Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԵՐԸ, ՄԱՔՍԵՐԸ ԿԻՋԵՑՆԵՆ, ԲՅՈՒՋԵՆ ԿԿՐԿՆԱՊԱՏԿԵՆ

Հունվար 26,2008 00:00

Նախագահի թեկնածուները ձայն հավաքելու համար մինչեւ անգամ խոստանում են մարդկանց ապօրինություններն օրինականացնել:

Իրենց նախընտրական ծրագրերում նախագահի թեկնածուները, որպես կանոն, ընտրողներ գրավելու համար ոսկե սարեր են խոստանում, վստահեցնում են, որ նախագահ դառնալուն պես երկնքից աստղեր են իջեցնելու, երկիրը ծաղկացնելու են, կյանքը հեշտացնելու, ծնելիությունը խթանելու, մահացությունը խոչընդոտելու, տանը մնացած աղջիկներին ամուսնացնելու եւ այլն: ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հոգու խորքում նույնպես, բնականաբար, այս ամենն իր ընտրողներին խոստանում է, սակայն նրա նախընտրական ծրագրում, ըստ էության, որեւէ խոստում չկա: Չինական հիերոգլիֆները՝ ընտրողների համար հաստատ ավելի հասկանալի կլինեին, քան այն ամենը, ինչի մասին խոսում է իր ծրագրում Արման Մելիքյանը: «Ինչ է կյանքի որակը. տարբեր ոլորտների ժամանակակից հայեցակարգերում այսօր լայնորեն կիրառվող «կյանքի որակ» հասկացությունն իրենից ներկայացնում է սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, գաղափարախոսական, բնապահպանական գործոնների, ինչպես նաեւ անհատի գոյության, մարդու՝ հասարակության մեջ գրաված դրիքի ամբողջություն: Կյանքի որակը չափվում է գիտակցված կամ չգիտակցված, պայմանավորված կամ չպայմանավորված, կամ նույնիսկ ամբողջովին սուբյեկտիվորեն շարունակական փոփոխության ենթարկվող պահանջներով»,- սա, թերեւս, Ա. Մելիքյանի ծրագրի ամենամատչելի հատվածներից է: Նախընտրական ծրագրի վերծանումներից պարզ է դառնում, որ խոսելով կոռուպցիայի մասին, Արման Մելիքյանն առաջարկում է, որպես դրա դեմ պայքարի տարբերակ, պետական ծառայողների՝ այդ թվում նաեւ առանցքային պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձը բարձրացնել, բայց թե դրա համար պարոն Մելիքյանը գումարներ որտեղի՞ց է հայթայթելու՝ պարզ չէ: Անհասկանալի է մնում, թե ինչ է առաջարկում Արման Մելիքյանը բնապահպանական խնդիրները լուծելու համար. «Որակի բնապահպանական բաղադրիչները կարեւորագույն դեր են խաղում շրջակա միջավայրի պահպանության եւ առողջացման խնդիրների լուծման, երկրի եւ երկրագնդի բնապահպանական անվտանգությունն ապահովելու համար»:

Ի տարբերություն Արման Մելիքյանի, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ իր ծրագրում կոնկրետ առաջարկներ է ներկայացնում: Օրինակ, նա խոստանում է «սեփական տներում առկա ապօրինի կառույցներն արագ օրինականացնել»: Այսինքն, պարոն Բաղդասարյանը խոստանում է ինչ-որ չափով նպաստել ապօրինություններին, միայն թե իրեն ձայն տան: Հաշվի առնելով, թե այսօր մեր երկրում որքան մարդիկ կան, որոնք ապօրինի, ինքնակամ շինություններ են կառուցել՝ միայն այս խոստման համար պարոն Բաղդասարյանն ահագին ձայն կհավաքի: ՕԵԿ թեկնածուն ընտրողներին գրավելու հաշվարկով նաեւ խոստանում է «Պետության եւ հասարակության շահերի համար քաղաքացիների սեփականության օտարման մասին» օրենքը չեղյալ հայտարարել, իսկ դա նշանակում է, որ կառավարության շենքի առջեւ մշտապես հավաքվող իրացման գոտու ցուցարարների հոծ բանակը, հավատալով խոստմանը, նրա պոտենցիալ ընտրողները կդառնան: Արթուր Բաղդասարյանը տնտեսության մեջ առաջարկում է կոշտ դրամական քաղաքականությունը փոխել, դրամ-արտարժույթի անսպասելի տատանումները բացառել, գները կայունացնել, աշխատատեղեր ստեղծել, արտահանման ծավալներն ավելացնել: Այս ամենը ենթադրում է, որ նախ պետք է լցնել պետբյուջեն: Բյուջեի հավաքագրման հիմնական աղբյուրը հարկերն են, մինչդեռ Ա. Բաղդասարյանը, այսպես ասած՝ ե՛ւ նալին է հարվածում, ե՛ւ մեխին, խոստանալով հարկերն իջեցնել: Նախագահի այս թեկնածուն պատրաստվում է հարկահավաքին դարձնել հարկատուի ընկերը, եղբայրն ու բարեկամը: Ա. Բաղդասարյանը նաեւ առաջարկում է նվազեցնել հարկատու-պետություն շփումները, եւ անհասկանալի է, թե այդ շփումները նվազեցնելու պարագայում ինչպե՞ս են հասցնելու հարկատուն ու հարկահավաքը «եղբայրանալ»: Ա. Բաղդասարյանի ծրագիրը բավականին շահագրգռող է գյուղացիների համար, որովհետեւ նա խոստանում է ոռոգման ջրի սակագինն իջեցնել, հակակարկտային կայաններ ստեղծել, գյուղացիներին ցածր տոկոսադրույքներով տրակտորներ, կոմբայններ, սերմացու, տնկանյութ, պարարտանյութեր եւ թունաքիմիկատներ տրամադրել: Ինչ վերաբերում է կապի ոլորտին, նա խոստանում է «ԱրմենՏելի» համար ֆիքսված կապի ոլորտում մրցակից գտնել եւ հեռախոսակապի սակագներն իջեցնել նվազագույնը մինչեւ ԱՊՀ եւ հատկապես Ռուսաստանի սակագների աստիճանին:

Եթե Արթուր Բաղդասարյանն առաջարկում է հարկերը նվազեցնել, Արտաշես Գեղամյանն իր «Արարման ծրագրում» խոսում է մաքսերի նվազեցման մասին՝ միաժամանակ առաջարկելով ներմուծումը սահմանափակող մաքսային տուրքեր սահմանել: Գեղամյանը խոստանում է նաեւ նախագահ ընտրվելուն պես Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը բարձրացնել, գործազրկության պատճառները վերացնել, երկրից բարձրորակ ու բարձրակիրթ կադրերի արտահոսքը դադարեցնել եւ բյուջետային եկամուտները կրկնապատկել: Թե ինչպես պետք է նա հասնի այդ արդյունքին՝ անհասկանալի է մնում:

Իր ծրագրում հետաքրքիր, բայց անիրատեսական ու անհեռանկարային առաջարկ է ներկայացնում Արամ Հարությունյանը: Նա ուզում է հիմնել «Տնտեսական պառլամենտ» եւ նրան հանձնել տնտեսության մասնավոր հատվածի փաթեթը: Այդ պառլամենտի անդամների ընտրությունը կկատարվի ըստ գործարարների մուծած հարկերի, սոցհատկացումների ու ներդրումների: Արամ Հարությունյանը համոզված է, որ այդ դեպքում նախ ստվերը կվերանա, եւ հետո՝ գործարարն այլեւս չի ցանկանա հայտնվել ԱԺ-ում, քանի որ այնտեղ նա անելիք չի ունենա: Մինչդեռ տրամաբանական է, որ այդ պառլամենտում կհավաքվեն խոշոր ձեռնարկատերերը, որոնք է՛լ ավելի շատ կճնշեն մանր բիզնեսմեններին:

Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը դեռ նախընտրական ծրագիր չունի: Նա հայտարարել է, որ իր ծրագիրը Աստվածաշունչն է: Ընթերցելով այդ «ծրագիրը», պարզ է դառնում, որ սոցիալական կատարյալ արդարություն ստեղծելուց, հրաշքներ գործելուց բացի, Տիգրան Կարապետիչը պատրաստվում է գյուղատնտեսական հատվածում զարգացնել անասնապահությունը, մասնավորապես՝ զարկ տալ ոչխարաբուծությանը: Նա հավանաբար ուզում է նախագահ ընտրվելու դեպքում իր ընտրողներին Սեւան տանել եւ գառներ մատաղ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել