Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԳՐԿԱԾ ԵՆ ՏԱՐԵԼ

Նոյեմբեր 11,2008 00:00

\"\"Օձուն եւ Բերդ համայնքների ղեկավարների թեկնածուներն ամեն ինչի պատրաստ են եղել, միայն թե մեկ ձայն ավելի հավաքեն:

Կիրակի օրը վերընտրություններ տեղի ունեցան Տավուշի մարզի Բերդ քաղաքում եւ Լոռու մարզի Օձուն գյուղում: Նշենք, որ այս երկու համայնքներում էլ գործող համայնքապետերի կողմնակիցների կողմից թույլ տրված ընտրախախտումների պատճառով էին հոկտեմբերի 19-ին կայացած ընտրությունները համարվել անվավեր:

Օձունում թեկնածուները երկուսն էին՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Մելիք Այվազյանն («Ալաբաշ Մելո») ու անկուսակցական Արսեն Տիտանյանը: Այս ընտրություններն էլ նախորդի պես անցան բավականին լարված մթնոլորտում: Այդ մասին էր վկայում Օձունում գտնվող մեծ թվով ոստիկանների ներկայությունը: Քանի որ Օձունում ամեն պահի կարող էր իրավիճակը վերահսկողությունից դուրս գալ, այդ պատճառով 5 հոգանոց պատվիրակությամբ գյուղ էր եկել նաեւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը եւ մինչեւ ընտրությունների ավարտը հսկեց ընտրական գործընթացը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ ընտրությունների օրը կոպիտ խախտումներ չեն արձանագրվել եւ դժգոհություններ չունի:

Օձունցիներից տեղեկացանք, որ Մ. Այվազյանին սատարողները մի քանի անգամ փորձել են կռիվներ հրահրել հակառակորդ թեկնածուի կողմնակիցների հետ, սակայն Ա. Տիտանյանի վստահված անձինք այդ սադրանքներին չեն գնացել: Թեեւ հենց առավոտից իրավիճակը լարված էր եւ գյուղապետի ազգուտակը «ջիփերի» շարասյուներով փորձում էր մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրել եւ նույնիսկ ընտրողներին հաթաթա էր տալիս, որ եթե Մ. Այվազյանին չընտրեն՝ իրենց համար վատ կլինի, այնուհանդերձ, այս ամենը օձունցիներին չվախեցրեց, որպեսզի նրանք իրենց նախընտրած մարդուն ընտրեն: Այս ընտրություններում 87 ձայնի առավելությամբ գյուղապետ ընտրվեց Արսեն Տիտանյանը: Նա հավաքել է 1314 ձայն, իսկ Մ. Այվազյանը՝ 1227:

Նշենք, որ այս գյուղում անցյալ անգամ 46 ձայնի առավելությամբ վերընտրվել էր գործող գյուղապետը, սակայն վերահաշվարկի ժամանակ պարզվել էր, որ 47 ձայնի առավելությամբ հաղթել է Ա. Տիտանյանը, բայց քանի որ անճշտությունների թիվն ավելին էր, քան թեկնածուների միջեւ ձայների տարբերությունը, այդ պատճառով նոր ընտրություններ անցկացվեցին: Այս գյուղում առկա լարված ու անհանգիստ մթնոլորտի ձեւավորման մեջ մեղքի իր բաժինն, ըստ օձունցիների, ունի նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, քանի որ նա բազմիցս է Մ. Այվազյանին սատարող կոչեր արել, նույնիսկ քարոզարշավի ժամանակ նրա ռեյտինգը բարձրացնելու նպատակով բերքի տոնի համար գյուղապետին պատվոգրի էր արժանացրել:

Եթե Արամ Քոչարյանին չհաջողվեց Օձունում գյուղապետ դարձնել ՀՀԿ թեկնածուին, ապա այս անգամ այդ խնդիրը չունեցավ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ Բերդ քաղաքում: Նրա ջանքերի շնորհիվ էր նաեւ, որ քաղաքապետ վերընտրվեց ՀՀԿ-ական Անդրանիկ Շառյանը եւ 208 ձայնի առավելությամբ հաղթեց անկուսակցական Հմայակ Ադամյանին: Անցած կիրակի օրը Բերդ քաղաքում իսկական մարդաորս էր կատարվում: Ժամը 17-ից հետո ավտոմեքենաներով մարդկանց փողոցներից բռնում կամ տներից հանում՝ ընտրության էին տանում Ա. Շառյանի կողմնակիցները: Նույնիսկ ծերերին գրկած էին ընտրատեղամաս բերում, միայն թե իրենց օգտին մի ձայն ավելի ստանան: Այստեղ էլ ոստիկանների պակաս չէր զգացվում եւ որոշ տեղամասերում նրանց թիվն անցնում էր 20-ից: Օրվա կեսին լարվածություն նկատվեց 41/01 ընտրատարածքում, երբ հանձնաժողովի նախագահ Արթուր Վիրաբյանն արգելեց Հ. Ադամյանի վստահված անձին գրառել ընտրության եկած ընտրողների համարները: Նա որոշեց կնքել եւ համարակալել վստահված անձի անձնական նոթատետրը, պատճառաբանելով, թե ինֆորմացիայի արտահոսք է լինում եւ կասկածներ ունի, որ այդ տեղեկությունը կօգտագործվի մարդկանց, իրենց կամքից անկախ, ընտրության բերելու համար: Մինչդեռ նա չտեսնելու էր տալիս իրական «մարդորսորդներին»: Հանձնաժողովի նախագահին օգնության հասավ նաեւ ԿԸՀ դաշնակցական անդամ Համլետ Աբրահամյանը: Ձայների հաշվարկի պահին ընդհարվեցին նաեւ թիվ 41 ԸԸՀ նախագահ, ՀՀԿ անդամ Սմբատ Գասպարյանն ու Հ. Ադամյանի մեկ այլ վստահված անձը, երբ վերջինս հորդորեց հաշվման գործընթացն անել ընտրական ուղեցույցին համապատասխան. «Ջահել ես, նոր ես կյանք մտել, բան չես հասկանում: Էս ուղեցույց գրողներն ինձանից խելոք մարդիկ չեն եղել, քո նշած ուղեցույցը կտանես զուգարանում կօգտագործես, դա ինձ պետք չի»,- բղավեց Ս. Գասպարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել