Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ

Հունվար 09,2009 00:00

\"\"Այսպես կարելի է բնութագրել ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հարցաքննությունը «7»-ի գործով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը 2008-ի մարտի 19-ին բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանի միջնորդությունը եւ թույլատրել խուզարկություն կատարել Արա Սահակյանին «փաստացի պատկանող» (այս ոչ իրավական ձեւակերպումը մեջբերում է դատարանի որոշումից) բնակարաններում: Որպես հիմնավորում՝ որոշման մեջ նշված է, որ «քրեական գործի քննությամբ եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում» տվյալներ են ստացվել, թե մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանի շրջակայքում անկարգություններին «ակտիվ մասնակցություն» է ունեցել Արա Սահակյանը, եւ նրան «փաստացի պատկանող» այդ բնակարաններում «կարող են թաքցված լինել քրգործի համար ապացուցողական նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր ու այլ տեղեկատվություն»:

Ցանկացած մեկը, որը մարտի 1-ին ներկա էր Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ կարող է վկայել, որ Արա Սահակյանն այնտեղ չի եղել ընդհանրապես, ինչպես եւ ընդդիմության այդ շրջանի եւ որեւէ այլ հավաքի: Մարտի 20-ի հարցաքննության ընթացքում ԱԺ նախկին փոխնախագահը հայտնել էր, որ թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական համախոհն է, սակայն «համոթ ինձ՝ որեւէ քաղաքական ակցիայի (հանդիպում, հանրահավաք, երթ եւ այլն) չեմ մասնակցել»: Մարտի 1-ին էլ եղել է տանը: Այնպես որ՝ հակառակի մասին «գործի քննությամբ եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում» ստացված տվյալները եւս մի խիստ խոսուն վկայություն են, թե ինչ որակի է «7»-ի գործի նախաքննությունը: Ընդհանրապես, այս գործի՝ Արա Սահակյանին առնչվող դրվագը քննության քաղաքական բնույթի վերաբերյալ լավագույն ապացույցներից է:

Նախ ներկայացնենք, թե ինչ էր հայտնաբերվել մարտի 20-ին կատարված խուզարկությամբ: Ըստ արձանագրության՝ Արա Սահակյանի որդին քննիչներին էր կամովին ներկայացրել 3 տեսաերիզներ, որոնք առնչվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին: Պարզվել էր նաեւ, որ բնակարանում կան Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածներով 16 գրքույկներ: Այդ «սառը զենքերից» բացի՝ Արա Սահակյանը ներկայացրել էր երկփողանի որսորդական հրացան, որի թույլտվությունն ուներ: Նաեւ նախապես ներկայացրել էր այն գրությունը, որը Գրիգոր Ոսկերչյանին մարտի 1-ին ուղարկված SMS-ի շարադրանքն էր: Հարցաքննության ժամանակ քննիչն Արա Սահակյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է ինքը ներկայացրել այդ գրությունը: «Զվարճացնելու համար սպասվող խուզարկությունը կատարողներին,- ի պատասխան գրել է նա:- Իսկ եթե լուրջ, ապա գիտեի, որ քննիչներին կհետաքրքրեր նման կանխատեսում անող անձը, մանավանդ որ՝ Ոսկերչյանի բջջայինի մեջ տեքստը հեշտությամբ կարող էին տեսնել»: Իրոք տեսել էին, եւ այդ SMS-ի հետեւյալ արտահայտության՝ «Սպասվում է մի վերջին հարված», կապակցությամբ քննիչը հետաքրքրվել էր, թե ինչի մասին է խոսքը, ինչ նպատակ էր հետապնդելու այդ վերջին հարվածը: ԱԺ նախկին փոխնախագահը ի պատասխան գրել էր. «Հարվածները սկսվել էին այն պահից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007 թ. սեպտեմբերի 21-ին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին: Դա եղել է ՀՀ առաջին նախագահին բանսարկելու, վարկաբեկելու, հրապարակային գործունեությունը խոչընդոտելու, նրա կողմնակիցներին նախ տնտեսական, ապա քրեական շինծու մեղադրանքների հիման վրա հալածելու, անհավասար քարոզչությունը խրախուսելու, պետական ողջ մեքենան վարչախմբի թեկնածուի օգտին աշխատեցնելու, քվեարկության օրը կատարված բռնությունների եւ կեղծումների մեքենան գործի դնելու, հեռուստաքարոզչական իսկական տեռոր իրականացնելու, մարդկանց ահաբեկելու միջոցով: Նախավերջին հարվածը գիշերն Ազատության հրապարակում կազմակերպած ջարդն էր, վերջինը՝ Մաշտոցի, Լուսավորչի, Լեոյի եւ հարակից փողոցներում ու բակերում կատարվածը»:

Արա Սահակյանի ցուցմունքը թերեւս ամենաքաղաքականներից է այս գործում: Արտակարգ դրության պայմաններում, երբ իր ընկերները կամ բանտում էին, կամ թաքնված՝ այս հարցաքննության ընթացքում նա գրել էր. «Վարչախումբը, վախենալով ժողովրդական դժգոհության ալիքի ուժգնացումից, ծրագրեց եւ իրականացրեց խաղաղ ցուցարարներին անօրինական գործողությունների սադրելու ուղեգիծ: Այդ նպատակով հենց, պատրվակ բերելով զենքի առկայությունը Ազատության հրապարակում՝ խաղաղ ցուցարարներին ջարդեցին, դուրս քշեցին Երեւանի կենտրոնական մաս, տարբեր տեղերում ծեծելով, բռնություններ կիրառելով, ոստիկանություն բերման ենթարկելով փողոցներում հավաքվող մարդկանց, նրանց դրդելով պաշտպանության: Իմ անձնական կարծիքով, այլ կերպ անհնար էր իրավական, քաղաքական հունից դուրս բերել մարդկանց: Ծրագիրը վարչախմբին հաջողվեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեկուսացնելու ճանապարհով: Մարտի 1-ի անկարգությունների պատասխանատուն վարչախումբն է, սպանությունների, ծանր մարմնական վնասների համար նույնպես նա է պատասխանատու»:

Ուշագրավ է, թե ինչ հարցեր է ուղղել քննիչը մի գործչի, որի՝ անկարգությունների «ակտիվ մասնակից» լինելու վերաբերյալ իբր տվյալներ ունեին: «Որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ, Դուք անձամբ հաշտվե՞լ էիք վերջինիս կրած պարտության հետ, թե՞ ոչ»,- հարցին ի պատասխան ԱԺ նախկին փոխնախագահը մասնավորապես գրել է. «Ընտրությունների հայտարարված արդյունքները համարում եմ կեղծված, հռչակված նախագահին՝ իշխանության բռնազավթող, ուզուրպատոր: Հետեւաբար չեմ ընդունում ընտրությունների արդյունքները, քանի որ լեգիտիմության նման վակուում ունեցող նախագահը, նրա ձեւավորած գործադիր իշխանությունը լինելու է թույլ, չի վայելելու հասարակության վստահությունը, միջազգային ասպարեզում լինելու է խոցելի: Սա Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է, որի հետ հաշտվելը հավասարազոր է հանցակցության»: Քննիչն այս ամենից հետո հարցրել է. «Այդ դեպքում, Ձեր կարծիքով, ո՞րն է իրավիճակի լուծումը»: Եվ լրագրողական բնույթի այս հարցին ի պատասխան պրն Սահակյանը մասնավորապես գրել է. «Լուծումը պետք է փնտրել միմիայն քաղաքական հարթության մեջ: Տեսականորեն, կարող եմ ասել, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է զիջի իշխանության կամ հավակնությունների մի մասը, ամբողջը չկորցնելու համար»:

Այն խիստ սակավ հարցերից մեկը, որը կարելի էր համարել իբրեւ անկարգություններին Արա Սահակյանի «ակտիվ մասնակից» լինելու վարկածի ապացուցման փորձ՝ հետեւյալն է. քննիչը եզրահանգել է, թե Գրիգոր Ոսկերչյանին ուղարկված այդ SMS-ով «կոնկրետ հրահանգներ եք տվել կամ փորձել եք ուղղորդել նրան: Արդյոք դա չի՞ նշանակում, որ Դուք, թեկուզեւ խորհուրդներով, մասնակցություն եք ունեցել վերոհիշյալ զանգվածային միջոցառումների կազմակերպմանը»: Սակայն Արա Սահակյանը չի ցանկացել ընդունել անկարգություններին խորհուրդներով մասնակցելու վերաբերյալ այս նորահայտ իրավական մեղադրանքն անգամ: Եվ ի պատասխան գրել է, թե այդ SMS-ն իր ընկերոջն ուղղված անձնական նկատառումներ են՝ ստեղծված կացության վերաբերյալ. «Գրիգոր Ոսկերչյանն այն չի էլ կարդացել, իմաստավորել, գործողության մեջ դրել: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերին, ապա դրանց ողջ ողբերգականությունն այն է, որ դրանք, ինչպես Դուք եք բնորոշում, կազմակերպված զանգվածային միջոցառում չեն եղել: Եթե որեւէ մեկը եղել է դրա կազմակերպիչը, ապա դա Ռոբերտ Քոչարյանն է»:

Թերեւս միայն այն հանգամանքը, որ այդ պահին Քոչարյանի պաշտոնավարման ավարտին մնացել էին հաշված օրեր՝ դեր խաղաց, որ նման ցուցմունք տված մարդը դրանից հետո մնաց ազատության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031