Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՏ ՊԵՏՔ ՈՒՆԻ»

Հունվար 22,2008 00:00

\"\"Հրանտ Դինքի հիշատակին

Երբ մարդու հետ սովորել ես նույն դպրոցում, նստել ես նույն նստարաններին, ստացել ես նույն կրթությունը նույն դասատուներից, որոնք քո մեջ կաթիլ առ կաթիլ հայություն են ներարկել, այդ վարժարանի անունը քո համար անփոփոխ հավերժություն է դառնում. Սուրբ Խաչ Դպրեվանք – Կ.Պոլիս:

Հրանտին ճանաչել եմ 1970-ական թվերից եւ 1915 թ. հետո Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա ծնված ու մեծացած հարյուր հազարներով հայրենակիցներիս օրինակով մոտավորապես իրար շատ նման կենսագրություն ենք ունեցել:

Նա ուրիշներից տարբերվում էր հատկապես իր համառ անկեղծությամբ եւ իր համար ճիշտ գտած գաղափարներին անսահման նվիրումով, աննահանջ պայքարով: Թե ուսանողական տարիներին եւ թե շատ հետո բազմիցս ճաշակել է Թուրքիայի բանտերի անմարդկայնությունն ու անձնապես կրել անդիմանալի կտտանքներն ու տանջանքները:

Դիմանալով անդիմանալիին, մշտապես իր ուրույն գաղափարներին հավատարիմ մնալով, նա շարունակել է այս դժվար աշխարհում իր բաժին ճամփան:

Հրանտի ամենակարեւոր եւ նրան անմահացնող առաքելությունը հաստատ 1996 թվականից լույս աշխարհ եկած ԱԿՈՍ շաբաթաթերթն էր, որն էլ իր նման մի քանի խենթերի համառությամբ ստեղծված մեծ արժեք էր: ԱԿՈՍ-ը բավականին կարճ ժամանակ հետո հատկապես պոլսահայ իրականության համար անփոխարինելի արժեք դարձավ: Իսկ տարիներ ետք, հասավ նաեւ աշխարհասփյուռ հայության տարբեր համայնքներ հաստատված տարբեր մշակույթներ կրող մեր հայրենակիցներին:

Թերթը իրոք սիրվեց, փնտրվեց, հարգվեց: Իսկ Հրանտը այս ընթացքում շատ ավելի աճեց, գիտելիք ու փորձառություն ձեռք բերեց եւ ամենաէականը, անկախ իր ցանկությունից, դարձավ պոլսահայության ոչ պաշտոնական, բայց բոլորի կողմից ընկալվող «բանբերը»: Նա գրեթե մշտապես ընդառաջ գնաց ժամանակակից իրադարձություններին եւ իր պատկանած հասարակության պահանջներին եւ այդ իսկ պատճառով էլ, ապրելով հանդերձ Կ. Պոլսում, կարողացավ դառնալ մեծատառով ՀԱՅ ՄԱՐԴ:

Երկար տարիներ Անկարան նրան արգելում էր երկրից դուրս գալու, ճանապարհորդելու համար անհրաժեշտ անձնագիր ունենալու ամենամարդկային իրավունքը, բայց երբ 2001 թ. այդ իրավունքից օգտվելու հնարավորությունն ունեցավ, առաջին իսկ առիթն օգտագործեց Ֆրանսիայի վրայով Հայաստան գալով:

Ուղիղ 21 տարի հետո, երբ առաջին անգամ այստեղ՝ մայր Հայրենիքում իրար հանդիպելու բախտն ունեցանք, ժամերն ու օրերը չէին բավարարում մեր խոսք ու զրույցի պահանջներին: Եվ երբ նա հայրենիքից ստացած իր առաջին տպավորությունը արտահայտեց, ասաց. «Հայաստանը ժողովրդավարության շատ պետք ունի»:

Եվ իր առաջին այցելության հետեւող տասնյակ այլ այցելությունների ժամանակ նույն միտքը Հրանտի մոտ գնալով էլ ավելի զարգացավ, որն էլ նա հաճախ եւ պարկեշտորեն ամենուր արտահայտում էր:

Վերջին անգամ իրար հանդիպեցինք 2006թ. աշնանը՝ Երեւանում «Սփյուռք-Հայաստան» խորհրդաժողովում, որտեղ իր համար առաջնային հանդիսացող Հայաստանում ժողովրդավարության հարցին նվիրված ելույթ ունեցավ:

Իր ելույթին հետեւած, համալիրի ֆոյեում մի բաժակ սուրճի շուրջ տեղի ունեցող եւ ահագին հայ լրագրողների ներկայությամբ կայացած մեր հանդիպման ժամանակ ասաց. «Եկեք անկեղծորեն իրերն կոչենք իրենց անուններով եւ ծուռ նստինք՝ շիտակ խոսինք, Թուրքիայում եւ ոչ մեկ ընտրություն կամ հանրաքվե ընտրակեղծիքներով չի անցնում: Այդտեղ իսկապես ժողովուրդն է ձեւավորում իշխանությունը: Դուք երբ կարողանաք նույնն անել մեր Հայրենիքում, ահա այդժամ էլ տեսնելու, համտեսելու եք ժողովրդավարության համն ու հոտը:

Հետո, ձեզ համար ինչ տարբերություն «1915 թ. Հայոց ցեղասպանություն չի եղել ասող թուրքի եւ մեր մոտ Հայաստանում ընտրակեղծիքներ չի եղել ասող Հայի միջեւ, եթե երկուստեք կատարվածն դատապարտելի սուտն է»:

Սա իր կենդանությամբ իմ լսած նրա վերջին խոսքերն էին, ամիսներ հետո նա զոհվեց հավերժ մեզ թողնելով. «Եթե սիրել ու նվիրվել, ապա սիրել ու նվիրվել ժողովրդավար Հայաստան մը, որ մեր երեխաներին թողնելուց չենք ամաչի երբեք»:

Հավերժ փառք իր անմահ հիշատակին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել