Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՑԻԱ՝ «ԿՈԼՑՈ-2»

Ապրիլ 10,2008 00:00

\"\"Պատկերներ մայրաքաղաքից՝ երդմնակալության օրը

Երեկ առավոտից Երեւանի փոքր կենտրոնն անհասանելի էր հասարակ մահկանացուների համար: Ինչպես նախապես հայտարարել էր Երեւանի քաղաքապետարանը, Օպերայի թատրոնն իր շրջակայքով՝ Բաղրամյան-Մոսկովյան-Բայրոն-Տերյան-Սայաթ-Նովա-Ամիրյան-Սարյան փողոցներով, փակվել էր թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտնի համար: Մասամբ փակ էր նաեւ Հյուսիսային պողոտան: Ոստիկանական ստորաբաժանումները, ոստիկանության դպրոցի կուրսանտները շուրջկալի մեջ էին վերցրել Օպերան՝ իր ողջ տարածքով, որպեսզի Սերժ Սարգսյանն այնտեղ թագադրվի ՀՀ նախագահ: Ինչպես ասում են՝ «օձն իր պորտով, հավքն իր թեւով» չէին կարող հատել ոստիկանական շուրջկալը: Երեկ ձախողվեց ոչ միայն տարածքի դպրոցների աշխատանքը, այլ նաեւ՝ հիմնարկ-ձեռնարկությունների, այն պարզ պատճառով, որ մարդիկ հնարավորություն չունեին աշխատավայր հասնելու: Հատկապես նախանձելի չէր տարածքի բնակիչների վիճակը, ովքեր ստիպված էին գրեթե ողջ օրը բնակարաններում անցկացնել. բարդ էր նույնիսկ խանութներ իջնելն ու գնումներ կատարելը, քանզի ոստիկաններն անընդհատ դիտողություններ էին անում տեղանքում «երթեւեկող» մարդկանց: Հասարակ մահկանացուների միակ ուրախությունը թերեւս այն էր, որ փողոցներում քայլող պատգամավորներ եւ բարձրաստիճան այլ այրեր կարող էին տեսնել: Օրինակ, Արթուր Բաղդասարյանն իր ՕԵԿ-ական շքախմբով անարգել հաղթահարեց ոստիկանների պատնեշը. նրան դեմքով ճանաչում էին: Իսկ, ասենք, Արեգ Ղուկասյանը (Ավանի «Աղի հանք» կոմբինատի սեփականատեր), Ալիկ Պետրոսյանը («ՄԱՊ» ընկերության սեփականատեր) եւ այլք, ում դեմքով չեն ճանաչում, ստիպած էին նախագահի երդման արարողությանը մասնակցելու հրավիրատոմսերը ցույց տալ: Իսկ Հայրենական պատերազմի մասնակից երկու պապիկ էլ, ովքեր, լսելով զինվորական շքերթի մասին, շտապել էին «զարդարվել» իրենց շքանշաններով եւ գնալ Ազատության հրապարակ, ոստիկանների հետ «բանակցություններից» հուսահատ եւ թեւաթափ հեռացան՝ չցանկանալով անգամ հարցազրույցում բարձրաձայնել իրենց դժգոհությունները:

Ժամը 12.30-ից նախագահական նստավայրի մոտ մարդիկ էին հավաքված՝ մի մասը մեզ հետ զրույցում ասաց, որ հետաքրքրությունից դրդված են հավաքվել, ոմանք էլ ասում էին, որ հանգստանում են ծառերի ստվերում: Ոստիկաններով շրջապատված էր նաեւ նախագահական նստավայրը: Ժամը 13.00-ին այդտեղից դուրս բերվեցին պետական խորհրդանիշները, որոնք կորտեժի ուղեկցությամբ «ուղեւորվեցին» օպերա: Ականատեսների վկայությամբ, ուղեկցող կորտեժում էր նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Միեւնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի դեսպանատների, ԿԸՀ-ի, ՀՀ դատախազության շենքերի առջեւ միաժամանակյա բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Դրանք, այսպես կոչված, «սլայդ-շոուներ» էին, առավելագույնը 10 րոպե տեւողությամբ: Օրինակ, ՍԴ-ի մոտ այլախոհները պահել էին «Որքա՞ն արժե խիղճը», «Դատարանը թատրոն չէ», «Սուտ մի երդվիր», «Սահմանադրականը մեղսակից է սպանդին», «Մեր Սահմանադրությունը ձեր բոստանը չի» պաստառներ: Կային նաեւ Թումանյանի քառյակներով պաստառներ: Ակցիայի մասնակիցները նախ կանգնել էին դեմքով դեպի ՍԴ-ն, ապա թեքվեցին դեպի փողոց՝ ճիշտ այն ժամանակ, երբ խորհրդանիշների կորտեժն էր անցնում այդ հատվածով: «Ափսոս էն Սուրբ գիրքը, որի վրա դա պիտի երդվի»,- շպրտեց մի քաղաքացի: «Այ, էս ավտոն ստեղ պայթեր…»,- հավելեց մեկ ուրիշը: «Իր ֆորմատում եւ նպատակներում ակցիան կայացավ»,- մեզ հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Դավիթ Մաթեւոսյանը: Ակցիայի մասնակիցները ՍԴ-ի մոտից ուղեւորվեցին դեպի Մյասնիկյանի արձանի հրապարակ՝ մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելու: Տոնի (նախագահի երդմնակալության) իրենց պատկերացումների շրջանակում իշխանությունները նաեւ երեկոյան Հանրապետության հրապարակում համերգ են կազմակերպել: Անդրադառնալով հարցի բարոյական կողմին՝ Դավիթ Մաթեւոսյանն ասաց. «Ես դատավոր չեմ եւ քրիստոնեությունն էլ պատվիրում է՝ չդատել: Ես իրենց չեմ դատում, բայց, չգիտես ինչու, խորը վստահություն ունեմ, որ իրենք դատվելու են»: Անահիտ Անդրեասյանն էլ, անդրադառնալով անցած կիրակի զոհերի քառասունքի առիթով հայ առաքելական եկեղեցում մատուցված պատարագին, ասաց. «Նախ դժվարանում եմ այս պարագայում օգտագործել «կաթողիկոս» բառը, բայց մի բան հաստատ է՝ նրա «հետեւողական» աշխատանքի արդյունքում է, որ մեր ժողովուրդը դարձել է աղանդավոր: Թող նա այդ մասին մտածի: Մեր վերջին կաթողիկոսը եղել է Վազգեն Ա-ն, ով կարող էր Մոսկվայում հացադուլի նստել՝ նեցուկ կանգնել Ղարաբաղի հարցի արդարացի լուծմանը եւ իր հոտի կողքին լինել: Երբ մեր կաթողիկոսը թաքնվում է իր ոսկեզօծ պատերի հետեւում ու ասում, որ հրապարակի ժողովուրդը մոլորյալ է՝ թույլ տվեք նրան հիշեցնել, որ Աստված պատվիրել է առաջինը մոլորյալ գառին տեր կանգնել: Թող գնար կանգներ մարդկանց կողքին եւ դարձի բերեր՝ եթե կարծում էր, որ իսկապես մոլորյալ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել