Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԱՔՐՎԵՑ»

Փետրվար 07,2009 00:00

\"\"Արմեն Աղայանը կարծում է, որ առաջին նախագահը վաղուց լուծել է իր առջեւ դրած երեք խնդիրները

Նախագահական ընտրություններից մեկ տարի անց, «Առավոտի» խնդրանքով վերլուծելով ներքաղաքական իրողությունները եւ գնահատելով ընդդիմության կեցվածքը, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանն անդրադարձավ մասնավորաբար առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Տեր-Պետրոսյանն ուներ երեք հիմնական խնդիր. որպեսզի պատմության մեջ մնար որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ՝ նա պետք է արդարանար 1996թ. համար, երբ իրեն հակաժողովրդավարական գործողություններ թույլ տվեց: Որպեսզի ինքը պատմության մեջ մնար այնպիսի նախագահ, որի օրոք հայ ժողովուրդը դարեր անց տարածքներ էր ազատագրել՝ պիտի ազատվեր 1998-ին վաստակած «Ղարաբաղը ծախողի» պիտակից, եւ, վերջապես, որպեսզի իր շրջապատի տարբեր հանցագործությունների հետ իր կապը մոռացության տրվեր՝ իրեն պետք էր, որպեսզի գործող իշխանություններն ավելի հանցավոր դեմքով երեւային հանրությանը՝ հենց այսօր եւ ուղղակի ժողովրդի դեմ, գործած հանցագործությամբ: Նա երեք խնդիրներն էլ լուծեց: Վազգեն Մանուկյանի հետ վեճն ավարտվեց հենց քվեարկության օրը՝ «17:1» հաշվով, Ղարաբաղը ծախողի պիտակից նրան ազատեցին Վազգեն Սարգսյանի եղբայրը, երկրապահները եւ Ղարաբաղի ազատագրմանը մասնակցած այլ գործիչներ, որոնք հավաքվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը՝ նրան որպես գործիք օգտագործելու մոլորությամբ: Իսկ իշխանությունների ավելի հանցագործ լինելու խնդիրը լուծվեց հաջորդ օրերին, երբ հանրահավաքի մասնակիցները պարում էին եւ գազազեցնում էին իշխանություններին. նրանք էլ վաղ թե ուշ պիտի դրսեւորեին Տեր-Պետրոսյանին քաջ հայտնի իրենց էությունը: Բայց նախ փորձեցին խաղաղ ճանապարհով ցուցադրել իրենց «գերազանցությունը»՝ փետրվարի 26-ի հանրահավաքով, որը ես համարում եմ Սերժ Սարգսյանի կողմից թույլ տրված ճակատագրական սխալներից մեկը: Ապա՝ մնում էր իրենց հայտնի վերջին միջոցը` ժողովրդի վրա կրակելը, ինչը եւ արեցին: Դրանից հետո Տեր-Պետրոսյանը շարժումը աստիճանաբար մարեցնելու խնդիր ուներ, ինչը որ անում է աստիճանաբար»: Կարծում եք՝ շարժումը կմարի եւ կմեռնի՞, հարցի արձագանքը եղավ. «Ոչ թե կմեռնի, այլ կվերածվի ընդդիմության սովորական մի ձեւաչափի, որը հաջորդ խորհրդարանական ընտրություններում կփորձի զբաղեցնել ընդդիմությանը հատկացված 15-20% տեղերը»:

Մեր զրուցակիցն առանձնապես չի հետաքրքրվում «մարտի 1-ի» գործի շրջանակներում ընթացող դատավարություններով, քանի որ դրանք համարում է «խեղկատակություններ»: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին՝ «Նրանց մեջ կան շատ նորմալ մարդիկ, ովքեր այս ամբողջ պայքարին անշահախնդիր են մասնակցել: Կան մարդիկ էլ՝ ում աչքերը փայլում էին նորից իշխանության վերադառնալու կամ իշխանության մեջ ավելի բարձր դիրք ստանձնելու հույսից: Հիմա բոլորը հավասարեցված կարգավիճակում են. ամբաստանյալ են: Իրենց ընտրած ճանապարհն է, ստանում են այն, ինչին որ ձգտում էին: Կարծում եմ, որ սա նույնպես իշխանության կոպիտ սխալներից է, քանի որ քաղբանտարկյալների չլինելու դեպքում իշխանությունը ավելի շուտ ազատված կլիներ «արմատական» ընդդիմադիրներից: Հիմա իշխանությունն ընդդիմությանը հավելյալ հնարավորություն է տալիս՝ ակտիվություն պահպանելու համար»: Այնուհանդերձ, Արմեն Աղայանը կարծում է, որ մոտ ժամանակներս քաղբանտարկյալներն ազատության մեջ կհայտնվեն: Ավելին՝ «նույնիսկ իշխանությունների եւ ընդդիմության համագործակցության դրսեւորումներ կտեսնենք», քանի որ, ըստ նրա, հանրահավաքների ժամանակ Տեր-Պետրոսյանն ինքն է քանիցս առաջարկներ արել՝ «քանի որ մենք լուրջ քաղաքական ուժ ենք՝ չենք խանգարում, պայմաններ ենք ստեղծում»: Խոսքը, մասնավորաբար, ԼՂՀ հարցով պայմանավորված, հանրահավաքների դադարեցման մասին է: Իսկ ընդդիմադիր այլ լիդերների՝ մինչ օրս շարունակվող արմատական հայտարարությունները մեր զրուցակիցը պայմանավորում է տնտեսական ճգնաժամով ենթադրվող հետեւանքներով: Նա, իհարկե, չի բացառում, որ ճգնաժամը կազդի իշխանական բուրգի ներքին ամրությանը, սակայն փոքր է համարում դրա արդյունքում այդ բուրգի փլուզման հավանականությունը: «Առավել եւս, որ փլուզվում է նաեւ ընդդիմությունը, եւ մոտ ապագայում նորից ակտիվանալու առիթն էլ կարծես բացակայում է, հնարավոր է՝ քաղաքապետի ընտրությունները, բայց չեմ կարծում, որ դա կարող է վերաճել ընդհանուր իշխանափոխության»: Բացի այդ՝ «Ճգնաժամն, իրականում, հանրության քաղաքական ակտիվությունը պակասեցնող գործոն է, ոչ թե մեծացնող: Քաղաքական գործիչները դա պետք է որ իմանան»: Արմեն Աղայանի գնահատականներով՝ համաշխարհային եւ հատկապես ռուսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի ավելի խորը, սակայն ժամանակի մեջ՝ մի քիչ ձգված, այսինքն՝ առաջիկա ամիսներին խորը անկում չի լինի, փոխարենը մեր տնտեսությունը ավելի ուշ եւ ավելի դժվար դուրս կգա ճգնաժամից: «Ամեն դեպքում, դրա արդյունքում իշխանությունների հետ դժվար թե ինչ-որ բան պատահի, միգուցե հաջորդ խորհրդարանական ընտրությունների վրա այդ ճգնաժամն ավելի մեծ ազդեցություն ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել