Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Հունիս 14,2008 00:00

Շոթա Սաղաթելյանն ազատ արձակվեց, իսկ…

Երկու ամիս քաղբանտարկյալներին ու նրանց հարազատներին սթրեսային վիճակում պահելուց հետո, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը որոշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին դատապարտել 3, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին՝ 2,5 տարվա ազատազրկման, իսկ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին պայմանականորեն ազատել: Բնականաբար, այս դատավարությամբ մեկ անգամ եւս խայտառակվեց Հայաստանի արդարադատությունը, քանի որ գործով բոլոր վկաները՝ Գյումրիի 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամները, միաբերան պնդել էին, որ վերոհիշյալ անձինք նախագահական ընտրությունների օրը՝ փետրվարի 19-ին, հանձնաժողովի աշխատանքները չեն խոչընդոտել, չեն հայհոյել, իրենց չեն սպառնացել, իրենք նրանց դեմ բողոք չեն ներկայացրել, իսկ դատախազությունը ակնհայտ գործ է սարքել՝ հանձնաժողովականներին ահաբեկելով ու նրանց կեղծ ցուցմունքներ թելադրելով: Այս ամենից հետո աբսուրդ էր, որ դատարանը դակեց դատախազության սարքած քրեական գործը՝ դահլիճից «լավության կարգով» ազատ արձակելով միայն Շոթա Սաղաթելյանին: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ազատվելը Աստծո գործն էր, ոչ թե իշխանությունների բարի կամքի դրսեւորումը: «Ես, ճիշտ է՝ ազատվեցի, բայց իմ երկրի մեջ էլի ազատ չեմ զգում, որովհետեւ կյանքն էսօր ցույց է տվել, որ այստեղից բռնությունը չի հեռանում: 62 տարեկան մարդ եմ, ոչ մի օրենք իմ ամբողջ կյանքում չեմ խախտել, ոչ մեկի շորից չեմ քաշել, քրեորեն պատժելի արարք չեմ կատարել, բայց հայտնվել եմ ճաղավանդակների հետեւում: Եկել է ժամը, որ իմ ընկերներին եւս ազատ արձակեն, ժամն է, որ երկրի ղեկավարները բարի կամք դրսեւորեն, թույլ չտան, որ մարդիկ հոգով ճնշվեն, ընկճվեն, վհատվեն, հեռանան երկրից: Սրանով թեեւ ուզում են մեզ ընկճել, բայց Սաղաթելյանների ազգը ընկճվողներից չէ, որովհետեւ մեր արմատները խորն է էս հողի մեջ, մեզանից ոչ ոք չկա արտերկրում: Մենք մնալու ենք՝ մեր երկիրը կառուցելու»,- ասաց Շոթա Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ շարունակելու է իր քաղաքական հայացքներին տեր կանգնել, հունիսի 20-ի հանրահավաքին էլ առանց երկմտելու մասնակցելու է:

Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Պարզվել է ատրճանակ հափշտակողի ինքնությունը

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունն «Առավոտին» տեղեկացրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Երեւանում «Մարտի 1-ի» գործով նախաքննությունը:

Պարզվել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանների, նրանց թվում ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետ Գրիշա Այվազյանի նկատմամբ գործադրված բռնության մասնակիցներից ոմանց ինքնությունը, ոստիկանի ծառայական ատրճանակի հափշտակման հանգամանքները: Գ. Այվազյանի նկատմամբ բռնությունների գործադրմանը անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Երեւանի բնակիչ Արա Հովհաննիսյանը, ով, ըստ նախաքննության մարմնի, միաժամանակ հափշտակել է ոստիկանի «Մակարով» տեսակի ատրճանակը՝ 8-ական փամփուշտով լիցքավորված 2 պահունակի հետ միասին:

Արա Հովհաննիսյանը ձերբակալվել է: Վերջինս խոստովանել էր, որ դեպքից անմիջապես հետո ատրճանակը գցել է «Սեւան-Հրազդան-Արարատ» ջրատարը՝ Հաղթանակի կամրջի հարեւանությամբ: Տեղազննությամբ հայտնաբերվել են «Մակարովը» ու 2 պահունակները՝ լիցքավորված 8-ական փամփուշտներով:

Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հետապնդումը դադարեցվեց

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհդի անդամ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Նա ազատազրկվել էր այս տարվա փետրվարի 25-ից, իսկ ապրիլի 16-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով փոխվել էր նրա խափանման միջոցը՝ կալանքը:

Սուրենյանցի դեմ ձեռք բերված ապացույցները չհաստատվեցին, անբավարար էին: Հիշեցնենք, որ Սուրենյանցը մեղադրվել էր իշխանությունը յուրացնելու, փետրվարի 24-ին, 25-ին հանրահավաքներ կազմակերպելու համար:

Մահացել են՝ բախվելով ծառին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ս. Շահսուվարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ 2 օր առաջ ժամկետային զինծառայող, շարքային Սերյոժա Արտակի Շահբազյանը (ծնված՝ 1989թ., 2007թ. 2-րդ զորակոչ, Գավառի ԶԿ), ՎԱԶ-21010 մակնիշի 01 ՍՍ 677 պետհամարանիշի ավտոմեքենայով, «բարձր արագությամբ երթեւեկելու պատճառով», Երեւան-Սեւան ավտոմայրուղում բախվել է ծառին, որի հետեւանքով տեղում մահացել է: Մահացել են նաեւ վերջինիս՝ մեքենայում գտնվող մորաքույրը՝ Հ. Հովհաննիսյանը եւ մորաքրոջ ամուսինը՝ Լ. Բաղդասարյանը, իսկ վերջիններիս երկու դուստրերը ծանր վիճակում տեղափոխվել են Երեւանի 3-րդ մասի մանկական հիվանդանոց:

Ժամկետային զինծառայող, շարքային Սերյոժա Արտակի Շահբազյանը նույն օրը, ժամը 19-ի սահմաններում ինքնակամ լքել էր զորամասը: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն։

Արդարացվեց

Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Նվեր Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ եւ արդարացրել նրան:

Դատարանը որոշում է կայացրել կալանքը վերացնելու եւ Ն. Սարգսյանին անհապաղ դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու մասին:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի, Երեւանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով մեկ այլ քրեական գործ (Էդվարդ Աշուղյանի), նրան մեղավոր է ճանաչել «Զանգվածային անկարգությունները» հոդվածով: Աշուղյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ վերջինս, ըստ դատարան ուղարկված գործի նյութերի, մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ «իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ պարբերաբար քարեր նետելու եղանակով տեւական ժամանակ» դիմադրություն է ցույց տվել վերջիններիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել