Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ԷԼ ՖՈՏՈԳԵՆԻԿ ԵՄ»

Փետրվար 07,2009 00:00

\"\"Դատավորը լուսանկարվեց եւ նիստը հետաձգեց՝ հաշտեցնելու հույսով

Մինչ վարչական դատարանում կլսվեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հայցն՝ ընդդեմ Երեւանի Նոր Նորք համայնքի թաղապետ Դավիթ Պետրոսյանի, նախագահող դատավոր Աշոտ Սարգսյանը, տեսնելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ ընդառաջելով կազմակերպության շահերի ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանի՝ լրագրողներին լուսանկարելու միջնորդությանը, թույլ տվեց իրեն լուսանկարել: Դատավորը նախ փորձեց հասկանալ լուսանկարելու մեծ ցանկության իմաստը, սկսեց համոզել, որ ֆոնն այնքան էլ հետաքրքիր չէ, ինքն էլ «ֆոտոգենիկ չէ», բայց քանի որ լրագրողները «ստարտային» վիճակում սպասում էին լուսանկարելու, համաձայնեց եւ հերթով, կարգով, շարքով հրավիրեց իրեն լուսանկարելու: Առաջինն այդ պատվին արժանացավ «Առավոտի» լրագրողը: Դատավորը լուսանկարվելուց հետո խնդրեց ցույց տալ լուսանկարը: Տեսավ ու հավանեց՝ «Լավ էլ ֆոտոգենիկ եմ» ասելով: Մյուսների հետ էլ նույն «պրոցեդուրան» անելուց հետո անցավ բուն գործին: Դատարանը երեկ հետաձգեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հայցի քննությունը, որով կազմակերպությունը պահանջում էր Երեւանի Նոր Նորք համայնքի թաղապետ Դավիթ Պետրոսյանից՝ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը եւ նրան ենթարկել 50 հազար դրամ տուգանքի. թաղապետը նախկինում չէր կատարել օրենքի պահանջը եւ չէր տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը: Պատասխանող կողմը չէր ներկայացել դատարան՝ չնայած պատշաճ ծանուցված էր եղել նիստի օրվա եւ ժամի մասին: Դատավորը նաեւ հետաքրքրվեց հայցվոր կողմից, թե պատասխանողներն իրենց հետ հաշտվելու քայլ կատարե՞լ են, թե՞ ոչ, քանի որ նախորդ անգամ հենց այդ նպատակով էին հետաձգել դատական նիստը: Կարեն Մեջլումյանը պատասխանեց, որ որեւէ բանակցություն կողմերի միջեւ չի եղել: Դատավորը, այնուամենայնիվ, կրկին հետաձգեց դատական նիստը մինչեւ մարտի 6-ը, հույս հայտնելով, որ կողմերը մինչ այդ կհաշտվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել