Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակը՝ ճգնաժամային

Փետրվար 06,2009 00:00

Այսպես է գնահատել ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը ՀՀ ՄԻ պաշտպանը

ՀՀ խորհրդարանի ընթացող քառօրյայում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրինագիծը, որը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Հիշեցնենք, որ այդ օրինագծով առաջարկվող առանցքային փոփոխությունը վերաբերում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու եւ (կամ) դատավարության ընթացքին խոչընդոտելու պատճառաբանությամբ ամբաստանյալին դատարանի դահլիճից հեռացնելուն ու առանց նրա դատաքննությունը շարունակելուն: Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ այդ եւ դատական համակարգին վերաբերող այլ օրենսդրական նախաձեռնությունների առնչությամբ պաշտոնական նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարին եւ կարծիք հայտնել, թե դրանք լրամշակման կարիք ունեն: ՀՀ oմբուդսմենը նաեւ պատճառաբանել է, թե ինչու: Ըստ այդմ, «Համաձայն Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դ/ կետի (16 դեկտեմբերի 1966թ.)՝ յուրաքանչյուր ոք իրեն առաջադրված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ իրավունք ունի դատվի իր ներկայությամբ: Այս, ինչպես նաեւ վերջինիս հետ թղթակցող միջազգային եւ սահմանադրական այլ դրույթներից ելնելով է, որ օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածով պարտադիր է համարում ամբաստանյալի մասնակցությունն իր գործի քննության ընթացքում: Վերջինս հանդիսանում է ամբաստանյալի պաշտպանության իրավունքի իրականացման կարեւորագույն երաշխիքներից մեկը, մասնավորապես, ապացույցների ձեռք բերման, իրեն առաջադրված մեղադրանքի, ինչպես նաեւ դրա շրջանակներում դատարանի կողմից քննության ենթակա այլ հարցերի կապակցությամբ կարծիքի արտահայտման, միջնորդությունների հարուցման եւ դատարանի գործողությունների ու որոշումների բողոքարկման ապահովման տեսանկյունից: Մինչդեռ, խնդրո առարկա օրինագծերով նախատեսվում է ամբաստանյալի դատական քննությանը մասնակցելու իրավունքի սահմանափակման հնարավորությունն այն դեպքերում, երբ քրգործի քննության ժամանակ նրա նկատմամբ կիրառվել է սանկցիա՝ նիստերի դահլիճից հեռացնելը: Ընդ որում, այդ սահմանափակումն առաջարկվում է գերակա այնպիսի շահերն ապահովելու նպատակով, ինչպիսիք են՝ արդարադատության շահը, տուժողների եւ դատավարության այլ մասնակիցների, վկաների իրավունքների համակողմանի պաշտպանությունը, քաղաքացիների կողմից իրավահպատակ վարքագիծ դրսեւորելն ապահովելը:

Գտնում եմ, որ թեեւ հիշատակված շահերը գերակա են ամբաստանյալի մասնակցության իրավունքի նկատմամբ, այդուհանդերձ, դրանց ապահովման նպատակով ներմուծվող սահմանափակումը միայն այն դեպքում կդիտվի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, երբ. ա/ հանդիսանա իրավաչափ նպատակին ուղղված կամ դրա ապահովման համարժեք միջոց,

բ/ հիմնավորվի, որ առաջադրված նպատակը չի կարող իրագործվել այլ միջոցով, քան՝ իրավունքի սահմանափակումը»:

ՀՀ oմբուդսմենը նաեւ կարծիք է հայտնել, որ նախագծերով առաջարկվող սահմանափակումը չի համապատասխանում վերը նշված համաչափության եւ բացառիկության չափանիշներին:

Իսկ ահա «Ա1+»-ին տված հարցազրույցում Ա. Հարությունյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւին: «ՀՀ-ն գտնվում է ԵԽԽՎ մոնիտորինգի տակ, իսկ դա նշանակում է, որ բոլորս էլ պարտված ենք, որ ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը լավ չէ»,- հայտարարել է ՀՀ օմբուդսմենը, համարելով, որ թիվ 1643 բանաձեւը հաղթանակ համարելն առնվազն ճիշտ չէ: Նրա կարծիքով, թեեւ ՀՀ պատվիրակության նկատմամբ սանկցիա չի կիրառվել, այդուամենայնիվ, ՀՀ-ն խնդիրներ ունի, «որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանվածությունը բավարար մակարդակի վրա չէ»: Ա. Հարությունյանը միաժամանակ հայտարարել է, որ «ԵԽԽՎ-ն որեւէ առաջընթաց չի տեսել, ես էլ առաջընթաց չեմ տեսել: 1643 բանաձեւում հստակ գրված է, որ սանկցիա չեն կիրառել, որովհետեւ Հայաստանը որոշել է փոփոխություններ կատարել ՔՕ 225 եւ 300 հոդվածներում՝ նախորդ բանաձեւերի դրույթները լուծելու համար»:

Պաշտպանի տարեկան զեկույցը ներկայացվելու է մարտին, իսկ ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը նա մեկ բառով գնահատել է՝ «ճգնաժամային»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել