Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ «ՏԵՂԸ ԴՐԵՑ» ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Ապրիլ 26,2008 00:00

Ու ֆինանսական թեմայով տրտունջներին ի պատասխան՝ հիշեցրեց նրանց «մինուսները»

Երեկ կայացավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ակադեմիայի 2007թ. գիտական գործունեության արդյունքները: Բարեփոխումների ընթացքը ներկայացնելիս պարոն Մարտիրոսյանը նշեց. «Որոշ ռեֆորմատորներ երբեմն այնպիսի բաներ են առաջարկում, որոնք նպատակ ունեն քայքայել ակադեմիան, որն իր գոյության 65 տարիների ընթացքում դարձել է ազգային արժեք՝ ողջ հայության համար»:

Ակադեմիկոս Յուրի Ալեքսանյանը նախ դիֆերամբներ ձոնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա հորդորեց ավելի մեծ ուշադրության արժանացնել «ազգային արժեքը». «Ժամանակին Ֆրանսիայի կայսր Բոնապարտը շատ ավելի պարծենում էր իր՝ ֆրանսիական ինստիտուտի անդամ լինելով, քան հաղթանակներով»: Նա էլ իր «շեֆի» պես կարծիք հայտնեց, որ 1992-ից գիտության ֆինանսավորումը պակասել է 15%-20%-ով, եւ եթե եվրոպական երկրներում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 2,3%-3%-ը, ապա Հայաստանում՝ 0,2%, որն իր հաշվարկներով 20 անգամ պակաս է, քան ԽՍՀՄ տարիներին:

ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը խոսելով գիտական շրջանակներում աղմկահարույց թեմատիկ եւ բազային ֆինանսավորումից, ակադեմիայի՝ իշխանությունների համար խորհրդատվական գործառույթ իրականացնելուց, ասաց, որ այն օրվանից, երբ ԳԱԱ-ն վերեւներին «խորհուրդ է տվել» իրեն չփակել, ու չեն փակել՝ տալով աղքատավարձեր, գիտնականներն աղքատացել են նաեւ բարոյապես:

ԳԱԱ թղթակից անդամ Գեւորգ Պողոսյանը, օրինակ բերելով, որ google.com-ի հիմնադիրը Օդեսայից փախած երիտասարդ է, եւ այժմ այդ կայքի բյուջեն 20 անգամ ավելին է, քան Հայաստանինը, առաջարկեց ավելի մեծ ուշադրություն դարձնել մտավոր ներուժին: «Առաջարկում եմ ստեղծել նոր ինստիտուտներ, օրինակ՝ Սփյուռքի ինստիտուտ, Արդի հասարակության ինստիտուտ, Ղարաբաղի հիմնախնդրի ինստիտուտ…: Չպետք է վախենալ գիտությանը շատ գումար հատկացնելուց: Ավելի շատ տվեք ու ավելի շատ պահանջեք»,- ասաց գիտնականը: Ակադեմիկոս Սիներիկ Հայրապետյանը դժգոհեց գիտության քաղաքականությունից. «Ըստ մասնագիտությունների, գոնե առաջատար 10 գիտնականների անունները նախագահին ու վարչապետին պետք է հայտնի լինեն՝ այս գիտնականաշատ երկրում»: Պարոն Հայրապետյանը քննադատեց նորաստեղծ գիտության պետական կոմիտեի գործունեությունը, հավելելով, որ, իր կարծիքով, պետական միջոցների խմբակային բաշխում է կատարվում մի խումբ չինովնիկների կողմից:

«Ակադեմիական» տրտունջներին ուշիուշով հետեւող ՀՀ նախագահը վերջում ակադեմիկոսներին «տեղը դրեց»: «2008թ. շուրջ 18%-ով աճել է գիտության ֆինանսավորումը եւ ոչ թե, ինչպես այստեղ ասվեց, կրճատվել… Գիտությունը կենտրոնացած չէ միայն ակադեմիական համակարգում: Երբ խոսում եք գիտությանը հատկացվող գումարների մասին, խնդրում եմ՝ չմոռանանք, որ համարյա նույն չափի գումար հատկացվում է գիտությանը՝ ոչ ակադեմիական համակարգում»,- ասաց Ս. Սարգսյանը, խոստանալով, որ ֆինանսական աջակցությունը գնալով կաճի, բայց դրան զուգահեռ գիտնականներն ու ԳԱԱ-ն էլ պիտի քայլեր անեն՝ փոխանակ ինքնամփոփվելու: ՀՀ նախագահը համոզված է, որ գիտության վարկանիշի անկման պատճառը ոչ միայն գիտնականների ծանր սոցիալ-տնտեսական վիճակն է, այլեւ որոշ անբարեխիղճ գիտնականների անփույթ վերաբերմունքն իրենց մասնագիտությանը: «Լրջորեն վտանգվել է գիտական կոչումների նշանակությունը, քանի որ շեշտակիորեն շատացած գիտական խորհուրդները թողարկել են բազմաթիվ գիտությունների թեկնածուներ եւ ոչ միայն թեկնածուներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում գիտական աստիճանին ներկայացվող պահանջներին»,- փաստեց նախագահը: «Որոշ դեպքերում ասպիրանտուրան դարձել է բանակից փախչողների հավաքատեղի… Ինչո՞ւ բազմաթիվ հանդիպումների ժամանակ որեւէ գիտնական կամ ակադեմիկոս այս հարցից չի խոսել: Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ ասպիրանտներն ավարտելով՝ հաճախ ոչ միայն մասնագիտությամբ չեն աշխատում, այլեւ ընդհանրապես գիտությամբ չեն զբաղվում… Ինչո՞ւ ենք այնպես անում, որ առկա ուսուցմամբ բանակից տարկետման իրավունքով սովորողների մեծամասնությունը տղաներ լինեն… Մեր հասարակությունում աղջիկներն այլեւս գիտությամբ չե՞ն կարող զբաղվել: Կամ արդյո՞ք գաղտնիք է, որ ընդունելության քննությունների ժամանակ պետպատվերով բանակից տարկետման իրավունքով տեղերի համար գնում է կատաղի պայքար: Լուծո՛ւմ առաջարկեք, լուծո՛ւմ, դրսեւորեք քաղաքացիական կեցվածք»,- գիտնականներին կոչ արեց Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով գիտնականների վարկանիշների եւ նրանց գիտական վաստակի միջազգայնորեն ընդունելի լինելուն, նախագահը հավելեց. «Ասում են՝ լավ գիտնական է… որո՞նք են այդ չափանիշները, հո թեկնածու, դոկտոր, ներողություն, ակադեմիկոս լինելու մե՞ջ չէ միայն… ինձ համար մեր ակադեմիկոսի կոչումը ընդունելի է 100 տոկոսով, բայց երկրից դուրս գանք, տեսնենք ընկալո՞ւմ են մեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել