալետին, Մարկը 2004-ին եկավ եւ ասաց, թե ուզում է բեմադրել, մենք իրեն տեղեկացրինք, որ 2002-ից դեռ պետպատվեր չենք ստացել ու անգամ ծրագրված ներկայացումները չենք կարողանում իրագործել: Եթե տարին գոնե 2 ներկայացում դնեինք, ապա 5 տարում խաղացանկը 10 ներկայացումով կավելանար: Ինչեւէ, Մնացականյանը մյուս մոսկվաբնակների նման ասաց, որ ինքը կհայթայթի պահանջվող 20000 դոլարը: Այն ժամանակվա մշակույթի նախարար Թամար Պողոսյանն էլ 1,5 մլն դրամ փոխանցեց: Պողոսյանը խոստումը կատարեց, Մնացականյանը՝ ոչ: Նա (բալետմայստերը- Գ. Հ.) հետո ասաց, իբր վեհափառն ու նրա եղբայրը խաբել են, դրա համար էլ ներկայացումը կյանքի չկոչվեց, իսկ 1,5 մլն դրամը նախարարության գիտությամբ ու թույլտվությամբ ծախսվեց թատրոնի կարիքների համար»:

Պրն Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ իսպանաբնակ տենոր Վահրամ Թադեւոսյանի կողմից օպերայի հասցեին արված հայտարարություններին: «Ինքը ամենամիջակ եւ անճաշակ տենորներից է, դրա համար էլ նոտարով հաստատված թղթեր է ման տալիս, որոնցում իր մասին գովեստներ են: Ժամանակին Ռոլանդ Շառոյանի խնդրանքով ենք նրան մեր թատրոն ընդունել, բայց ապաշնորհ դուրս եկավ ու չկարողացավ անգամ դերը սովորել՝ ի՞նչ անեինք»,- ասաց օպերային թատրոնի տնօրենը: Տնօրենին խնդրեցինք մեկնաբանել լուրերն այն մասին, թե օպերային թատրոնում ոչ նորմալ բարոյահոգեբանական վիճակ է. «Չկա այդպիսի բան: Առավոտից իրիկուն մեղվի պես աշխատում ենք, այժմ էլ՝ «Դավիթ-Բեկ» օպերայի վրա: Յուրաքանչյուր ոք կարող է գալ թատրոն ու փարատել կարծիքը, թե իբր կործանվում ենք: 700 աշխատող ունենք՝ տարբեր բնավորությունների տեր մարդիկ, անհամաձայնություններ, իհարկե, հնարավոր են, բայց դրանք միայն ստեղծագործական բնույթի են: Ինձանից էլ դժգոհում են, որ արենդայով եմ տարածքը տալիս, արդյունքում՝ չենք կարողանում լիարժեք փորձեր անել: Դա էլ իր բացատրությունն ունի՝ մեր թատրոնի բյուջեի 25 տոկոսը գոյանում է արենդավճարներից եւ տոմսերի վաճառքից»:

Օպերային թատրոնի մեներգիչ Կոնստանտին Սիմոնյանն էլ էկվադորաբնակ բաս-բարիտոն Ալեքսանդր Թամազովի մասին ասաց հետեւյալը. «Նրա մասին էլ գրել էին, որ չի գնահատվում մեր օպերային թատրոնում, բայց փայլում է Էկվադորի օպերայում: Ինքս 4 տարի աշխատել եմ Էկվադորում, վստահեցնում եմ՝ այնտեղ չկա օպերային թատրոն, կան համերգային բեմահարթակներ, որտեղ կիսասիրողական մակարդակի ներկայացումներ են դրվում: Ի դեպ, Թամազովը ոչ Տիգրան Լեւոնյանի, ոչ էլ Գեղամ Գրիգորյանի օրոք սահմանված պահանջները չի բավարարել»:

Կ. Սիմոնյանը ավստրալաբնակ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի ասուլիսում՝ վերջերս արված հայտարարության կապակցությամբ, թե իրեն չեն հրավիրում Անուշ երգելու, ասաց. «Արաքսին քրոջ նման սիրում եմ: Երկար տարիներ եղել եմ իր խաղընկերը: Նա Անուշի դերերգով փայլել է 15 տարի առաջ, բայց այսօր չի կարող Անուշ խաղալ, ախր նրա մորից մեծ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930