Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՏՆՎԱԾ ՕՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 06,2009 00:00

Դանդաղ, աննկատելի շարունակում էր բացվել տայգայի լուսաբացը, եւ համառորեն տարածվող ջրիկ լույսի մեջ մենք բոլորս գունատ էինք եւ անքնությունից ճմրթված, գունատ էին նույնիսկ խարույկի բոցերը: Ոչ մի մեքենա այդպես էլ դեռ չէր հայտնվել, եւ մենության, լքվածության զգացողությունը, ինչպես որ մարդը թերեւս կարող էր ունենալ տիեզերքում հայտնվելիս, մեզ մղում էր խմել երրորդ բաժակ կոնյակը: Այո,- ճակատը շփելով՝ իր կիսատ խոսքը շարունակեց Նիկոլայ Վասիլեւիչը,- եթե ապագայի տեսիլքդ հստակ չէ, կորցնում ես նաեւ անցյալդ, եւ եթե քո թվացյալ մոռացվող անցյալից եկող օրենքների ամպրոպը շարունակ չի ուղեկցում քեզ, որոնք քնած են հին գրքերի մեջ, ուրեմն դու երբեք էլ չես տեսնի լուսավոր հանգրվանի ճանապարհը եւ չես կարողանա ձեւակերպել անցյալդ: Նա բարձրացրեց բաժակը, եւ մենք երեքով նորից շրխկացրինք, բայց նրա բաժակը նորից չզրնգաց: Եվ Ռեզոն ու ես այս անգամ բոլորովին էլ չզարմացանք, որովհետեւ արդեն տեղյակ էինք, որ նա ապրում է մեզ զուգահեռ աշխարհում: Նիկոլայ Վասիլեւիչը խմեց իր բաժակը, եւ նրա աչքերում լուսավոր կայծեր հայտնվեցին, գուցե խարույկի բոցերի արտացոլանքն էր, չգիտեմ, բայց նրա հայացքը զարմանալիորեն կենդանացավ:

– Ես Ռուսաստանի ամենամենակ մարդն եմ, ես գիշերներով թափառում եմ մարդու կողմից դեռ չպղծված անտառներում եւ փնտրում եմ լուսնային հարսին, որը Աստծո նշանն է ու թաքուն ապրում է ինչ-որ ծառի տակ, ավելի շողշողուն է, քան ադամանդը եւ, չվախենալով կայծակների ձայնից, սարսափում է խոսքից կեղծավոր եւ անմիջապես գունաթափվում՝ հեռանալով մի այլ աշխարհ. չէ՞ որ զուգահեռ աշխարհները շատ են: Ծանր կոշիկներով եւ քրքրված ուսապարկով մեր տարաշխարհիկ զրուցակիցը, որն իրեն անվանել էր Նիկոլայ Գոգոլ, մեզ պարզեց իր՝ դեռեւս չխմած բաժակը եւ ասաց.- Լույսը բացվեց, իմ գնալու ժամն է, բայց գնալուց առաջ ուզում եմ մի բան ասել՝ ձեր եւ ձեր ժողովուրդների կյանքերում, ինչպես իմ ժողովրդի կյանքում, միշտ էլ կհայտնվեն պատեհապաշտ առաջնորդներ, որոնք լինելով ընդամենը նախասենյակներում, կխոսեն հյուրասենյակների ու ննջարանների մասին անգամ եւ կասեն, որ իրենք գիտեն բոլոր հարցերի պատասխանները, որ իրենք տեսել են ապագան, գտել են ճշմարտությունը… Խնդրում եմ, մի՛ հավատացեք:

Նա մի պահ լռեց, հետո, ձեռքերը խարույկի վրա տաքացնելով, շարունակեց.- Մի՛ հավատացեք պատեհապաշտներին, այլ հետեւե՛ք նրան, ով ոչ թե հայտարարում է, թե գտել է, այլ ով ազնվորեն ասում է, որ փնտրում է եւ ձեզ էլ հրավիրում է փնտրել իր հետ միասին, ինչպես որ ես հիմա գնում եմ փնտրելու լուսնային հարսը իմ Ռուսաստանի համար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել