Լրահոս
Օրվա լրահոսը

«Որբերիս համար գոնե մի դուռ բացվի»

Հունվար 28,2009 00:00

Տիկին Սոնայի անչափահաս երեխաները դպրոց են գնում ուրիշի հագուստով ու քաղցած

«Արդեն ձմեռ է, բայց երեխաս դեռ կոշիկների մեջ է, ի՞նչ անեմ, հնարավորություն չունեմ սապոգ գնելու, ստիպված 2 գուլպա է հագնում, որ շատ չմրսի, այսպիսի վատ պայմաններում չեմ կարողանում անչափահաս երեխա պահել, երեխաներս տանն էլ են մրսում: Անձրեւի ժամանակ տնով մեկ դույլեր ու թասեր ենք շարում, քիչ է մնում առաստաղը փլվի, այսպես ապրելն ուղղակի անհնար է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Սոնան:

Վանաձորի բնակիչ Սոնայի ընտանիքն ահ ու դողով է սպասում տեղումների սեզոնին: Տիկին Սոնայի պատմելով՝ ինքը տանիքի վերանորոգման հարցով բազմիցս դիմել է քաղաքային իշխանություններին, սակայն որեւէ մեկը նրա խնդրով չի զբաղվել. «Պատճառաբանում են, որ միջոցներ չունեն, բայց պարտադիր ամսական տան վարձ են պահանջում: Անձրեւի ժամանակ երեխաներիս տանում եմ հարեւանի կամ բարեկամի տուն: Մի կերպ ենք յոլա գնում, ինչպես կարող եմ իմ միջոցներով տանիք վերանորոգել: Ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ էլ կողքից օգնող. արդեն մի քանի տարի ամուսնուցս տեղեկություն չունեմ, անգամ փոքր աղջկան չի տեսել, հղի էի, որ լքեց- հեռացավ: Ամուսնուս ծնողների հետ ոչ մի հարաբերություն չունեմ, նույնիսկ չեն հիշում, որ թոռներ ունեն, որոնք ապրում են սոցիալական ծանր պայմաններում: Իմ միակ եկամուտը երեխաներիս նպաստն է, որն էլ ստանալուն պես պարտքերն եմ մարում. լինում է, որ խանութում պարտք եմ ունենում ու անգամ հաց չեն տալիս, ասում են՝ նախկին պարտքդ վճարի՝ նոր պարտք վերցրու»:

Տիկին Սոնայի պատմելով, դուստրն այս տարի դպրոց է հաճախել ուրիշի հագուստով ու պայուսակով՝ նորը գնելու հնարավորություն չեն ունեցել. «Լուսինեիս չասացի, որ հագուստներն ուրիշինն են, շատ ուրախ էր, որ դպրոց է գնալու ու հին հագուստը աչքին չէր երեւում, որդիս 5-րդ դասարանում է, բայց արդեն կարողանում է ինձ օգնել, հետս փայտ է հավաքում, որ տունը մի քիչ տաքացնենք: Այլ միջոցներով տունը չեմ կարող ջեռուցել, հնարավորություն չունեմ ամսական այդքան գումար վճարել: Եղել են օրեր, որ մեր ընտանիքը սոված գիշերներ է անցկացրել, բայց մուրացկանություն չենք արել»:

Սոնայի հարեւանուհու՝ տիկին Աստղիկի խոսքերով. «Խեղճ աղջիկը չգիտի երեխաների՞ն կերակրի, կոմունալ վարձե՞րը վճարի, թե՞ պարտքերը մարի, հարեւաններով ինչով կարողանում՝ օգնում ենք, ամուսնու եղած ժամանակ այս ընտանիքում միայն վեճեր ու հայհոյանքներ էին, բայց գոնե ամուսինը աշխատում էր, ու ընտանիքի դրությունը այդքան ծայրահեղ չէր: Սոնայի բախտը նրանով է բերել, որ լավ սովորող ու խելացի երեխաներ ունի, շատ ժամանակ երեխաները սոված են եղել, բայց այդ մասին ոչ ոք չի իմացել»: Տիկին Սոնայի ավագ որդի Կարենը դպրոցում գերազանց է սովորում եւ օրինակելի վարք ունի:

«Չնայած այդ ծանր պայմաններին, Կարենը միշտ դասի է հաճախում ու միշտ պատրաստ է լինում: Եղել են օրեր, որ նա գլխապտույտ է ունեցել: Անմիջապես հասկացել եմ, որ երեխան սոված է ու ինչ-որ ձեւով կերակրել եմ, որպես դասղեկ հաճախ եմ այցելում Կարենենց բնակարան ու զարմանում, թե Սոնան ինչպես է կարողանում այդ կիսախարխուլ բնակարանում 3 անչափահաս երեխա մեծացնել, շատ է եղել, որ դասարանի ծնողների նախաձեռնությամբ ընտանիքին ինչ-որ կերպ օգնել ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Կարենի դասղեկը:

«Այս ծանր պայմաններից դուրս գալու ելք չեմ կարողանում գտնել: Չեմ կարողանում երեխաներիս հարցերին պատասխանել, թե ինչո՞ւ է տունը ցուրտ, ինչո՞ւ ուրիշները լավ հագուստով են դպրոց հաճախում, իսկ իրենք՝ ուրիշի կարկատած շորերով: Չեմ ուզում երեխաներս մեծանան ու իրենց մանկությունից միայն այս վատ պայմանները հիշեն: Փոքր աղջիկս 3 տարեկան է, եթե անգամ ինչ-որ տեղ աշխատեմ՝ ո՞վ է երեխայիս խնամելու: Միայն տղաս է հորը հիշում ու ամեն Ամանորին հարցնում է՝ «Մամ, կարո՞ղ ա պապան Նոր տարվա գիշերը գա ու մեզ անակնկալ անի», ես էլ չեմ կարողանում ինչ-որ բան պատասխանել, հուսով եմ՝ մեր վիճակը գոնե մյուս տարի կբարելավվի ու այսքան փակ դռներից գոնե մի դուռ կբացվի որբերիս համար»,- ասաց տիկին Սոնան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել