Լրահոս
Օրվա լրահոսը

Քննություններին ընդառաջ

Փետրվար 06,2009 00:00

Ռուսական կրթություն ունեցողների համար ռուսերեն թեստեր կգրվեն

«Ուսուցիչները չէին կարողանում իրենց տված գիտելիքները ցածր գնահատել, որի արդյունքում գիտելիք չունեցող երեխան քննության ժամանակ ստանում էր լավ կամ բավարար գնահատական, մենք այս ամենը փորձում ենք ուղղել ու տրված գիտելիքները ստուգում ենք թեստերով: Համակարգը նոր է ներդրվել եւ մենք նոր պետք է իմանանք՝ դա արդյունավե՞տ է, թե՝ ոչ: Այս տարի թեստերով ավարտական քննություններ են լինելու բոլոր առարկաներից: Բացի այդ, մենք գիտելիքների եւ թեստավորման կենտրոնին հանձնարարել էինք գիտելիքների ընթացիկ ստուգում անել: Մեկ անգամ դեկտեմբերին արվել է, մարտին եւս մեկ անգամ կլինի»,- երեկ Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը:

Նա անդրադարձավ նաեւ միասնական քննություններին եւ այս տարվա շրջանավարտներին խորհուրդ տվեց հնարավորինս արագ կողմնորոշվել, թե որ առարկաներից են ցանկանում քննություն հանձնել: Հիշեցնենք, որ հունվարի 31-ից սկսվել է շրջանավարտների հայտագրումը, որը կտեւի մինչեւ մարտի 15-ը, որից հետո կլինի հայտագրման երկրորդ փուլը. «Մարտի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում աշակերտները կարող են փոխել իրենց հայտը, այսինքն՝ ավելացնել քննական առարկաները կամ փոխել դրանք: Մենք այդ ցուցակը պետք է պատրաստ ունենանք ապրիլի 15-ին»:

Հանրապետությունում կան երեխաներ, որոնք դպրոցն ավարտել կամ ավարտելու են ՌԴ-ում, կամ հայկական դպրոցների ռուսական հոսքերում: ԿԳՆ-ն նրանց մասին էլ է մտածել, եւ նրանք կարող են միասնական քննությունների թեստերը հանձնել ռուսերեն: Միասնական քննություններն անցկացվելու են երկու փուլով. առաջին փուլը կանցկացվի հունիսին, երկրորդը՝ հուլիսին: Ռուսական կրթություն ունեցող աշակերտները չեն մասնակցի միասնական ավարտական քննությունների առաջին փուլին. «Նրանք կհրաժարվեն 1-ին փուլից եւ 2-րդ փուլում մենք հստակ կիմանանք՝ որքան երեխայի համար պետք է ռուսերեն լեզվով թեստ կազմվի եւ որտեղ կանցկացվեն նրանց քննությունները»: Երկրորդ փուլին կարող են մասնակցել այն շրջանավարտները, ովքեր հարգելի պատճառներով չեն մասնակցել առաջին փուլին, ինչպես նաեւ՝ բանակից զորացրվածները եւ տարբեր ծրագրերով արտասահմանում սովորող շրջանավարտները:

Փոխնախարարն ասաց, որ բուհերի ընդունելության հայտագրումն էլ այս տարի կլինի ավելի շուտ, քան անցած տարիներին. եթե անցած տարի դիմորդները բուհ ընդունվելու համար իրենց փաստաթղթերը կարող էին հանձնել մինչեւ հուլիսի 15-20-ը, ապա այս տարի այդ գործընթացը կավարտվի հուլիսի 1-5-ին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մինչեւ հիմա հատուկ դպրոցների համար նախատեսված դասագրքեր չկան, պարոն Եսայանը պատասխանեց. «Ոչ թե դասագիրք չկա, այլ ծրագիրը պետք է համապատասխանեցվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել