Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ «ՀԱԲՌԳԵԼ» ԵՆ»

Սեպտեմբեր 26,2008 00:00

\"\"Ասում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահը

Երեկ Փաստաբանների պալատում ասուլիս էին հրավիրել «Պիցցա դի Ռոմայի» աշխատակիցներ՝ մեղադրյալներ Գեւորգ Սաֆարյանի եւ Անուշ Ղավալյանի փաստաբանները՝ Արա Զաքարյանը, Արթուր եւ Դիաննա Գրիգորյանները: Հիշեցնենք, որ «Պիցցա դի Ռոմայի» տնօրեն Գ. Սաֆարյանն ու մատուցողուհի Ա. Ղավալյանը մեղադրվում են հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու եւ ընկերության առեւտրաշրջանառությունը քիչ ցույց տալու համար:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը ասուլիս հրավիրելու անհրաժեշտությունը պատճառաբանեց նրանով, որ ցանկանում են դատավարությունների ընթացքում բացահայտված թերությունների մասին տեղեկացնել նաեւ հասարակությանը, որպեսզի բոլորն իմանան, թե այսօր ինչ դատավորներ ունենք: «Այս դեպքում խոսքս վերաբերում է Երեւանի քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին: Մեր պաշտպանյալների գործը գտնվում է նրա վարույթում եւ այս տարվա հուլիսի 4-ից մինչ օրս նա, բացի կամայականություններից, պաշտոնական կեղծիքներից, նրանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարելուց, այլ բանով չի զբաղվել: Բազմիցս նրան միջնորդություններ ենք ներկայացրել, որ մեր պաշտպանյալների իրավունքի խախտումները վերացվեն, դատավոր Եվա Դարբինյանը մի դեպքում միջնորդությունները մերժել է՝ առանց պատճառաբանությունների, մի դեպքում՝ դրանք թողել է առանց քննության: Չունենալով իրավական պաշտպանության այլ արդյունավետ միջոցներ, հաճախ դիմել ենք ճարահատյալ քայլի եւ լքել ենք դատական նիստերի դահլիճը»,- ասաց Ա. Գրիգորյանը: Ըստ նրա, այդ հանգամանքը դատավորը գնահատել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եւ ՀՀ փաստաբանների պալատին ուղարկել է որոշումներ՝ իրենց ենթարկելու կարգապահական պատասխանատվության: Անդրադառնալով դատավորի կողմից թույլ տրված կեղծիքներին, փաստաբանը նշեց, որ նախաքննության ավարտից հետո, երբ Գ. Սաֆարյանի գործն ուղարկվել է դատարան՝ մինչեւ դատական քննությունը նշանակելն արդեն լրացած է եղել նրա կալանքի ժամկետը: Փաստաբանի խոսքերով, դատական քննությունը նշանակելիս դատավորը պարտավոր էր անդրադառնալ նրա խափանման միջոցի հարցին, ինչը չի արել: Ըստ նրա, դատական նիստերում բազմիցս այդ հարցը ներկայացրել են, սակայն «Դատավորն այս կապակցությամբ որեւէ հերքող հայտարարություն չի արել եւ մեր ասածի հակառակը հիմնավորող որեւէ որոշում չի ներկայացրել եւ հանկարծ հերթական նիստերից մեկի ժամանակ ներկայացնում է ձեռագիր մի որոշում, որ իբր մեզ ուղարկված որոշումները պատճեններն են, իսկ բնօրինակը հենց այդ ձեռագիրն է, որով խափանման միջոցին անդրադարձել է եւ այն թողել է անփոփոխ»: Ա. Գրիգորյանի խոսքերով, դատավորի մեկ այլ պաշտոնեական կեղծիքն էլ այն է, որ երբ երեք պաշտպանները լքել են դատական նիստերի դահլիճը, դատավորը նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշմամբ դիմել է Փաստաբանների պալատին, սակայն դատական ձայներիզի վերծանումից հետո պարզվել է, որ դատավորը դատական նիստում բոլորովին այլ բան է հայտարարել եւ սանկցիան հայտարարել է նախազգուշացումը, բայց պալատին ուղարկել է բոլորովին այլ որոշում: Փաստաբանները բողոքներ եւ կից ձայներիզ են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին, վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակին, Փաստաբանների պալատին, ինչպես նաեւ ԱՄՆ փաստաբանների միության երեւանյան գրասենյակին:

Փաստաբան Դիաննա Գրիգորյանն, անդրադառնալով Անուշ Ղավալյանի գործին, նշեց, որ այստեղ էլ դատավորը կամայականությամբ է աչքի ընկնում եւ մերժում է իրենց բոլոր օրինական պահանջները. «Երբ միջնորդեցի Ա. Ղավալյանին ազատ արձակել, քանի որ կալանքի տակ պահելու հիմքեր չկան, բացի նրանից, որ քննիչը նպատակահարմար չի գտնում, այն մերժվեց, քանի որ դատավորը կալանքը կապում է առողջության հետ. եթե առողջ է եւ ի վիճակի է կալանքը կրելու՝ ուրեմն պիտի կալանավորված մնա»:

Ասուլիսին ներկա Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը տեղեկացրեց, որ փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը կարգապահական հանձնաժողովն ուսումնասիրում է: «Ես Եվա Դարբինյանի տեղը լինեի՝ այս փաստաբանների դեմ քրեական գործ կհարուցեի, քանի որ իրեն մեղադրում են անօրինությունների մեջ, հետաքրքիր է՝ կանի՞, թե՞ ոչ: Բայց ասեմ, որ մեր դատավորները «հաբռգել» են, եւ եթե պարզվի, որ Եվա Դարբինյանն է մեղավոր, ամբողջ պալատը շուռ կգա նրա դեմ: Մենք պիտի ազատվենք օրինախախտ դատավորներից, բարեբախտաբար վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանից ազատվեցինք, որը քանդեց դատական համակարգի հիմքը»,- ասաց Ռ. Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել