Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը զայրացած էր

Մարտ 28,2008 00:00

\"\"Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ինքը դատախազություն նամակ է ուղարկել:

Նամակը առնչվում էր մի հրապարակման, ըստ որի, ՕԵԿ-ի՝ իշխանության մաս դառնալուց հետո ինքը թանկարժեք մեքենա է նվեր ստացել: Նրա ասելով՝ այդ տեղեկությունը սուտ է:

Լրագրողները փորձել են պարզել, թե ինչու «Օրինաց երկիրը» նույնքան հետեւողական չէր եւ դատախազություն չդիմեց այն ժամանակ, երբ հեռուստաընկերությունները սուտ էին որակում փետրվարի 3-ին Ազատության հրապարակում Արթուր Բաղդասարյանի կողմից արված հայտարարությունն այն մասին, թե իր դեմ մահափորձ է նախապատրաստվել: Հեղինե Բիշարյանը կարծես արդարացնելով հեռուստաընկերություններին՝ ասուլիսում նշեց, թե նրանք չեն ասել, թե Արթուր Բաղդասարյանի այդ հայտարարությունը սուտ է: Ըստ ՕԵԿ փոխնախագահի՝ Գալուստ Սահակյանը եւս նման բան չի ասել: Գուցե Ռոբերտ Քոչարյանը ե՞ւս «դավաճան» բառը չի ասել: Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը դավաճան չի անվանել, նա ասել է դավաճանական դրսեւորումներ, հետո արդյունքում պարզ դարձավ, որ սուտ ու կեղծ էին այն ամենը, ինչը դավաճանական դրսեւորումներ էին անվանում»:

Փոխարենը Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարեց, թե պատասխան է տալու նաեւ Տիգրան Կարապետյանը՝ Արթուր Բաղդասարյանին նվիրված իր արդեն հայտնի բանաստեղծության եւ «Հեղինեն դոշիցդ կախ» տողերի համար:

Լրագրողները հետաքրքրվել են, թե «Օրինաց երկիրը» փորձելո՞ւ է պարզել, թե ինչու էին հեռուստաընկերությունները 20 օր շարունակ ակնհայտ սուտ տեղեկատվություն հաղորդում մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ՝ հոգեբանական լարվածության մեջ պահելով հասարակությանը: Տիկին Բիշարյանը դրան ի պատասխան՝ ասել է, որ ինքը չգիտի, թե կոնկրետ ի՞նչ սուտ են ասել հեռուստաընկերությունները:

Ասուլիսում ՕԵԿ փոխնախագահը հայտարարել է, որ իր զայրացածության պատճառը սուտ տեղեկություններն են, որ տպագրվում են թերթերում: Լրագրողները որոշ ժամանակագրություն են հիշեցրել՝ մասնավորապես այն, որ հե՛նց Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը ստորագրեցին գործակցության մասին հուշագիր՝ նույն օրը լուսադեմին ոստիկանությունը ցրեց Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարներին: ԶԼՄ-ների ներկայացուցիչները փորձեցին ճշտել՝ արդյոք «Օրինաց երկիրը» ընդունո՞ւմ է մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատվության իր բաժինը: «Թուղթ ստորագրելն ի՞նչ կապ ունի»,- ի պատասխան ասաց Հեղինե Բիշարյանը, ասելով, թե Արթուր Բաղդասարյանը դեռ Անվտանգության խորհրդի քարտուղար չէ, եւ երբ ստանձնի այդ պաշտոնը, ապա դրանից հետո այդօրինակ իրադարձությունների համար կլինի պատասխանատու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31