Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց 4-րդ համաժողովը

Հուլիս 08,2008 00:00

Երեկ Կամերային երաժշտության տանը հայաստանցի եւ սփյուռքահայ գրողները համախմբվեցին մի հարկի տակ, մի գաղափարի

շուրջ՝ նպաստել ՀՀ-ում եւ Սփյուռքում հայ գրականության պահպանմանն ու զարգացմանը:

Մեկնարկած Հայ գրողների 4-րդ համահայկական համաժողովին միայն Սփյուռքից մասնակցում էր 80 պատվիրակ: Համաժողովն ունի 3 առանցք՝ «Հայը եւ Հայաստանը՝ արդի գրականության տեսադաշտում», «Գրական նոր սերունդը եւ 21-րդ դարի մարտահրավերները», «Գրքի համահայկական առաջին տոնավաճառ»:

«Հայը եւ Հայաստանը արդի գրականության մեջ» խորագիրը կարեւորվում է նրանով, որ այսօր հայ եւ սփյուռքահայ գրողի համար շատ դժվար է պահպանել գրողի տեղն ու դերը հայ գրականության մեջ: Այդ առիթով կանցկացվեն քննարկումներ: «Գրական նոր սերունդ եւ 21-րդ դարի մարտահրավերներ» խորագիրն էլ մտահոգիչ է այնքանով, որ այսօր Սփյուռքում, բացառությամբ՝ Մերձավոր Արեւելքի, հայ գրականությունը կանգնած է մեծ խնդրի առջեւ. չունենք երիտասարդ՝ մինչեւ 30 տարեկան հայագիր գրողներ, նոր սերունդը ասես կապված չէ գրականության հետ»,- «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Համաժողովի շրջանակներում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկազմակերպվի «Գրքի համահայկական առաջին տոնավաճառը»: Այն հարցին՝ ի՞նչ կտա համաժողովը սփյուռքահայ եւ հայ գրողներին, ՀԳՄ նախագահը շեշտեց. «Համաժողովն առանձնահատուկ է նրանով, որ ներկա են շատ սփյուռքահայ գրողներ, դա կոլեգաների համար փորձի փոխանակման, շփման, ճանաչման եւ համագործակցության մեծ հնարավորություն է»: Ըստ Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի խմբագիր, գրող Ռոպեր Հատտեճյանի, անչափ կարեւոր են նման հանդիպումները. «Ինձի համար հայ գրողներու այս համաժողովը մեկ բան միայն կխորհրդանշե՝ քով քովի գալ եւ իրարու ձեռք սեղմիլ, իրարու աչքերու մեջ նայիլ: Մենք իրարու գրքերը կրնանք կարդալ, սա հարցի լուծում չէ, բայց իրարու ձեռք սեղմելու համար պետք է, որ քով քովի գանք: Լավագույն տեղը, ժամանակը եւ առիթը այս համաժողովն է՝ հայրենի հողի վրա»:

Լիբանանահայ արձակագիր Համբիկ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ համագումարը կիրականացնի իր առաքելությունն ու կնպաստի հատկապես Սփյուռքում հայ գրականության պահպանմանը: Կալիֆոռնիայի հայ գրողների միության նախագահ, բանաստեղծ Գրիշ Դավթյանը նշեց. «Մեր ժամանակներում գրականության ասպարեզում նման խնդիրներ դնել մեր առջեւ եւ փորձել դրանք լուծել՝ արդեն իսկ մեծ գործ է: Մնում է միայն օգտվել այս հնարավորությունից»: Համագումարը աշխատանքները կշարունակի մինչեւ հուլիսի 14-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել