Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵ՞Պ

Ապրիլ 04,2008 00:00

\"\"Ոչ հայաստանցի ուսանողները դժգոհում են անհավասար պայմաններից

Հայաստանյան բուհերում եռուզեռ է: Խոսքս բնավ էլ քննությունների մասին չէ, պարզապես համալսարանների գանձարանները կամաց- կամաց լցվում են ուսանողների՝ այս կիսամյակում ստացած գիտելիքների համար վճարած բավականին արտահայտիչ գումարներով: Հատկապես սփյուռքահայերը դժգոհում են, որ սահմանված վարձավճարից ավելի են տալիս…

Բանն այն է, որ սփյուռքահայ դիմորդներին հնարավորություն է տրված ընդունելության քննություններ հանձնել հեշտացված կարգով, որը սահմանվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Այն ուսանողները, ովքեր պետական բուհեր են ընդունվում այս տարբերակով՝ սահմանված ուսման վարձից ավելի են վճարում:

ԵՊՀ սփյուռքի բաժնի վարիչ Ալեքսանդր Վիրաբյանի խոսքերով, մինչեւ 2006 թվականի հուլիսի 10-ը ԱՊՀ երկրների քաղաքացիները ուսումնառության համար վճարել են այնքան, որքան ՀՀ քաղաքացիները: Միայն հիշյալ ամսաթվից հետո է ԵՊՀ գիտական խորհուրդը սահմանել օտարերկրյա քաղաքացիների ուսման վարձերի տարեկան նոր չափերը, ըստ որի՝ ԱՊՀ երկրների քաղաքացիները պետք է վճարեն ՀՀ քաղաքացիների ուսման վարձերից 1,3, իսկ այլ երկրների դիմորդները՝ 1,5-ից 2 անգամ ավելի: Օրենքը՝ օրենք, բայց սփյուռքահայերը գոհ չեն: Օրինակ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մովսես Խեչոն վճարում է «երկու ուսանողի փոխարեն», եւ տարբեր պետական կառույցների հետ շփվելիս ակնհայտորեն զգում է իր՝ Սփյուռքից լինելը.«Ճակատագրով այլ վայրում ենք ծնվել, բայց հայ ենք, չէ՞… Մեզ ոչ ոք չի աջակցում, հաշվի չեն առնում, որ սփյուռքահայ ուսանողն ավելի շատ խնդիրներ ունի, քան հայաստանաբնակը: Լինենք հավասար, ուրիշ բան չենք ասում, գոնե վճարենք հավասար հիմունքներով»:

Նույն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Աշխենն էլ իր բողոքը հայտնեց: Նա նույնպես ԵՊՀ է ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով, այն է՝ հեշտացված տարբերակով եւ վճարում է սահմանված վարձավճարից 30 տոկոս ավելի: «Ասում են հեշտացված քննություններ, բայց դրանք իրականում դժվար էին: Միակ առավելությունն այն էր, որ «Ստեղծագործական շարադրություն» չկար: Իսկ այժմ, եթե անգամ գերազանցիկ ես, անվճար համակարգի կամ զեղչի հնարավորություն չկա… Հենց լսում են սփյուռքահայ ես, մտածում են՝ նյութապես տեղը տեղին ապահովված ես: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ հենց քո հայրենիքում սովորելու երազանք կարող էիր ունենալ»,- նեղսրտեց ուսանողուհին:

Սփյուռքահայ ուսանողներն առաջարկում են այս համակարգը կիրառել արտասահմանցի դիմորդների նկատմամբ, որոնց «ազգանունները յան-ով չեն վերջանում եւ անուններն էլ, դիցուք, Արարատ, Արաքս կամ էլ Հայկարամ չեն»: Նրանք նաեւ կարծում են, որ նման քաղաքականությունը վանում է սփյուռքահային. գալով հայրենիք ու բախվելով նման իրավիճակների, «հայ» եւ «սփյուռքահայ» տարբերակումների հետ, նրանք իրենց օտար են զգում:

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, հալեպահայ Հովսեփ Բերբերյանն էլ առաջարկում է, որ հայաստանցիների եւ սփյուռքահայերի նկատմամբ «պահանջներն էլ նույնը լինեն, վճարներն էլ»:

Հայաստանցի ուսանողուհի Անի Աբովյանը կարծում է, որ եթե օտարերկրացի դիմորդները ընդհանուր հիմունքներով, բոլորին հավասար տարբերակով են ընդունվում, ապա չպետք է ավելի գումար վճարեն, բայց եթե որոշակի առավելություններ ունեն, ուրեմն՝ բողոքելն ավելորդ է:

Իսկ հարցվածների մեծամասնությունն էլ կոչ է անում ըմբռնումով մոտենալ այս ամենին: «Հենց նման դեպքերից է առաջանում անհավասարությունը: Չէ՞ որ նրանք էլ են հայ, պետք է խրախուսել մեր ազգակիցներին, որ իրենց ցանկալի, ոչ թե օտար զգան»,- իր դիրքորոշումն էլ այսպես է արտահայտում հայաստանցի Արփինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել