Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզների տնօրեններից ազատվում է

Փետրվար 03,2009 00:00

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը աշխատանքից ազատում է այն պաշտոնյաներին, որոնք ընտրությունների ժամանակ իր թիկունքին չեն կանգնել:

Հունվարի 21-ին Կապանի թիվ 1, 4, 8, 13 մսուր-մանկապարտեզների տնօրենները հրավիրվել են Կապանի քաղաքապետարան եւ այնտեղ նրանց առաջարկվել է դիմում գրել աշխատանքից ազատվելու մասին: Երբ վերջիններս փորձել են պարզել պատճառը, նրանց տեղեկացրել են, որ քաղաքապետ Արթուր Աթայանի կարգադրությունն են անում: Մեր տեղեկությունների համաձայն, տնօրենները հրաժարվել են դիմումներ գրել եւ բազմաթիվ փորձեր են արել անձամբ քաղաքապետից ճշտելու, թե որն է զբաղեցրած պաշտոնից ազատելու պատճառը, սակայն գործավարուհին ամեն անգամ պատճառաբանել է, թե քաղաքապետը տեղում չէ կամ էլ զբաղված է եւ նրանց ընդունել չի կարող: «Հասկանալի է, որ իրեն չենք ընտրել, դրա համար էլ քաղաքական պայքար է սկսել մեր դեմ, բայց դեռեւս նախընտրական քարոզարշավում բազմիցս ասել է, որ ընտրվելուց հետո կադրային ջարդ չի անելու, աշխատելու է բոլորի հետ, ովքեր կընդունեն իր չափանիշներն ու պահանջները: Ինչ ասել է՝ արել ենք, ու հիմա մեզ համար անհասկանալի է քաղաքապետի նման պահվածքը»,- հայտարարել են կրճատված տնօրենները: Կապանցիների պնդմամբ, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սվետա Արզումանյանն ու քաղաքապետարանի կրթության բաժնի պատասխանատու Անուշ Սիմոնյանը, մտնելով վերոնշյալ նախակրթարանները, հայտարարել են, որ տնօրենները ազատված են զբաղեցրած պաշտոններից ու նրանց փոխարեն ժամանակավոր կաշխատեն մեթոդիստները:

Աշխատանքից ազատվելու պատճառները պարզելու համար «Առավոտը» զրուցեց մի քանի մանկապարտեզների գործազուրկ դարձած տնօրենների հետ: Թիվ 1 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Օֆելյա Միքայելյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ինքն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն. «Չեմ կարծում, որ այս պահին վերլուծություններ անելու կարիք կա»: Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք նրան աշխատանքից ազատել են քաղաքական դրդապատճառներով, Օ. Միքայելյանն ասաց. «Այդ առումով չեմ կարող ոչինչ ասել, դրա անհրաժեշտությունն էլ չեմ գտնում, իմաստ չունի»:

Մենք զանգեցինք նաեւ թիվ 4 մանկապարտեզի նախկին տնօրեն Նորա Գրիգորյանին, որն իր կրճատման վերաբերյալ չցանկացավ որեւէ բան ասել. «Զանգեք քաղաքապետարան՝ ձեր հարցերին կպատասխանեն: Չգիտեմ՝ ինչի համար եմ աշխատանքից կրճատվել կամ ազատվել, թող իրենք ասեն, ես չգիտեմ»: Մեր այն հարցին, թե աշխատանքից ազատվել եք սեփակա՞ն դիմումի համաձայն, թե՞ քաղաքապետի պարտադրմամբ, Ն. Գրիգորյանը պատասխանեց. «Դուք զանգեք քաղաքապետարան»:

«Առավոտի» հետ զրույցում Անուշ Սիմոնյանը հավաստիացրեց, որ տնօրեններն իրենց դիմումի հիման վրա են աշխատանքից ազատվել՝ տարբեր պատճառաբանություններով: Ըստ Ա. Սիմոնյանի, որոշ տնօրեններ պատճառաբանել են, որ ուզում են իրենց բնակավայրին մոտիկ մանկապարտեզում աշխատել:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են նրանք հունվարի 21-ին քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից պաշտոնապես հրավիրվել քաղաքապետարան, Ա. Սիմոնյանն ասաց, որ չի կարող մանրամասներ ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել