Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՎԱՐԻ ՉԵՄ ՄՏԱԾՈՒՄ»

Փետրվար 17,2009 00:00

Անկեղծանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը

\"\"
Արմեն Հարությունյանը տիկնոջ՝ Սվետլանայի հետ:

Լող, դահուկներ եւ Էդիտ Պիաֆ՝ առանց հոգնելու

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասում է, որ դեռեւս ուսանող ժամանակվանից սիրում է լողով զբաղվել ու դժվարանում է ասել՝ դա հոբի՞ է, թե՞ կենսաձեւ. «Կարծում եմ՝ մարդ միշտ պետք է ֆիզկուլտուրայով զբաղվի, որովհետեւ դա մաքրում է հոգեպես եւ ֆիզիկապես»: Օմբուդսմենը սիրում է լինել բնության գրկում, հատկապես՝ Ջերմուկում. «Ծաղկաձորն արդեն չեմ սիրում, ասես Երեւանի կենտրոններից մեկը լինի. ամեն մեկը մի հողատարածք է ձեռք բերել, ցանկապատել ու առանձնացել մյուսներից: Ձմռանն եմ Ծաղկաձոր մեկնում՝ դահուկներով սահելու համար: Այ, Դիլիջանն եմ հավանում, ժամանակին այնտեղ իրավախորհրդատու եմ աշխատել»: Պարոն Հարությունյանը չի հիշում, թե վերջին գեղարվեստական գիրքը երբ է կարդացել, որովհետեւ գերծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս նման «ճոխություններով» զբաղվել, այս պահին փիլիսոփայական աշխատություններ է ընթերցում ու երաժշտություն լսում. «Հիմա փիլիսոփայություն եմ կարդում, իրավաբանը պետք է փիլիսոփայությանը տիրապետի՝ հատկապես քաղաքական տեսակետից: Սիրում եմ բլյուզ, ըստ տրամադրության՝ ջազ, էստրադա… Էդիտ Պիաֆին լսում եմ առանց հոգնելու, Ռեյ Չարլզին եմ սիրում, Սթիվի Ուանդերին, իտալացիներից՝ Չելենտանոն միշտ արդիական է ինձ համար: Ժամանակակից երգիչները՝ թե՛ մեր երկրում, թե՛ դրսում, մանրացել են, նախկինի մակարդակը չունեն, բայց ամբիցիաները շատ են»:

Մի քիչ կնամոլությունը չի խանգարում

«Յուրաքանչյուր տղամարդ պետք է մի քիչ կնամոլ լինի՝ լավ իմաստով: Կինը տղամարդու կյանքում պետք է կարեւոր դեր խաղա… Եթե որեւէ տղամարդու կյանքում կին չկա, ուրեմն նա մի ոտքով եւ մի ձեռքով է: Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է տղամարդը լիարժեք կյանքով ապրել՝ առանց կնոջ»,- ասում է մեր զրուցակիցը: Նաեւ շեշտում է, որ կանանց մեջ առաջին հերթին խելքն է գնահատում. «Նախ, խելոք կինը միշտ գեղեցիկ է թվում, եւ հետո՝ տգեղ կին չի լինում, պարզապես ամեն տղամարդ իրեն ներդաշնակ կնոջ պիտի հանդիպի: Կանայք գեղեցկացնում են կյանքը, առանց նրանց հետաքրքիր չէ: Հայերը միշտ հակված են արու զավակ ունենալու, մենք էլ ընտանիքում երկու տղա ենք եղել: Այժմ երբ դուստր ունեմ, պատկերացնում եմ, թե ինչ կարեւոր բանից եմ զրկված եղել, որ քույր չենք ունեցել»:

Իրավաբանն ու հոգեբանը՝ նույն հարկի տակ

Ա. Հարությունյանը հիշում է, որ առաջին անգամ սիրահարվել է 4-րդ դասարանում, երբ սովորում էր ռուսական թեքումով թիվ 77 դպրոցում. «Նա իմ դասարանցին էր՝ Յուլյան, ազգությամբ ռուս էր, թե ուկրաինուհի՝ հիմա լավ չեմ հիշում: Հետո նա մեկնեց, ու ամեն ինչ մոռացվեց»: Կնոջ՝ Սվետլանայի հետ հանդիպել է այն ժամանակ, երբ ինքը Մոսկվայում ասպիրանտուրայում էր սովորում ու պարբերաբար գալիս- գնում էր Հայաստան. «Այդ տարիներին կնոջս ընտանիքը տեղափոխվել էր մեր շենք, այդպես ենք ծանոթացել ու ամուսնացել»: Պարոն Հարությունյանը խոստովանում է, որ տնային գործերում կնոջն օգնելու տեսակետից մի քիչ ծույլ ամուսին է, երեխաների ծնողական ժողովներին էլ մեկ-երկու անգամ է գնացել: Այժմ որդին՝ Ալեքսանդրը, Ֆրանսիական համալսարանի ուսանող է, իսկ դուստրը՝ Աիդան, դեռ դպրոցական: Իսկ ինչի՞ վրա է «շեշտը դնում» զավակներին դաստիարակելիս: «Դաստիարակությունը չեմ տեսնում նրա մեջ, ինչպես ավանդական հայկական ընտանիքներում է, որ նստում, բացատրում, կյանք են սովորեցնում: Զավակներիդ դաստիարակությունը նախեւառաջ քո առօրյա վարքագիծն է: Ես ու կինս հնարավորություն ենք տալիս, որ մեր զավակներն ինքնուրույն մտածեն ու որոշումներ կայացնեն: Դաստիարակությունն այն չէ, որ երեխային միշտ ապահովագրես սխալներից»,- նշում է Ա. Հարությունյանը: Պարզվում է՝ նա խանդոտ չէ, եւ իրեն էլ չեն խանդում. «Ուրախ եմ, որ տիպիկ հայի բնավորություն չունեմ եւ շատ հարցերի վերաբերյալ հայավարի չեմ մտածում: Երեւի նրանից է, որ կրթությունս է ռուսական եղել, հետագայում էլ Ռուսաստանում, Անգլիայում ու Ֆրանսիայում եմ սովորել: Ցավոք, մեր ժողովրդի մեջ բարդույթներ կան, ու մարդիկ այդ բարդույթներն ու թուլությունը փորձում են կոմպենսացնել արտաքին գռեհիկ վարքագծով: Շատերն անգամ հասարակության մեջ ուզում են ցույց տալ, թե իբր իրենց խոսքն օրենք է կնոջ համար, իրականում նման ընտանիքներում ամեն ինչ արվում է հենց կնոջ ուզածով: Խանդի մասին էլ ասեմ, որ այն թուլություն է, նախ եւ առաջ ինքդ քեզ չվստահելու խնդիր եւ վիրավորանք այն կնոջ հանդեպ, որի հետ ապրում ես»: Նկատի ունենալով Ա. Հարությունյանի կնոջ մասնագիտությունը, հետաքրքրվեցինք՝ դժվար չէ՞ հոգեբանի հետ նույն հարկի տակ ապրելը, չէ՞ որ նա կարող է կանխատեսել իր յուրաքանչյուր քայլը: Օմբուդսմենը պատասխանեց. «Իրավաբանի հետ էլ է բարդ ապրել: Իրավաբանը չի կարող լավ մասնագետ լինել, եթե մի քիչ հոգեբան չլինի: Ամեն դեպքում, մենք հաշտ ու խաղաղ ենք, եւ մեր գիտելիքները ոչ թե հակադրում ենք իրար, այլ ծառայեցնում ընդհանուր նպատակի»:

Ոչ թե կազինո, այլ՝ Փարաջանովի թանգարան եւ «Մալխասնոց»

Ա. Հարությունյանը նախընտրում է լինել ոչ մարդաշատ վայրերում, ասում է՝ դա օգնում է, որ ինքդ քեզ հետ անկեղծանաս: Կազինոյում ու ստրիպ ակումբում երբեք չի եղել: Դեռ ուսանող տարիներից այցելում է Կամերային թատրոն: Իր համար հաճելի է լինել «Մալխաս» ջազ-ակումբում, Փարաջանովի տուն-թանգարանում. «Մալխաս» ջազ-ակումբ այցելում եմ հատկապես այն ժամերին, երբ նա է նվագում: Այդ երաժշտության մեջ փիլիսոփայություն կա: Փարաջանովի տուն-թանգարանն էլ իմ ամենասիրած վայրերից է: Փարաջանովը հզորագույն անհատ էր, ազատության ջատագով, շատ ուրախ եմ, որ կարողացել եմ մասնակցություն ունենալ նրա վերջին կալեյդոսկոպի տպագրմանը, որովհետեւ դա էլ էր օմբուդսմենին հարիր գործ: Կարծում եմ՝ առաջին օմբուդսմենը ԽՍՀՄ-ի ժամանակ Փարաջանովն է եղել: Նրան զուր չեն անվանել ներքին ազատության մաեստրո եւ ամենաանազատ երկրի ամենաազատ մարդը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել