Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՉԳՐԵՑԻՆՔ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻՑ

Փետրվար 06,2009 00:00

\"\"Հայկական թեմաները հնարավորություն չեն ընձեռում անդրադառնալու համաեվրոպական այն խնդիրներին, որոնք քննարկվում են ԵԽԽՎ-ում:

Թերեւս կարելի է երազել մի ժամանակի մասին, երբ ԵԽԽՎ նստաշրջանը լուսաբանելու մեկնած հայ լրագրողները ստիպված չեն լինի կենտրոնանալ այն թեմաների վրա, թե հերթական անգամ ինչպես են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներն արտացոլվում այս կառույցում, այլ կլուսաբանեն ուղղակի ընդհանրապես ցանկացած ազգի պատկանողների համար նշանակություն ունեցող հիմնահարցերի քննարկումները: Կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդ կոչված յուրօրինակ ակումբն առավել հենց այդ նպատակն էլ ունեցել է: Բայց այսօր ստիպված է քննարկել ռուս-վրացական, հայ-ադրբեջանական կամ այլ վեճերը՝ այն դեպքում, երբ տարածքների համար մենամարտերը վաղո՜ւց փակված էջ են Եվրոպայում:

Այնուամենայնիվ, ուշացումով փորձենք շտկել մեր սխալը եւ համառոտ անդրադառնանք այն հարցերին, որոնք քննարկվել էին ԵԽԽՎ հունվարի 26-30-ի նստաշրջանում, եւ որոնց մենք չանդրադարձանք, քանի որ մեկ տարվա ընթացքում արդեն 3-րդ անգամն էր Հայաստանի հարցը քննարկվում Վեհաժողովում, եւ այս պայմաններում՝ սա դեռ ՀՀԿ խոսնակը բնութագրեց իբրեւ «Հայաստանի ժողովրդավարության տեսլականի հաղթանակ»:

Այս պարագայի՞ն էլ մենք մեղավոր դուրս եկանք

Հունվարի 26-ին՝ նստաշրջանի առաջին օրը, ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որով առաջարկեց իր անդամ պետություններին սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող մարդկանց հարցերը ներառել քաղաքական բոլոր գործընթացներում եւ դրա համար հատկացնել անհրաժեշտ դրամական միջոցներ: Վեհաժողովը նաեւ կոչ արեց արագացնել նման մարդկանց ինտեգրումը հասարակության մեջ եւ հարգել նրանց իրավունքները: ԵԽ անդամ երկրների կառավարություններին ԵԽԽՎ-ն առաջարկեց հաշմանդամներին տալ կրթության, աշխատանքի եւ վարձատրության հավասար իրավունքներ եւ դյուրացնել նրանց տեղաշարժը հասարակական վայրերով եւ փոխադրամիջոցներով:

Եվ նորից՝ այս քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւան ելույթում հայտարարեց, թե իր երկրում 400 հազար հաշմանդամներ կան, որոնց մեծը մասը «հայկական առաջնորդների կողմից վարվող էթնիկ զտումների քաղաքականության հետեւանք են»: Եվ սովորականի պես՝ դրանից հետո սկսեց խոսել Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի «օկուպացիայի» մասին եւ այլն:

Ճանապարհ՝ դեպի Հաագայի դատարան

Հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն անդրադարձավ մի շարք խնդիրների, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին Միջազգային քրեական դատարանին կամ այլ կերպ ասած՝ Հաագայի դատարանին: Վեհաժողովում ելույթ ունեցավ այդ դատարանի նախագահ Ֆիլիպ Կիրշը եւ հայտարարեց, թե բոլոր պետությունները պետք է վավերացնեն Հռոմի համաձայնագիրը, եւ դա հնարավորություն կտա վերջ դնել անպատժելիությանը միջազգային ծանր հանցագործությունների համար: Վեհաժողովն ընդունեց բանաձեւ, որում համահունչ դրույթներ կան, թե այդ համաձայնագրի համընդհանուր վավերացումը, ինչպես նաեւ՝ այդ համաձայնագրին չմիացած երկրների սերտ համագործակցությունը Հաագայի դատարանի հետ՝ «առանցքային նշանակություն ունեն անպատժելիության դեմ պայքարում»:

ԵԽԽՎ-ն այս բանաձեւով Եվրոպայի Խորհրդի անդամ 8 երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Չեխիային, Մոնակոյին, Մոլդովային, Ռուսաստանին, Թուրքիային եւ Ուկրաինային, որոնք դեռ չեն վավերացրել այս համաձայնագիրը՝ հորդորում է «առանց հետագա ձգձգումների» անել դա: Դավիթ Շահնազարյանի աչքը լույս:

Լավ դատավորներ ուղարկեք Ստրասբուրգ

Նույն օրը ընդունված մեկ այլ բանաձեւով՝ Վեհաժողովը պահանջեց բարելավել անդամ երկրներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի թեկնածուների ընտրությունը, որ Ստրասբուրգի դատարանը գործի ավելի արդյունավետ: Եվ մասնավորապես՝ ԵԽ անդամ երկրների կառավարություններին խնդրում են հանրային եւ բաց մրցույթներ անցկացնել թեկնածուներ ընտրելու համար: Նաեւ խնդրում են հաշվի առնել, որ թեկնածուն Եվրոպայի խորհրդի առնվազն մի պաշտոնական լեզվի պիտի ակտիվ տիրապետի եւ մեկին էլ՝ պասիվ:

Հարգեք արտահայտման ազատությունը

Նույն օրը ընդունվեց նաեւ մի հանձնարարական՝ աուդիովիզուալ լրատվամիջոցների կարգավորման վերաբերյալ, որում ԵԽԽՎ-ն մասնավորապես նշում է, թե «Եվրոպայում բոլոր լրատվամիջոցները պետք է հարգեն արտահայտման ազատության եւ տեղեկատվությունն առանց սահմանների տարածելու իրավունքները»:

Վիճելի հուշարձանների շուրջ

Հունվարի 29-ին ընդունվեց հետեւյալ բանաձեւը՝ «Վերաբերմունք այն հուշարձանների հանդեպ, որոնք պատմական տարբեր մեկնաբանությունների առարկա են Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում»: Վեհաժողովը կոչ արեց իր անդամ երկրներին հնարավորինս լայն քննարկումներ անցկացնել վիճելի հուշարձանների ճակատագրի շուրջ՝ ներառելով պատմաբաններին, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներին եւ քաղաքական առաջնորդներին: Վեհաժողովը հույս ունի, թե նման քննարկումները կնպաստեն պատմական վիճահարույց խնդիրների լուծմանը:

Դեռ երկար է մինչեւ ԵԽ մեր ճամփեն

Եվ այնուամենայնիվ, այս անգամ էլ մենք կենտրոնացանք քննարկված՝ գերազանցապես քաղաքական հնչեղություն ունեցող հարցերի վրա: Մինչդեռ այս նստաշրջանի օրակարգում էին նաեւ նման հարցեր՝ «Էլեկտրոնիկ ժողովրդավարություն», «Կնասպանություն», «Բնակչության միգրացիան եւ տեղաշարժը շրջակա միջավայրի փոփոխությունների պատճառով. 21-րդ դարի մարտահրավերը»: Թեեւ աղոտ կասկածներ ունենք, որ ԵԽԽՎ-ն ինքն էլ խիստ չէր կարեւորում այս հարցերը, այլապես դրանց քննարկումները չէր ծրագրի նստաշրջանի վերջին օրը, երբ պատգամավորների մի զգալի մասն արդեն հեռացել էր:

Հ. Գ. Երեկ Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը նշել է, թե ԱՊՀ երկրների պատվիրակությունները դեռեւս չեն սովորել միջազգային կառույցներում աշխատել ժամանակակից մեթոդներով. «Մենք մեզ «օտար» ենք զգում այդ կազմակերպություններում»: Ասվածը, ցավոք, այլ համատեքստում էր, թե իբր եվրոպացի գործընկերների պատկերացումները կեղծված են, եւ դրանք փոխելու համար անհրաժեշտ է համատեղ աշխատել միջազգային կառույցներում: «Հայաստանն ու Ռուսաստանը պարտվել են ԵԽԽՎ-ում քննարկվող հարցերի շուրջ տեղեկատվական պատերազմում»,- ասել է նա՝ նկատի ունենալով ռուս-վրացական պատերազմի ու հայաստանյան հետընտրական զարգացումների շուրջ Արեւմուտքում ձեւավորված ընկալումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել