Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորշելին» կնախագահի չորրորդ ժամկետո՞վ

Մարտ 28,2008 00:00

Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է չորրորդ անգամ ընտրվել Բելառուսի նախագահ: Վկայակոչելով «Նովիե իզվեստիա» օրաթերթը, այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Նախօրեին Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան անակնկալ հայտարարություն է արել, թե Լուկաշենկոն չորրորդ անգամ կառաջադրվի 2011 թվականի նախագահական ընտրություններում: ԿԸՀ նախագահի խոսքերով՝ «քանի դեռ ժողովուրդն աջակցում է Լուկաշենկոյին», Բելառուսի Սահմանադրությունը դա թույլ է տալիս: «Նովիե իզվեստիան» հատկանշական է համարում, որ չորրորդ ժամկետի թեման արծարծվում է հիմա, երբ երրորդ ժամկետի կեսն էլ դեռ չի անցել:

Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ նախագահ է ընտրվել 1994 թվականին: 1996 թ. ընդունվել է երկրի նոր Սահմանադրությունը, եւ որոշվել է «զրոյից» հաշվել նրա նախագահության hնգամյա ժամկետը: 2001-ին նա վերընտրվել է: 2004 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքում վերընտրվելու սահմանափակումը չեղյալ է հայտարարվել: 2006-ին Լուկաշենկոն ընտրվել է հերթական՝ 5-ամյա ժամկետով:

«Բելառուսի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Վինցուկ Վյաչորկան «միանգամայն ակնկալելի» է համարել չորրորդ անգամ ընտրվելու՝ Լուկաշենկոյի մտադրությունը: «Լուկաշենկոյի 14-ամյա կառավարման արդյունքում Բելառուսում ստեղծվել է ամենախորշելի ռեժիմը՝ հետխորհրդային տարածքում: Իշխանությունները խեղդում են նաեւ տնտեսական ազատությունները՝ գործնականում ոչնչացնելով փոքր ու միջին բիզնեսը»,- ասել է Վյաչորկան՝ հավելելով, որ Լուկաշենկոյի արտաքին տնտեսական քաղաքականության արդյունքում Բելառուսը հայտնվել է «ինքնիշխանությունը կորցնելու եւ Ռուսաստանի կողմից ամբողջությամբ կլանվելու վտանգի առջեւ»:

Ընդդիմադիր մեկ այլ ուժի՝ Միացյալ քաղաքացիական կուսակցության նախագահ Անատոլի Լեբեդկոյի խոսքերով՝ «հիմա կա մի ինտրիգ՝ արդյոք առողջությունից վերջերս հաճախ գանգատվող Լուկաշենկոն ի զորու կլինի՞ ղեկավարել երկիրը 2011 թվականից հետո»: Լեբեդկոյի համոզմամբ, Բելառուսի ղեկավարը ունի «պահեստային խաղաքարտ». դա նրա որդին է՝ Վիկտորը, ով արդեն զբաղեցնում է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ նախագահի օգնականի պաշտոնները: Այս խաղաքարտը, ըստ ընդդիմադիր գործչի, կարող է խաղարկվել՝ հատկապես, եթե Մոսկվան Լուկաշենկոյին հորդորի «մի քիչ ավելի համեստ լինել»: Բելառուսի ընդդիմադիրների կարծիքով, Լուկաշենկոն գուցե կփորձի իշխանությունը փոխանցել որդուն այնպես, ինչպես 2003 թվականին արել է Իլհամ Ալիեւի հայրը՝ Հեյդար Ալիեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել