Լրահոս
Օրվա լրահոսը

Վտարման վճիռ է կայացրել

Նոյեմբեր 27,2007 00:00

Արդարադատության համակարգի նախկին աշխատակիցը՝ արդարադատության դեմ

Ասյա Սարգսյանը 50-ից ավելի տարիներ աշխատել է արդարադատության համակարգում՝ Լենինականի ժողդատարանում, ապա ՀԽՍՀ Գերագույն դատարանի դատական գործերով քրեական կոլեգիայում՝ որպես պատասխանատու քարտուղար: Այժմ թոշակառու, 81-ամյա հաշմանդամ կնոջ մտքով իսկ չէր անցնի, որ երբեւէ անձնական խնդրով կառնչվի դատական մարմինների հետ, իր եւ արդարադատության մարմինների միջեւ կծագեն խնդիրներ:

34 տարի առաջ Ա. Սարգսյանը վարկով գնել է Երեւանի Անտառային փողոցի 152 տունը, ուր ծնվել եւ մեծացել են նրա 4 երեխաները: Տարեց կինն օրերից մի օր պարզել է, որ վերոնշյալ տան մի մասում 1980-ից «բնակվում է» Աբխազիայի Աչիգվարսկ գյուղից եկած մի տիկին: Երբ Սարգսյանը փորձել է իմանալ իր տան մի մասի «տնօրինման» հիմքերի մասին, տեղեկացել է, որ 1980 թվականին առուծախի պայմանագրով իր տան մի մասն անցել է այդ կնոջը՝ Գ. Հովսեփյանին:

«Առավոտին» դիմած Ա. Սարգսյանն ասում է, որ տվյալ առուծախի պայմանագիրը նոտարական սեղանամատյանում չկա եւ որ պայմանագրի վրա նշված 3-521 համարանիշի տակ էլ այլ գործարք է, այլ անձանց կողմից ավտոմեքենայի նվիրատվության գործարք: «Երբ Գ. Հովսեփյանը 2001-ին դիմեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ 480 քմ հողի սեփականության իրավունքի հաստատման պահանջով, չուներ անձը հաստատող փաստաթղթեր»,- ասում է անկողնուն գամված Ա. Սարգսյանը: Վերջինիս համառ պնդումներից հետո այս տարի Գ. Հովսեփյանը ներկայացրել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Մալայա Կոնդուրա գյուղի բնակչի վկայական, որը, ըստ դատական նիստերի բազմամյա աշխատակցի, ստորագրված է այլ մարդու անունով:

Ըստ «Առավոտի» բողոքաբերի, եթե անձը անշարժ գույքի սեփականատեր չէ, իրավունք չունի հողի սեփականության պահանջ ներկայացնել, մանավանդ որ, նա այլ պետության քաղաքացի է: Սակայն օրեր առաջ դատարանը վճռել է վտարել Ա. Սարգսյանին վիճելի տարածքից: «Ես չգիտեմ ինչ բառերով արտահայտեմ իմ բողոքը, վիրավորանքը: Անտեսելով աղաղակող կեղծիքները, դատավորները վճիռ են կայացնում հօգուտ Գ. Հովսեփյանի: Նոյեմբերի 11-ին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, վճռեց ինձ եւ որդուս բազմանդամ ընտանիքին վտարել իմ սեփական տնից ու տարածքը հատկացնել Վրաստանի քաղաքացուն»,- ասում է Ա. Սարգսյանը: Նրա դիմել է ՀՀ արդարադատության նախարարին, բոլոր լրատվամիջոցներին, ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին:

«Ես վիրավորված չեմ Գ. Հովսեփյանից, որը կեղծ փաստաթղթերով փորձել է տիրանալ իմ գնած տանը: Ես վիրավորված եմ դատական ներկա համակարգից, որը կարող է անտեսել ճշմարտությունը եւ անարդար վճիռ կայացնել»,- շարունակում է Ա. Սարգսյանը: Վերջինս դատական այսօրինակ լուծումներից հետո կաթված է տարել, վերջնականապես գամվել անկողնուն: Նա խնդրում է օգնել իրեն՝ արդարության հասնելու եւ պատժելու նրանց, ովքեր իրեն այդ հասակում փորձում են փողոցում թողնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել