Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՌԴՈՆ-ART

Դեկտեմբեր 18,2008 00:00

Կամ ինչպես ավերել իրական արժեքները

«Մասսայական մշակույթ» բառը եթե փորձենք ստուգաբանել, արդյունքում կստացվի՝ «մշակույթ», որը հասանելի է հասարակության լայն զանգվածներին՝ մասսաներին:

Յուրաքանչյուր վարչակարգ, սկսած Հին Հռոմից, ունեցել է իր այդօրինակ (եթե ոչ տարօրինակ) մշակույթը: Արվեստի մոլեկուլներ պարունակող այս երեւույթը կոչված է մասսաներին քարոզել այն, ինչը մասսաները, չգիտակցելով՝ շատ են սիրում: Հայկական «մշակութային» մասսան կամ տարաբախտ տասնմեկերորդ, երեւի բոլոր տեղերից անդամահատված «մուսան» փորձեց շտկել հռոմեական զինախաղերը եւ ամերիկյան պոպ-քորնը հորինած «հանճարների» սխալները: Ամեն ինչ սկսվեց «պետական» էստրադայի «սեփականաշնորհումից» եւ մոտ տասնհինգ տարի առաջ ծնունդ առած այսօրվա սերիալների «պապա»՝ «բան ա ըլե, ապե»-ից; Ներեցեք, վերջին բառակապակցությունը գրելիս, անկեղծ ասած, չիմացա՝ հարցական նշանը ո՞ր բառի վրա դնել: Այսպես չիմանալով էլ հայ հասարակության մի ստվար հատվածը կամ մասսան սկսեց տաղանդավոր, նույնիսկ հանճարեղ համարել բոլոր նրանց, ում շատ է տեսնում հեռուստաէկրանից, ասենք՝ Ֆելիքս Խաչատրյանին: Արդյունքում՝ շատ երեւացող աստղերը հայկական հեռուստացույց կոչված քառակուսի տուփից (վերջինս ոչ մի կապ չունի հոմոսապիենսի գանգատուփի հետ) դուրս մղեցին այն ամենը, ինչը չի «երեւում»: Օրինակ՝ օպերային արվեստը կամ ռոք երաժշտությունը: Ավելին՝ սկսեցին «երգել» օպերային թատրոնի բեմից, մարդաբանության մեջ առաջ քաշելով բոլորովին նոր, ես կասեի՝ նորագույն տեսություն. հայ աստղերին լսող մասսան ոչ միայն կարող է ապակի ջարդել, այ, եթե այսպես շարունակվի՝ մեկ-երկու տարի հետո չի բացառվում, որ Երեւանում «փռչամորթներ» հայտնվեն:

«Փռչամորթների» գործունեության ինտիմ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ դիտելով «Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» ֆիլմը:

Հայկական շոու-բիզնեսի «հմայքը»

Կարմիր գույնը, որպես կանոն, զուգորդվում է արյան կամ կոմունիզմի հետ: Բայց գոյություն ունի կարմրի մի տեսակ, որի բնորոշումը «զըռն» է կամ անճաշակը: Գռդոն-art-ի չորրորդ հորիզոնականում վերջերս ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն է՝ Սայաթ-Նովայի իր կարմիր «ընթերցմամբ»… Անգամ այն միտքը, որ Հայկոն Սայաթ-Նովա է երգելու, հայ երգարվեստին քաջածանոթ մարդկանց ներսում կիսով չափ՝ հեգնական, կիսով չափ՝ ողբերգական սարսուռ առաջացրեց. խեղճ Սայաթ-Նովա, ստիպված ես լինելու գերեզմանիդ մեջ շուռ գալ: Բայց երբ տեսահոլովակը՝ բեմադրիչ Հրանտ Մովսիսյանի ջանքերով լույս աշխարհ ելավ, մեկ պտույտի մասին մարդկանց մտավախությունը հազարապատկվեց:

Զըռ-պլակատային, փողոցային-կարմիր երանգների մեջ հայտնված փողկապավոր-կոստյումավոր Հայկոն տարօրինակ հնչերանգներով փորձում է գրավել զգացողությամբ սթրիփ պարող կանանց ուշադրությունը: Օդում թպրտացող «լենտոչկաները», կարմիր ատլասի մեջ թաղված կինն ու անզգացմունք «Ես քեզ սիրում եմ-ը» խոսուն ապացույցն են պատվիրատուի համապատասխան ճաշակի ու բեմադրիչի անհեքիաթ երեւակայության: Հավանաբար, նրանց փոքր հասակում չեն ընթերցել այն հայտնի հայկական հեքիաթը, որտեղ մի իմաստուն միտք կա. «Ոտքերդ վերմակիդ չափով մեկնիր»: Իսկ գուցե սա նո՞ր ուղղություն է: Գուցե հրաշքով հայրենական շոու- բիզնես են թափանցել պոստմոդեռնիստական հովե՞րը (ախորժակիդ՝ քացախ), որոնց քաջածանոթ հայ աստղերը, թաշկինակ փոխելու հմտությամբ, «անդրադառնում» են դասականների՞ն:

Ասածիս մեջ գուցե ոմանք ցենզուրային քարոզ տեսնեն: Վերջիններիս հիասթափեցնեմ ասելով, որ ինձ համար միայն մի ցենզուրա կա՝ Ճաշակը: Հենց ճաշակի պակասն է հանգեցնում նմանատիպ պլակատային-փողոցային երեւույթների եւ նույնիսկ Արամեի չպատճառաբանված ժպիտն ի զորու չէ իրավիճակը հարթել…

Արվեստը առանց սահմանների ու անսահման նորարարություն է, բայց ամեն կարմիր պլակատ դեռ արվեստ չէ…

Գռդոն-art-ի երրորդ, պատվավոր հորիզոնականը ստիպված են կիսել ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը եւ «Թիվ 5»-ի տղաները:

Բոլոր ճանապարհները դեպի… Երկնային սեր են տանում: Սակայն պարզվում է՝ կա մի «Երկնային սեր», որը ոչ միայն երկնքին չի հասնում, այլ՝ երկրից չի սկսվում: Խոսքս Շուշան Պետրոսյանի եւ «Թիվ 5»-ի համատեղ ստեղծագործության մասին է, որը տեսահոլովակային «սիրո» տեսքով կյանքի է կոչել հայ Էդ Վուդ՝ Հրաչ Քեշիշյանը: Վերջինիս ներկայությունը տեսահոլովակում՝ Ոչնչի գոյության մասին է վկայում: Հրաչ Քեշիշյանն իր ռեժիսորական փայլատակող-կայծակնային կարիերայի ընթացքում, թերեւս, ունեցել է միայն մեկ պայծառացում. այդ պահին նա հավանաբար հասկացել է իր գործին առնչվող մի պարզ ճշմարտություն. «Ավելի լավ է տեսահոլովակը նկարելիս ոչինչ չանեմ»: Ինչ վերաբերում է Շուշան Պետրոսյանին, նա, անշուշտ, առիթը բաց չի թողել տաղանդախնամ մայրիկի դերում հանդես գալուց: Հինգ միանման, միատեսք ու երեւի թե միադեմ տաղանդները տվայտվում են երկնային սիրուց՝ վայրկյանը մեկ փոխելով գլխարկներն ու գլխանոցները: Բա ռոքային մոտիվնե՜րը… Հանգամանք, որը զուգորդաբար հիշեցնում է… միլիմետրից կիլոմետր եղած հեռավորության մասին…

Թվում է՝ ի՞նչ վատ բան կա, հինգ միադեմ տաղանդներ հավաքվում, տաղանդաբաղձ երգչուհու հետ երգ են ձայնագրում, որը քանի որ երկնային սիրո մասին է՝ նկարահանում է հայ կլիպմեյքերության աստվածը:

Իրականում… Հրաչ Քեշիշյանը «կոյուղային մշակույթի» հիմնադիրն է, որը համառորեն ներխուժելով հայկական TV-ներ՝ իսպառ վերացրեց ոչ միան արվեստը, այլ՝ արվեստի մասին հիշողությունը: Հեռուստաէկրաններից դուրս մղվեցին երկնային ձայն ունեցող մարդիկ՝ ասպարեզը թողնելով անտաղանդ հանճարներին: Եվ բնավ ավելորդ են հոսանքին, ասել է թե՝ ստին հակառակ ուղղությամբ գնալու եւ արվեստին ծառայելու մի քանի «ախմախների» ջանքերը, քանի որ կա մի հեշտ ճանապարհ. կոյուղային մշակույթը, որը կուլ է տալիս նաեւ երբեմնի շնորհալի մարդկանց…

Հ. Գ. Ներողություն եմ խնդրում իրական կոյուղու բնակիչներից, հատկապես՝ առնետներից, որոնք հոգեւորի մասին չիմանալով՝ միայն մարմնական ժանտախտի տարածողներ են համարվում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031