Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բնության լուսանկարիչը

Սեպտեմբեր 25,2008 00:00

\"\"Արմեն Իսկանդարյանի համոզմամբ՝ մեր բնությունն աննման է

Արմեն Իսկանդարյանը երկու տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ: Dino Systems կազմակերպության տնօրենն ասում է, որ դա ոչ թե ընդամենը հոբի է, այլ լուրջ մասնագիտություն, որը փոխհատուցում է տեխնիկական բնույթի իր մյուս աշխատանքի (ծրագրավորում, համակարգչային սպասարկում, վեբ-դիզայն եւ այլն) չորությունը: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ֆոտոապարատ գնեցի երեխաներիս լուսանկարելու համար: Այժմ ամբողջ ուշքումիտքս այս գործի վրա է, ուզում եմ, որ այն դառնա արդյունավետ գործունեություն: Մինչեւ հիմա միայն նկարել եմ: Հիմա զգում եմ, որ միայն նկարելն ու իմ նայելը բավարար չէ: Կարծում եմ՝ լուսանկարներս իրավունք ունեն մյուսներին էլ ներկայանալու,- պատմում է մեր զրուցակիցը ու հավելում,- ընդհանրապես նկարում եմ միայն բնություն, այն էլ մեծ մասամբ պանորամային ֆորմատով: Դա իմ ամենահոգեհարազատ թեման է: Ուսումնասիրելով հայաստանյան լուսանկարչական իրականությունը, համոզվեցի, որ այդ ուղղության լուսանկարչությունը քիչ է տարածված, ուստի որոշեցի հենց դրանում էլ խորանալ»: Ա. Իսկանդարյանը նշում է. «Աշխատում եմ միայն վայրի բնություն նկարել, մարդկանց ու կենդանիներին չեմ նկարում… Գտնում եմ, որ Հայաստանը շատ բան ունի ցույց տալու, ու դա մինչեւ հիմա լրջորեն ոչ ոք չի արել: Երբեմն նկարներս նայելով՝ ընկերներս հետաքրքրվում են. իսկապե՞ս այդպիսի գողտրիկ անկյուններ կան Հայաստանում, հո համակարգչով չե՞մ փոխել ոչինչ… Լուրջ եմ ասում, հրաշք բնություն ունենք, որը պիտի ըստ արժանվույն ներկայացնել աշխարհին: Այս պահին Հայաստանի ընդամենը 20%-ն եմ «պեղել», մինչեւ տարվա վերջ 30%-ի կհասցնեմ: Լուսանկարել եմ Արարատյան դաշտավայրը, Կոտայքը, Գեղարքունիքը, Արագածոտնը, մի քիչ Գյումրին եւ այլն: Նաեւ Սեւանից լավ նկարներ ունեմ: Միշտ չէ, որ հնարավոր է պանորամային ֆորմատով նկարել այն, մանավանդ՝ մեր Սեւանը եղանակի առումով քմահաճություն է անում: Երբ որեւէ բան նկարում եմ, մի քանի օր չեմ մոտենում, որ օրվա իմ տպավորությունները չխանգարեն նկարը ճիշտ գնահատելու: Հետո են երեւում ե՛ւ պլյուսները, ե՛ւ մինուսները: Սիրում եմ կարծիքներ լսել, ափսոս՝ քիչ են լինում քննադատությունները»: Հետաքրքրվեցինք՝ լուսանկարչությունը նաեւ ապրուստի՞ միջոց է, ունի՞ պատվիրատուներ: «Ինչպես նշեցի, համակարգչային գործունեությամբ եմ զբաղվում, ինչը թույլ է տալիս վաստակել ու ֆինանսական որոշակի ներդրումներ անել լուսանկարչության մեջ: Մյուս կողմից էլ, մինչեւ չի վարձատրվում գործդ, քեզ չեն համարում պրոֆեսիոնալ: Գտնում եմ, որ նկարներս պետք է վաճառվեն, ու դեմ չեմ, որ դրանից եկամուտ լինի»,- պատասխանեց լուսանկարիչը, որ արդեն մասնակցել է Ամերիկայի հայկական գրադարանի ու թանգարանի, նաեւ «Հայաստանի ծառատունկ» հիմնադրամի կազմակերպած՝ «Լուսանկարչական արշավ Հայաստանի բնական գանձերի շուրջ» խորագրով ցուցահանդեսներին, ստացել մրցանակներ: Դեկտեմբերին էլ կմասնակցի Հայաստանի ազգային պատկերասրահում բացվող լուսանկարչական ցուցահանդեսին: Արմենն ասաց, որ իրեն խորհուրդ են տվել լուսանկարները կատալոգով, գրքի տեսքով էլ ներկայացնել. «Դա մեծ ֆինանսների հետ կապված հարց է… Եթե հասցնեմ՝ հոկտեմբերին բացառիկ օրացույցների միջոցով կներկայանամ»:

«Առավոտի» հաջորդ հարցին՝ ի՞նչ կուզենար լուսանկարել այլ երկրներում, Ա. Իսկանդարյանը պատասխանեց. «Միշտ նախանձով եմ նայել ամերիկյան լուսանկարիչների գործերը, որոնք պատկերում են Ամերիկայի կանիոնները: Իմ մեջ տեսնում եմ այդ ներուժը ու զգում, թե ինքս ինչպես կնկարեի դրանք՝ իմ հայացքով ու տեսանկյունից: Մեկ էլ ափսոսում եմ, որ մեծ ջրվեժներ չունենք… Բայց, մեկ է, Հայաստանի բնությունն աննման է»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ վերջին շրջանում սկսել է, գունավորին զուգահեռ, նաեւ սեւուսպիտակ նկարել. «դա էլ իր հմայքն ունի եւ կլասիկ է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930