Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

Ապրիլ 10,2008 00:00

Երկար տարիներ ուսումնարանում աշխատած մանկավարժները, չհարմարվելով նոր տնօրենի «նոր մեթոդներին», սեփական դիմումի

համաձայն աշխատանքից ազատվում են:

Երեւանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արծրուն Բարսեղյանը, իր պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում, ուսումնարանի մանկավարժների ներկայացմամբ, «այնպիսի ստորացուցիչ պայմաններ է ստեղծում», որ մի շարք մասնագետներ իրենց դիմումի համաձայն ստիպված ուսումնարանից ազատվում են:

«Առավոտին» դիմած ուսումնարանի արդեն նախկին աշխատակիցների խոսքերով, նոր տնօրենի օրոք ուսումնարանի 15 մանկավարժ արդեն աշխատանքից ազատվել է: Ըստ այդ մասնագետների, Արծրուն Բարսեղյանը, եկած-չեկած, սկսել է ուսումնարանը մասնագետներից մաքրել՝ իր մտերիմների համար տեղ բացելու նպատակով: Ուսումնարանում առաջին հերթին աշխատանքի է անցել հենց տնօրենի աղջիկը՝ Լուսինե Բարսեղյանը, որն ուսումնարանում միանգամից մի քանի հաստիք է զբաղեցնում: Նա ե՛ւ հայոց լեզու ու գրականություն է դասավանդում, ե՛ւ առաջին բուժօգնություն է սովորեցնում, ե՛ւ գրադարանավարուհի է, ե՛ւ դասղեկ, ե՛ւ հայոց լեզվի ամբիոնի վարիչ: Ուսումնարանում է աշխատում նաեւ Լուսինեի ամուսինը՝ Արայիկ Մարտիրոսյանը, որը փայտի եւ քարի վերամշակման խմբում վարպետություն է դասավանդում: Ռուզաննա Գեղամյանը նույնպես տնօրենի մտերիմներից է եւ զբաղեցնում է տնտեսվարի պաշտոնը:

Ոսկերչություն դասավանդող Սամվել Աճոյանն էլ, մանկավարժների խոսքերով, տնօրենի փեսայի ընկերն է: Ըստ մանկավարժների, պարոն Բարսեղյանը սկսել է աջ ու ձախ վիրավորել ու փնովել մանկավարժների աշխատանքը: Այս մեթոդն այնքան է արդյունավետ գործել, որ մոտ 15 մասնագետի դրդել է ազատվելու դիմում գրել:

Փոխտնօրեն Մերի Պապիկյանին, օրինակ, մանկխորհի նիստի ժամանակ Բարսեղյանն ասել է, որ նա իր աշխատանքը լավ չի կատարում եւ չի կարողանում դասացուցակ կազմել: Տիկին Պապիկյանը վիրավորվելով՝ հաջորդ օրն իսկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նրա պատմելով. «Ես ուսմասվարի հաստիքը կես դրույքով եմ զբաղեցրել, սակայն աշխատել եմ ամեն օր առավոտից մինչեւ ժամը 4-ը: Մինչ այդ, նա ինձ միշտ գովել է: Այդ մանկխորհի նիստի ժամանակ ես համարձակություն ունեցա մեր աշխատանքային խմբին գովելու, դա նրան դուր չեկավ եւ աշխատակիցների մոտ ինձ ցեխը մտցրեց՝ ասելով, որ ես գովում եմ իմ մտերիմներին, խնամիներին ու ծանոթներին, սակայն ես ուսումնարանում ոչ մի մարդ չունեմ»:

Կենսաբանության եւ քիմիայի ուսուցչուհի Արմենուհի Աղասարյանին էլ տնօրենը «նեղել» է՝ պատճառաբանելով, որ նա կենսաբանության մասնագետ չէ, այլ ընդամենը քիմիայի: Տիկին Աղասարյանի պատմելով. «Ինձ դրսից զգուշացրել էին, որ տնօրենի մյուս աղջիկն էլ դեղագործ է եւ իմ կենսաբանության դասաժամերը հնարավոր է, որ հանձնվեն իրեն: Ես կարող էի զիջել իմ ժամերը, բայց որոշեցի պայքարել եւ դուրս չգալ, սակայն Եվա Գրիգորյանին աշխատանքից ազատելուց հետո մթնոլորտն ավելի թեժացավ եւ ես էլ դիմում գրեցի»:

Ասեղնագործության ուսուցչուհի Եվա Գրիգորյանին պարոն Բարսեղյանը ազատել է, քանի որ նա համարձակվել է իր կարծիքն արտահայտել իր առարկայի դասավանդման մեթոդի վերաբերյալ: Ըստ նրա, ողջ ամառ իր ընկերուհու՝ նկարչուհի Ալիսա Սահակյանի հետ ուսումնարանի համար աշխատել է. «Մենք փորձաշրջան էինք անցնում, որից հետո նա պետք է որոշեր՝ մեզ աշխատանքի վերցնո՞ւմ է, թե՝ ոչ: Ալիսային չընդունեց՝ պատճառաբանելով, որ նա լավ մասնագետ չէ, իսկ ինձ ընդունեց, բայց 1 ամիս հետո ազատեց: Ես հիվանդ ծնողներ ունեմ, հաշվառված էի որպես գործազուրկ, նա ինձ բոլոր տեղերից էլ զրկեց»:

Ուսումնարանի ուսանողների ծնողների ներկայացմամբ էլ՝ տարեսկզբին դասագրքերի համար տնօրինությունը 1650-ական դրամ է հավաքել, սակայն մինչ այժմ ոչ մի դասագիրք չեն ստացել:

«Առավոտի» հետ զրույցում տնօրեն Արծրուն Բարսեղյանը վստահեցրեց, որ մասնագետներն ազատվել են իրենց դիմումի համաձայն. «Ես չեմ ցանկացել նրանց տարվա կեսից ազատել, սակայն բոլորն էլ ներկայացրել են իրենց պատճառները: Նրանց դուր չէր գալիս այն, որ ես պահանջում էի մանկավարժորեն աշխատել: Տիկին Պապիկյանն ասել է, որ ինքը հոգնել է եւ չի ցանկանում աշխատել, տիկին Աղասարյանի դիմումը ես չեմ մակագրել, փորձել եմ համոզել, որ նա դուրս չգա, սակայն նա դիմումը ներկայացնելուց հետո, մեր պայմանավորվածության համաձայն, 14 օր աշխատեց եւ դուրս եկավ: Ինչ վերաբերում է Եվային, ապա ասեմ, որ նա միայն ասեղնագործության մասնագետ էր, իսկ մեր ուսումնարանում պահանջվում է նաեւ կարպետագործություն սովորեցնել»: Մտերիմներին աշխատանքի տեղավորելու առնչությամբ էլ տնօրենն ասաց. «Ընդամենը կես դասային ժամ է հատկացված բուժօգնության համար, պետք է դրա համար առանձին մասնագե՞տ կանչեի: Եթե իմ աղջիկը տիրապետում է այդ առարկային, ինչո՞ւ չդասավանդի: 10 հազար դրամով ո՞վ կգա գրադարանավարություն անելու, ուստի դրանով էլ է նա զբաղվում: Բացի այդ, մեր ուսումնարանում կադրերի պակաս կա ու այդ պատճառով ես Էրեբունու զբաղվածության կենտրոնում նոր մանկավարժներ հրավիրելու դիմում եմ տվել»: Դասագրքերի գումարների մասին էլ պարոն Բարսեղյանն ասաց. «Մենք պետք է մեկ տարի առաջ 1 միլիոն 200 հազար վճարենք, որպեսզի բոլոր դասագրքերն ունենանք, սակայն կարողացանք հավաքել ընդամենը 62 հատ դասագրքի գումար, բայց արդեն ուշ էր եւ այդ գումարը կվճարենք մյուս տարի: Ես իմ միջոցներով եմ 7 կոմպլեկտ դասագիրք բերել»:

Երեկ, ի պաշտպանություն իրենց տնօրենի, «Առավոտի» խմբագրություն էին եկել թիվ 10 ուսումնարանի կոլեկտիվի անդամներ՝ հավաստիացնելով, որ Ա. Բարսեղյանը բարեխիղճ է եւ իրենք տնօրենի աշխատանքից գոհ են. «Մեր տնօրենը բոլոր մանկավարժներից ընդամենը պահանջում է նորմալ աշխատանք՝ Աշխատանքային օրենսգրքի համաձայն: Կոլեկտիվը համարում է, որ աշխատանքից ազատված մանկավարժների բողոքները անհիմն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել